Ռուսաստանն այլեւս չի՞ երաշխավորում

Ռուսաստանն այլեւս չի՞ երաշխավորում

Հակառակորդի քարոզչամեքենան Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանային մարտերը համեմատում է…1990թ. Բաքու խորհրդային զորքեր մտցնելու հետ: Մի դեպքում ԽՍՀՄ-ն էր «արյան մեջ խեղդել ադրբեջանական ժողովրդի պայքարն անկախության համար»: Իսկ «Թովուզի բարձունքներին տիրանալու փորձը նպատակ ուներ վերահսկողության տակ առնել Ադրբեջանի մեգա-ծրագրերը եւ վասալական կախվածություն պարտադրել»: Ադրբեջանցիները սեփական ռազմական ձախողումները միշտ են բարդել Ռուսաստանի կողմից Հայաստանին «ցուցաբերված աջակցության»վրա: Այդպես հյուսվել է 366-րդ գնդի առասպելը, որ, իբր, «ռուսներն են գրավել եւ հայերին նվիրել Շուշին»: Իրականում ռուսական աջակցություն 1992թ. ամռան-աշնան շրջանում հենց Ադրբեջանն է ունեցել: Սա արդեն իրական փաստ է, որ խոստովանել է նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը. «Ես ռուսներին տարել-հասցրել եմ մինչեւ Չլդրան»: Բայց ինչու՞ սահմանային սրացումից երեք շաբաթ անց ալիեւյան քարոզչամեքենան հարձակման է անցել Ռուսաստանի եւ ռուսների դեմ: Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքը թուրք-ադրբեջանական տանդեմին չի բավարարում: ՌԴ արտգործնախարարությունը բավական թափանցիկ հասկացրել է, որ Մոսկվան ԼՂ կարգավորման սեպարատ նախաձեռնություն չի ցուցաբերի: Ամեն ինչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, կոնսենսուսի սկզբունքով: Իսկ դա  սուբստանտիվ բանակցություններ  երազող Ադրբեջանի համար աղետ է, դիվանագիտաան ֆիասկո: Որովհետեւ միջնորդներն առաջադրում են հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանման եւ մոնիտորինգի ընդլայնման ու վերահսկողության մեխանիզմների ներդրման առաջնահերթություն՝ որպես առարկայական բանակցությունների համար անհրաժեշտ նախապայմաններ: Անկախ այն բանից, թե որքանով է կարգավորման հայեցակարգն ընդունելի հայկական կողմի համար, բանակցություններում առանցքային է ԼՂ կարգավիճակի խնդիրը: Գնալով ռազմական սրացման եւ ներգրավելով Թուրքիային, թուրք-ադրբեջանական տենդեմն, ըստ երեւույթին, հույս է ունեցել, որ Ռուսաստանը կգայթակղվի եւ սեպարատ գործընթաց կնախաձեռնի, որտեղ Հայաստանին կպարտադրվի 1921թ. ստատուս-քվոն: Երեւում է, Մոսկվան այլեւս այդ ստատուս-քվոյի երաշխավորություն չի վերցնում: Առնվազն՝ այս փուլում: Ի՞նչ քննարկումներ են ծավալվում պաշտոնական դիվանագիտության «կողասրահներում»՝ հնարավոր է ենթադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդի՝ «Ամերիկայի ձայնին» հարցազրույցի այն մասից, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մնում է մեկ տարբերակ՝ փաստացի իրավիճակի սառեցում, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարում ՄԱԿ-ի հովանու ներքո: Մինչեւ կողմերը խաղաղ պայմաններում վիճելի հարցեր կարգավորելու քաղաքական կամք կունենան: Համանախագահ երկրները քննարկու՞մ են նման կամ դրան մոտ ինչ-որ տարբերակ: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն ասում է, որ Բաքուն պետք է մերժի ԼՂ միջանկյալ կամ անցումային կարգավիճակի մասին ցանկացած առաջարկություն: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով նման գաղափարի մասին իրազեկվել է: Եւ չափազանց դժգոհ է, որ Ռուսաստանն այդ ընթացքը չի կասեցրել: Դրա համար էլ անցել է Մոսկվային ահաբեկելու քարոզչության: Ո՞րն է լինելու Կրեմլի պատասխանը: