Պարոն Քոչարյան, բարի եղեք պատասխանել

Պարոն Քոչարյան, բարի եղեք պատասխանել

Ոչ լրիվ երկու օրում 135 զոհ և այդ թիվը վերջնական չէ: Իշխանությունները մինչ այս պահը որևէ զոհված զինծառայողի անուն ազգանուն չեն հրապարակում՝ դա պատճառաբանելով հարյուր և միգոցե ավելի անհետ կորածների հանգամանքով: Երբ այս ամենի մասին լրագրողները հարցեր են ուղղում ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավորներին, վերջիններս դեմքերի լուրջ արտահայտությամբ սկսում են համոզել, որ դա այդպես էլ պետք է լինի, և իշխանությունները համապատասխան թվերը կհրապարակեն միանգամից, երբ վերջնականապես նույնականացվեն նաև անհետ կորածներն ու պարզվի նրանց ողջ կամ զոհված լինելու հանգամանքը:

Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, թե ինչն է խանգարում ՀՀ իշխանություններին հրապարակել արդեն իսկ հայտնի զոհերի անունները (135 զոհ. Նիկոլ Փաշինյան): Արդյոք մարդկայի՞ն է, երբ զինվորի ծնողները լուր չունեն իրենց որդուց, իսկ պետությունը չի հրապարակում իրեն հայտնի զոհերի անունները: Էլ չեմ խոսում այն մասին, որ ծնողները, չսպասելով ՊՆ համապատասխան ծանուցումներով սկսել են այլ ճանապարհներով տեղեկություններ որոնել իրենց որդիների գտնվելու տեղի, առողջության, զոհված կամ անհետ կորած լինելու մասին: Արդյոք մարդկայի՞ն է, երբ վարչապետը հայտարարում է, թե զոհվածների թիվը վերջնական չէ, որովհետև ունենք վիրավորներ (ենթադրվում է՝ մահամերձ), իսկ ծնողները վստահ չեն՝ զոհվել է իրենց որդին, թե՞ տակավին «զոհվում» է որևէ հոսպիտալում:

Քոչարյան Անդոն այն պաշտոնյան է, որ պարտավոր է անգիր իմանալ ռազմական գործողությունների առաջին րոպեից մինչը դրանց դադարեցման վերջին րոպեն տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևած գործընթացների մասին: Ի մասնավորի, նա պարտավոր է զեկույց պահանջել ՊՆ-ից և հստակ գաղափար ունենա բոլոր տեսակի կորուստների մասին՝ մարդկային, տեխնիկայի, շենք-շինությունների, ամրությունների, դիրքերի և այլն: Քոչարյան Անդոն պարտավոր է նաև տիրապետել որոշակի լեքսիկոնի և գիտակցի, որ զոհհերի կամ անհետ կորածների մասին խոսելիս չի կարելի օգտագործել քանակ բառը, առավել ևս՝ «X քանակի» արտահայտությունը: Պարոն Քոչարյան, ժամանակն է հասկանալու, որ X քանակի ՔՊ-շնիկներով դուք ձեր տեղում ու պաշտոններում չեք և ուղղակի իրավունք չունեք մեկնաբանելու այնպիսի բաներ, որոնք պահանջում են մարդկային վերաբերմունք առ հասարակությունը:

Անձամբ ներկա չեմ եղել ԱԺ-ում Քոչարյան Անդոյի և էլի մի գիտունիկի բրիֆինգին և չեմ կարողացել նրանց իմ հարցերն ուղղել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի և դրա հետևանքների մասին: Ստիպված եմ բավարարվել սույն հոդվածով և խնդրում եմ սա համարել հրապարակային գրավոր հարցում: Եվ այսպես՝

1. Ինչո՞ւ չեք հրապարակում այն բաձրաստիճան զինվորականների քանակն ու անունները, որոնց վստահված զինվորական ստորաբաժանումները 2 օրից էլ պակաս ժամանակահատվածում տվել են 135 զոհ (այս թիվը վերջնական չէ) և X թվով անհետ կորածներ:

2. Ինչո՞ւ չեք հրապարակում այն մարդու անունը, որ այս խայտառակության թիվ մեկ պատասխանատուն է կամ մեղավորը: Եթե դա մեկ մարդ չէ, ապա ինչու չեք հրապարակում դրանց քանակը:

3. Պարոն Քոչարյան Անդո, դուք պատկերացում ունե՞ք, թե ինչ քանակի բարձրաստիճան զինվորական և քաղաքական դեմքեր պետք է դատվեն 2օրում սարսափելի մեծ թվով մարդկային ինչպես նաև զգալի տարածքային կորուստների համար:

4. Արդյո՞ք սեպտեմբերի 13-14-ի զոհերը պետք է համարվեն պատերազմի զոհեր, եթե փաստ է որ պատերազմ ու ռազմական դրություն չի հայտարարվել, և արդյո՞ք այդ զոհերի ընտանիքները պետք է ստանան նույնքան փոխհատուցում, որքան 44-օրյա պատերազմում անմահացած մեր տղաների ընտանիքները:

Սպասում եմ Քոչարյան Անդոյի հանձնաժողովի նույնքան հրապարակային պատասխանին… Միայն թե առանց ֆռիկների: