Սենյակդ կարգի բեր և հետո նոր քննադատի աշխարհը

Սենյակդ կարգի բեր և հետո նոր քննադատի աշխարհը

Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Ջորդան Պիտերսոնը ասում է․ «Սենյակդ կարգի բեր և հետո նոր քննադատի աշխարհը»։ Էս ձևակերպումը միտս ընկավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի և պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի մամուլի ասուլիսը նայելուց հետո։
Ես հասկանում եմ, երբ Վահրամ Թոքմաջյանն է քննադատում պատմություն առարկայի չափորոշիչները։ Կոպիտ ձևակերպմամբ՝ պարոն Թոքմաջյանն ունի այդ իրավունքը, քանի որ ուսուցիչ է և իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։
Իսկ Մելքոնյանի և Մովսիսյանի ակտիվությունն ընդհակառակը՝ ոչ միայն հասկանալի չէ, այլ նաև զարմանալի է։ Մի՞թե նրանք չեն հիշում հենց իրենց չափորոշիչներն ու դրա հիման վրա կազմած դասագրքերը։
Միգուցե նրանք գոհ են իրենց կատարած աշխատանքից և չեն էլ ուզում նկատել, որ պատմության դասավանդման իրենց մեթոդաբանությունը տարիներ շարունակ դեգրադացրել է պատմագիտության էությունն ու դրա հանրային ընկալումը։ Չեն ուզում խոստովանել, որ այդ դասագրքերը տևական ժամանակ նպաստել են, որ աշակերտները զզվեն Հայոց պատմություն առարկայից։ Ավելի շուտ չափազանց դժվար է, դա պատմություն կոչելը, քանի որ երեխաները պատմության փոխարեն հաշվապահություն են սովորել։
5 տարի առաջ մի աշակերտ ունեի, որին պատրաստում էի ընդունելության քննություններին։ Իհարկե աղջիկն ի վերջո ընդունվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, բայց դրանից հետո ես ինքնս ինձ խոսք տվեցի, որ այլևս երբեք դիմորդ չեմ պահելու։ Ես պատմաբան չեմ դարձել, որ թվեր անգիր սովորեմ ու նույնը պարտադրեմ աշակերտին, ես հաշվապահ չեմ։
Իսկ դասագրքերի գիտականության և գիտական մեթոդաբանության խոցելիության մասին բազմիցս ենք խոսել՝ առաջին հերթին թիրախավորելով հենց այն գլուխները, որոնք գրել է Արտակ Մովսիսյանը։
Իհարկե խնդիրները շատ են և ֆեյսբուքն ամենահարմար տեղը չէ դրանք ամենայն խորությամբ քննարկելու համար։ Ամեն ինչ հերթով և կարգով։