Նիկոլի համար մարդն արժեք չէ

Նիկոլի համար մարդն արժեք չէ

Երկար ժամանակ համացանցը, լրատվական միջոցները հեղեղված էին այն անձնազոհ զինվորի արարքով, ում հերոսացնելով՝ բոլորը ոգեւորված պնդում էին, թե ճիշտ է վարվել, որ գերի չի հանձնվել` ավելի գերադասել է զոհվել, քան գերեվարվել։ Սա անչափ ցավալի փաստ է թե՛ երկրի համար, թե՛ այս հիվանդ հասարակության։

Իսրայել պետությունը հատուկ օրենք է արձակել, որ գերության ժամանակ զինվորին թույլատրված է ցանկացած գաղտնի տեղեկություն տալ թշնամուն, սակայն փրկվել։ Պետությունն ամեն ինչ անում է մարդու կյանքը փրկելու համար՝ սկսած փրկագնի վճարումից։ Ահա թե ինչպես են նորմալ երկրներում ամեն գնով պահպանում զինվորի կյանքը։ Զինվորը հրեաների համար ամենաթանկ, գնահատված անձն է։

Դրան հակառակ՝ հայ հասարակությունը մեր երիտասարդ զինվորներին ոգեւորված մղում է գնդակահարվել, բայց չհանձնվել: Հազար ափսոս մեր լավ երիտասարդներին։
Երկիրս երկիր չէ, հասարակությունն էլ՝ ազգ։ Վերից վար թերություն է ու սխալ։ Սարսափելի օրեր ենք ապրում, պարզ է մի բան, որ ամեն ինչ Նիկոլի պլանավորածով է գնում: Նա ներքին գոհունակությունը չի էլ թաքցնում, նրան ոչ մի օգնություն պետք չէ: Հիմա էլ Սյունիքն է վտանգված։

Թեեւ դեռ կարելի է փրկել իրավիճակը: Պետք է փորձել ստանալ մեր բարյացակամ, հզոր հարավային հարեւանի՝ Իրանի աջակցությունը, որն ուղիղ տեքստով խոսում է զենք, զորք Հայաստան մտցնելու, Հայաստանի սահմանները պաշտպանելու մասին, բնականաբար` խոսում է նաեւ իր շահերից։ Հայաստանը տրանզիտ երկիր է իր համար՝ դեպի Վրաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ։ Բացի դրանից, մեր երկիրն ազատ եվրոպական երկիր է, հազարավոր իրանցիներ այցելում են այստեղ ժամանցի եւ հանգստի։ Մեր ժողովուրդն էլ սիրով ու հարգանքով է վերաբերվում արժանապատիվ իրանցիներին։ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի դիմում օգնության խնդրանքով, երբ դա հենց իրենք են առաջարկում։

Չի դիմում, որովհետեւ պլանների մեջ չկա Հայաստանի վերջնական կործանման կանխումը, որովհետեւ ոչ մի ցավ չի ապրում մեր զոհված երիտասարդների համար՝ իր համար մեկն էլ է մեկ, հինգ հազարն էլ է մեկ, 49-ը կլինի, թե 109, նորից մեկ է։ Սա չարիք էր, պատուհաս էր մեր ազգին։ Չարիք է նաեւ այն զանգվածը, ով պաշտում է սրան։

Ի՞նչ անենք, ի՞նչ բառերով նկարագրենք այս մարդու արածը, ինչպե՞ս համոզենք, որ հեռանա: Այլեւս այս երկրում օդ չի թողել շնչելու, ապականել-թունավորել է ամեն ինչ: Հայրենիքը գնահատող ու սիրող ազնիվ հայ մարդիկ խելագարի նման պատեպատ են խփվում։

Հայաստանի վիճակով անհանգիստ ղեկավարն այս օրերին կդիմեր այլ պետությունների` օգնության նպատակով, օրինակ՝ Չինաստանին: Թեկուզ պարտքով զենք կխնդրեր, աջակցություն կուզեր, Չինաստանն էլ է լավ տրամադրված Հայաստանի հանդեպ, բայց Նիկոլն այդ հարաբերություններն էլ փչացրեց։

Եթե վարչապետի աթոռին նստած անձը դավաճան չէ, ինչո՞ւ չի դիմում մեր բարեկամ Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին, այն երկրներին, որոնց հետ համընկնում են Հայաստանի շահերը, որոնց համար Մեծ Թուրանի գաղափարը վտանգ է։ Եվրոպան այսօր այլեւս գործոն չէ, Ամերիկան հեռու է եւ իր պլաններն ունի, որոնք մեր շահերին չեն համընկնում: Գուցե ձգտում է հակահայկական պլանները բարեհաջող ավարտին հասցնել։

Երկու խոսք Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Ալեքսանյանին.

Հարգելիս, Հիսուսի արձանի ժամանակը չէ, դարերով կառուցել ենք վանքեր ու արձաններ` կա՛մ թուրքն է վերացրել, կա՛մ երկրաշարժերից են ավերակների վերածվել։ Կոչ եմ անում՝ այդ գումարներով երկու անօդաչու սարք առնել սահմանի համար, մեր երեխաների պաշտպանության համար, նույնը խնդրում եմ Սամվել Ալեքսանյանից՝ երկուսն էլ դու գնիր: Դուք՝ երկուսդ էլ ունեք մեծ գեղեցիկ ընտանիքներ, հանուն նրանց խաղաղ ապագայի՝ արեք դա։ Բոլոր բանկի կառավարիչները պետք է մասնակցեն այս ակցիային։ Փակեք Հայաստանի օդը՝ փրկեք երկիրը կործանումից, բավական է մեր ջահել զինվորների արյունը ծորա, այլեւս դիմանալու չէ, մասնակցեք հայրենիքի փրկությանը։ Ո՞ւմ են պետք ձեր միլիոնները, եթե պետք է ապրեք թուրքի արհամարհանքի ու վտանգի ներքո։

Արեք եւ պատմության մեջ կմնաք որպես ազգի փրկիչներ։ Խնդրում եմ ձեզ, մենք էլ կսկսենք մասսայական դրամահավաք՝ զենք գնելու նպատակով: Փրկեք մեր երկիրը, մենք շատ հարուստ հայեր ունենք աշխարհում՝ բոլորն էլ կմասնակցեն մեր երկրի փրկությանը: Հուսով եմ՝ մեր նախկին նախագահները եւս կմասնակցեն, եւ ամեն մեկն իր հնարավոր մասնակցությունը կբերի մեր երկրի ու մեր սերունդների փրկությանը։

Վարդան Գեւորգյան