Նորօրյա Բենդեր. Հայերն այլեւս փող չեն աշխատելու եւ փող չեն վճարելու ոչնչի համար, նրանք դա ստանալու են ԵՄ-ից

Նորօրյա Բենդեր. Հայերն այլեւս փող չեն աշխատելու եւ փող չեն վճարելու ոչնչի համար, նրանք դա ստանալու են ԵՄ-ից

Իլֆ և Պետրովի անմահ ստեղծագործության՝ «12 աթոռ» վեպում հանդիպում են հետևյալ տողերը. «Васюкинцы денег платить не будут. Они будут их по-лу-чать!»

Սա Բենդերի պնդումն է, ի պատասխան Վասյուկի գյուղի բնակիչների զար­մանքի, թե ինչպես կարող են Վասյուկիում շախմատի միջազգային մրցաշար կազ­մա­կերպել, չէ որ դրա համար փող է անհրաժեշտ: Ինչին ի պատասխան, գրոս­մայստեր Բենդերը պատասխանում է. «Միանգամայն իրական է. իմ անձնական կա­պերը և ձեր ինքնագործունեությունը, ահա և բոլոր անհրաժեշտն ու բավարարը՝ Մի­ջազգային վասյուկինյան մրցաշարի կազմակերպման համար»:

«Հավաստի աղբյուրից» տեղեկանում ենք, որ Հայաստանն այլևս մի­ջանցք­ների չի վերածվելու, այլ դառնալու է «ԵՄ «պաշտպանական գիծ»: Типа - «Ли́ния Маннерге́йма»՝  Ֆիննական ծոցի և Լադոգա լճի միջև պաշտպանական կառույցների համալիր (ստեղծված 1920-30 թթ.), որը նախատեսված էր զսպելու ԽՍՀՄ կողմից հնարավոր հարձակո­ղական հարվածը:
Խոսքը վերաբերում է ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի դարակազմիկ հայտարարությանը. «Այն, որ Եվրամիությունը Հայաստանի համար նախատեսում է 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթ՝ դրամաշնորհ, վարկային և այլ մեխանիզմներ, խոսում է այն մասին, որ ԵՄ «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով»: Ենթադրաբար, «ԵՄ «պաշտպանական գիծ» ֆորտիֆիկացիոն համալիրը նախատեսված է պաշտպանելու Թուրքիային և Ադրբեջանին՝ Ռուսաստանի հնարավոր հարձակողական հարվածներից:

Բայց, կարծես, Շառլ Միշելը, Բենդերի նման մանրամասն չնկարագրեց Հայաստանի փայլուն ապագան, գուցե, Ալիևին «չխրտնեցնելու» համար: Հավա­նաբար, նա հաջորդ անգամ կվերծանի Արման Բաբաջանյանի նշած «պաշտ­պանական գիծն» այսպես. «Չէ որ «պաշտ­պանական գիծը» ստեղծելու նպատակով Եվրոպայի, ու ոչ միայն, այլև աշխարհի հզոր երկրների ղեկավարները, գործարար աշխարհի կարկառուն դեմքերը ժամանելու են Հայաստան: Հարյուր հազարավոր մարդիկ, հարուստ, ապահովված մարդիկ կձգտեն Հայաստան»:

1. Հայաստանի գետալճային տրանսպորտն այդ քանակի մարդկանց չի կարող փոխադրել:  Հետևաբար, կկառուցվի Բրյուսել-Երևան արագընթաց երկաթու­ղային մայրուղին և նավահամգիստ Սևան լճում՝ օվկիանոսային նավերի համար: 

2. Կկառուցվեն հյուրանոցներ և երկնաքերեր՝ հյուրերին տեղավորելու համար: 

3. Գյուղատնտեսության վերելք՝ 500 կմ շառավղով՝ հյուրերին բանջարեղեն, միրգ, խավիար (արհեստական լճերում թառափից ստացվող), շոկոլադ մա­տա­կարարելու համար:

 4. Կկառուցվի ԵՄ կառավարության պալատ-շենքը՝ «պաշտ­պանական գծի» կառուցման նկատմամբ շուրջօրյա վերահսկողություն իրականացնելու հա­մար:
 

5. Երևանի ամբողջ տարածքում կկառուցվի ստորգետնյա կայանատեղի՝ հյուրերին սպասարկող ավտոտրանսպորտի համար:

6. Տիեզերք կարծակվեն կապի արհեստական արբանյակներ՝ «պաշտ­պանական գծի» կառուցման սենսացիոն արդյունքներն աշխարհին հայտնելու համար:

7. Այժմ, Բրյուսել-Երևան երկաթուղու մասին: Անտարակույս, այդպիսին չի կա­րող օժտված լինել այնպիսի թողունակությամբ, որպեսզի Հայաստան հասցնի բոլոր ցանկացողներին: Այստեղից, առաջանում է «Մեծ Հայաստան» օդա­նավատիեզերակայանի կառուցման անհրաժեշտություն. Տիեզերանա­վերի և օդանավերի կանոնավոր թռիչքներ աշխարհի և արեգակնային հա­մակարգի բոլոր անկյուններ, ներառյալ՝ Լոս Անջելես, Գլենդել ու Սոչի, մեկ էլ Մելբուռն:
Նկատի ունենալով ԵՄ չինովնիկների զբոսաշրջագայությունների ծավալների աննախադեպ աճը, ինչպես նաև եվրոպական հարկատուների բողոքի բարձրացող ալիքը, ԵՄ կառավարությունը կտեղափոխվի Երևան, որն կհռչակվի ԵՄ-ի մայրա­քաղաք:

Հ.Գ. «Հարևանս հոգիս հանեց, այ Բաբաջանյան ու Շիրինյան» հոդվածում գրել էի. «…ամեն առավոտ, մինչև ընտրությունների օրը, իմ հարևան Նորոն հոգիս հանում էր. «Բաբաջանյանը լավն ա, չէ՞»: Ընտրություններից հետո էլ Նորոն հան­գիստ չէր տալիս ինձ. «Ինչի մի գործ չես ճարում Բաբաջանյանի համար, ախր լավ տղա ա»: Մի օր համբերությունս հատեց. «Նորո, ասացի, ես քո հարևանն եմ: Ամեն օր հանդիպում ենք, մեկ-մեկ էլ սիգարեթ ու գարեջուր եմ հյուրասիրում: Այդ ինչպես եղավ, որ պատգամավոր Բաբաջանյանին մի օր չդիմեցիր, որ քո հարազատ, գործազուրկ հարևանին մի գործի տեղավորի: Գիտես, թե Բաբաջանյանը հիմա ինչ մեծ գործի է. լծվել է «ԵՄ «պաշտպանական գծի» կառուցման գործին՝ 2.6 միլիարդ դոլարի»: Դրանից հետո էլ չենք հանդիպում:

Գագիկ Վարդանյան