Այդ որոշումը կայացրել է ՍԴ-ն, որի 9 անդամից 5-ը ոչ լեգիտիմ են

Այդ որոշումը կայացրել է ՍԴ-ն, որի 9 անդամից 5-ը ոչ լեգիտիմ են

Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մերժել 4 քաղաքական ուժերի՝ «Պատիմ ունեմ» և «Հայաստան» դաշինքների և «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով դիմումները և ԿԸՀ-ի որոշումը ուժի մեջ թողնել։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը արդեն հայտնել է, որ ՍԴ-ի որոշման վերաբերյալ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, սահմանադրագետ Էդգար Ղազարյանին հարցրինք, թե մինչ այս եղե՞լ է պրակտիկա, որ ՍԴ-ի որոշումը բողոքարկվի ՄԻԵԴ-ում և ի՞նչ ընթացակարգով է ՄԻԵԴ-ը քննելու այդ դիմումը, կարո՞ղ է այն տարիներով ձգձգվել, թե՞ արագացված կարգով պիտի քննի․

«Ինչքան որ ես գիտեմ, նման պրակտիկա գոյություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և դրանք բողոքարկման ենթակա չեն, և ինձ համար, անկեղծ ասած, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ՄԻԵԴ-ի դիմումն առհասարակ կընդունվի՞ վարույթ, թե՞ ոչ, կամ ընդունվելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, բայց վստահ եմ, որ ՍԴ-ի որոշումը կմնա անփոփոխ։ Առհասարակ ՄԻԵԴ դիմում են այն հարցերով, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս կամ այն դրույթի խախտմանը։ Այս պարագայում, քանի որ չկա նախադեպ, ինձ համար որոշակի չէ, թե կոնկրետ ինչ իրավունքների խախտման պատճառաբանությամբ պետք է դիմումը ներկայացվի։ Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ դիմող կողմը իր մտադրությունները փորձի իրավաբանորեն հիմնավորել, քանի որ պրակտիկայում չունենք նման դեպք, ես չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենա, կամ ընթացք կունենա՞, թե՞ ոչ»,- պատասխանեց Ղազարյանը։ 

Նրան հարցրինք, թե ի՞նչ դիտարկումներ ունի ՍԴ-ի որոշման վերաբերյալ, ինչպե՞ս է դրան վերաբերվում․

«Ես քիչ առաջ հիշատակեցի, որ ՍԴ-ի որոշումները բողոքարկման ենթակա չեն, և քանի որ հնարավոր չէ այն բողոքարկել, ապա հնարավոր է միայն պատկերացում կազմել դրա վերաբերյալ, վերաբերմունք ձևավորել դրա վերաբերյալ։ Ես նախապես էլ էի ասել, որ կանխատեսելի էր նման որոշումը դատարանի այս կազմից։ Այդ որոշումը կայացրել է Սահմանադրական դատարանը, որի 9 անդամներից 5-ը ոչ լեգիտիմ են և գտնվում են այս իշխանությունների անմիջական վերահսկողության ներքո, 4-ը կամ նշանակված է դրանց կողմից, իսկ Արման Դիլանյանը, որը զավթել է ՍԴ նախագահի պաշտոնը, իր այդ խոցելի կարգավիճակով է նաև ենթակա իշխանություններին։ Երկորդը՝ որպեսզի դատարանի որոշումը վստահություն առաջացնի, ապա դրա համար շատ կարևոր է, թե ի՞նչ ընթացակարգով դատարանը ընդունեց այդ որոշումը։

Օրենքը պահանջում է, որ ընտրական վեճերի քննարկումը լինի միայն բանավոր ընթացակարգով, այսինքն՝ որպեսզի տեսանելի լինի ողջ հանրությանը, բայց Արման Դիլանյանը խախտեց այդ հրապարակային, բանավոր ընթացակարգի սկզբունքը, և բազմաթիվ հարցերի քննարկումը՝ ընդ որում միջնորդությունների քննարկումը, որոնք ներկայացնում էին թե՛ դիմող կողմերի ներկայացուցիչները, թե՛ դատավոր Հրայր Թովմասյանը, քննության էին դրվում և դրանց վերաբերյալ որոշումներ էին կայացվում ոչ թե դատարանի նիստերի դահլիճում, այլ նիստերի դահլիճից դուրս, անհասկանալի մի ձևաչափով, որը նա անվանում էր «խորհրդակցություն»՝  ձևաչափ, որը գոյություն չունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, ավելին՝ այդ օրենքով արգելված է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը արգելում է, որ մեկ դատավոր իր կարծիքը այս կամ այն ձևով պարտադրի, գերազդի այլ դատավորի կարծիքի վրա, յուրաքանչյուր դատավոր պետք է հանդես գա ինքնուրույն, որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, և եթե խախտվում են այդ կարևորագույն սկզբունքները և դրա հետևանքով կայացվում են որոշումներ, որոնցով մերժվում են բոլոր ներկայացված միջնորդությունները, ապա արդեն իսկ դատարանը իր վարքագծով հուշում է իր կողմնակալ կեցվածքի և վերաբերմունքի մասին։

Նույնը վերաբերում էր նաև դատական նիստից առաջ կայացված աշխատակարգային որոշումներին, որոնցով որոշվել էր որպես հարակից պատասխանող պետք է ներգրավեն դատախազությանը, ոստիկանությանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձանաժողովին՝ պետական մարմիններ, որոնք կա՛մ ուղղիղ գտնվում են վարչապետի ենթակայության տակ, նկատի ունեմ ոստիկանությանը, կա՛մ պրակտիկան ցույց է տվել, որ նրա հետ փոխգործակցում են, ինչպես դատախազությունը կամ ՀՌՀ-ը։ Դրա հետ միասին նրանք որպես 3-րդ անձ էին ներգրավել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ չտալով որևէ մեկնաբանություն կամ բացատրություն, թե ինչո՞ւ են նրանք իշխանական կուսակցության ներկայացուցիչներին դարձրել դատավարության լիարժեք մասնակից՝ այդ հնարավորությունից զրկելով ընտրությանը մասնակցած մյուս 21 քաղաքական ուժերին, որոնք չեն դիմել ՍԴ, բայց որոշումը իրենց վրա կարող է այս կամ այն չափով անդրադառնալ ։ Այսինքն՝ այս և այլ իրադարձությունների, դատապրոցեսի համակցությունը արդեն հուշում էր, թե ուր է տանում ՍԴ-ն, և, ցավոք սրտի, մեր կանախտեսումներն իրականացան»,- պատասխանեց Ղազարյանը, ապա համեմատականներ անցկացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիրքորոշումների միջև 2012-17 թվականներին, երբ նա բողոքարկում էր ընտրությունների արդյունքները, և հիմա, երբ նա ՍԴ դատավոր է․

«Հայաստանի պատմության մեջ դեռևս չի եղել դեպք, որ ՍԴ-ն փոփոխի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ դիմումների հիման վրա։ Այսինքն՝ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ բողոքարկվել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, այդ թվում և խորհրդարանական ընտրությունները՝ 2012 և 2017 թվականների, բայց չի եղել դեպք, որ դատարանը երբևէ փոփոխի ԿԸՀ որոշումը, և հետաքրքիրն այն է, որ 2012 և 2017 թվականներին դիմող կողմի ներկայացուցիչը դատարանում եղել է Վահե Գրիգորյանը, որը հիմա ՍԴ-ում նստած փաստացի ղեկավարում է դատարանը և քաղաքական իշխանությունների կամքը ինքը՝ փոխանցում դատարանին, որպես դիմող կողմի ներկայացուցիչ՝ իր ներկայացրած դիմումների հիմնական փաստարկը, որով պահանջում էր չեղարկել ընտրությունների արդյունքները, հիմնական փաստարկը նախ և առաջ եղել է վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված հանգամանքները։ Վահե Գրիգորյանի կարծիքով՝ 2012 և 2017 թվականներին ընտրությունները պետք է չեղարկվեին միայն վարչական ռեսուրսի չարաշահման համար, մինչդեռ այժմ ակնհայտ է, որ վարչական ռեսուրսի կիրառման աննախադեպ մեծ ծավալ է եղել և առնվազն պակաս չի եղել, քան 2012-17 թվականներին, և նույն այդ Վահե Գրիգորյանի փաստացի ղեկավարությամբ այս դատարանը ուժի մեջ է թողնում ԿԸՀ-ի որոշումը»։ 

Էդգար Ղազարյանին հարցրինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում ընդդիմության փաստարկները դատարանում, արդյո՞ք ընդդիմությունը բավարար փաստեր ներկայացրեց․

«Ես կարծում եմ, որ դիմող կողմի ներկայացուցիչները՝ բոլոր 4 քաղաքական ուժերը ջանքեր էին գործադրել, որպեսզի դատարանին ներկայացնեն ամբողջական ընտրախախտումները՝ սկսած ամենապարզ, ընտրության օրվա հետ կապված ընտրախախտումներից, մինչև գլոբալ ընտրախախտումներ։ Իհարկե, լավ են արել, որ ներկայացրել են, որպեսզի ամբողջական պատկեր ստացվի, բայց ես էլ եմ այն կարծիքին, որ, ենթադրենք, առանձին փոքր դրվագները , որ միայն քվեարկության օրն է տեղի ունեցել և չէին կարող ազդել ամբողջ երկրի քվեարկության արդյունքների վրա, դրանց վրա չարժեր որևէ ձևով կենտրոնանալ, որովհետև ՍԴ-ում պետք է քննարկվեն միայն այն ընտրախախտումները, որոնք ամբողջ երկրի ընտրության արդյունքների վրա կանդրադառնային։

Օրինակ՝ եթե որևէ ընտրական տեղամասում մի քանի ժամ 1 կուսակցության քվեաթերթիկներ բացակայել են, եթե դա եղած էլ լինի, ես չեմ կարծում, որ դա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ամբողջ երկրում ընտրությունների արդյունքները չեղարկվեն, կամ եթե մի քանի տեղամասում հոսանքազրկումներ են եղել ձայների հաշվարկի ժամանակ, մարդիկ միացրել են իրենց բջջային հեռախոսի լույսերը, տարածքը լուսավորվել է, և հետագայում որևէ դիմում- բողոք չի եղել, որ այդ ընթացքում ընտրախախտումներ են եղել, ապա դա չի կարող հիմք դառնալ ամբողջ երկրի ընտրությունների արդյունքները չեղարկելու համար, բայց, օրինակ, այն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո փաստացի ապօրինի կերպով մնացել է այդ պաշտոնին, և իր կարգավիճակը ապօրինի կերպով գործածվել է,  որպեսզի արդյունքի հասնի, և դա եղել է, ապա դա ուղղղակի փաստ է։ Այն, որ ոստիկանությունը ՍԴ-ում խոստովանեց, որ իրենք ամբողջ նախընտրական շրջանում պարբերաբար և ողջ Հանրապետությունում, իրենց տերմիններով՝ ստուգողական, բացատրական, պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացրել շտաբերում, դա վարչական ռեսուրսի և ոստիկանական ուժի ցուցադրության դասական դրսևորում է, որը կրել է համատարած բնույթ և ազդել է ընտրողների տրամադրության, շատբերի աշխատանքների, հետևաբար նաև վերջնական արդյունքի վրա։

Այն, որ բոլոր մարզպետները եղել են ՔՊ՝ պատգամավորի թեկնածուներ և իրենց լիազորությունները ի չարս են օգտագործել, այն, որ ահամասար պայմաններ չի ստեղծվել բոլոր թեկնածուների համար․․․, ոստիկանությունը, օրինակ, խոստովանեց, որ ոստիկանության բոլոր հաղորդագրությունները նախընտրական շրջանում, որոնք առնչվել են Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված հարաբերություններին, այնտեղ նա պաշտոնապես հիշատակված է ոչ թե որպես պատգամավորի թեկնածու, այլ որպես վարչապետի պաշտոնակատար։ Այսինքն՝ ոստիկանությունը որպես պետական մարմին, ծառայություններ է մատուցել ոչ թե պատգամավորի թեկնածուին, ինչը պիտի աներ բոլորին նույն ձևով, այլ կոնկրետ մարդուն՝ նրան համարելով վարչապետի պաշտոնակատար։ Դատախազության հաղորդումից պարզվեց,  որ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են նախընտրական շրջանում՝ ընտրախախտումների հետ կապված, բոլորով որպես վկա, մեղադրյալ, կասկածյալ կամ այլ դատավարական կարգավիճակով ներգրավված են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները։ Այսինքն՝ 0 դեպք է արձանագրված, որ ՔՊ-ի պատգամավորի թեկնածուները, վստահված անձինք, շտաբերի ղեկավարները, ակտիվիստները, համախոհները որևէ ընտրախախտում արած լինեն։

Այսինքն՝ տեսականորեն ստացվում է, որ ամենաօրինավոր մարդիկ միայն իշխանության ներկայացուցիչներն են, ապօրինություններ արել են միայն ընդդիմության ներկայացուցիչները։ Սա նույնպես ապացուցում է, որ իրավապահ մարմինները թիրախավորել են ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց և նրանց նկատմամբ իրականացրել են վարչական ներգործություն, ինչը չէր կարող չազդել այդ թիմերի աշխատանքների և ընտրողների կարծիքի ձևավորման վրա։ Նման բազմաթիվ այլ դեպքեր կան, որոնք իսկապես ընտրությունների վրա ազդել են այն որակով, որ տվել են սկզբունքորեն այլ արդյունքներ, քան իրական հասարակական տրամադրություններն են։ Դրա համար ես վստահ եմ, որ այս «ընտրություն» կոչվածը իրականում եղել է իշխանության բռնազավթում, որի համար գործադրվել է ամբողջ պետական ռեսուրսը՝ այդ թվում իրավապահ համակարգը»։