Իշխանություն եւ ժողովուրդ

Իշխանություն եւ ժողովուրդ

Անցած դարի 90-ականներին սանձազերծված չարի ու բարու կռիվը Բիբլիական Արարատի փեշին ծվարած մեր երկրում դեռ շարունակվում է: Խոսքը ոխերիմ հարեւանների հայատյացության ու Ադրբեջանի կողմից զինադադարի անդադար խախտումների մասին չէ, այլ հայաստանաբնակներիս շրջանում ծավալված իշխանության ու ժողովրդի միջեւ արդեն երեք տասնամյակ ընթացող «ճակատամարտի» մասին է:

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իշխանության եկողները խոստանում են ազատություն, իրավահավասարություն, բարեկեցություն եւ այլ եվրատիեզերական գաղափարներով համեմված երջանիկ կյանք: Իշխանություն տվողներն էլ հավատում են, որ նորերը միանշանակ հներից լավն են լինելու: Յուրաքանչյուր հաջորդ իշխանությունից ժողովրդի ակնկալիքներն ավելի մեծ են լինում, եւ, որպես կանոն, ամեն հաջորդ իշխանություն նախորդից վատն է լինում: Եվ սկսվում է ժողովրդի ու իշխանության ավանդական կռիվը` բարեկեցության համար մղվող պատերազմը: Ժողովրդի «ծառաները» հարստանում են եւ մոռանում, որ կոչված են ծառայելու, որ պետական պաշտոնները նախեւառաջ պարտականություն ու պատասխանատվություն են, այլ ոչ թե արտոնություն, որ պետական պաշտոնյայի իրավասությունները տրվում են պարտականություններ կատարելու համար: Իսկ տերերը` ժողովուրդը, ում ծառայելուն կոչված են պետական պաշտոնյաները, հերթական անգամ համոզվում է, որ խաբված է: Եվ նորից գլուխ է բարձրացնում հանրային դժգոհությունը, սկսվում են միտինգները` հանրությունը վերստին պատերազմ է հայտարարում իշխանությանը: 

Ժողովրդի «ծոցից» ի հայտ են գալիս նոր «փրկիչներ», ավելի ճոխ խոստումներ տալիս, «հները» տապալվում են, «նորերը»՝ սկսում կայանալ: Երկրում «զինադադար» է հայտարարվում, սակայն «կրակոցները» չեն դադարում: Նորերը սկսում են «էքսպրոպրիացիան», հները ընդդիմանում են, իսկ ժողովուրդը «էյֆորիայի» մեջ վերածվում է ծափահարող ամբոխի: 
Այսպես եղել է, այսպես էլ կլինի, քանի դեռ համայն մարդկությունը ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու եւ պետական կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու կարգ չի հայտնագործել ու կյանքի կոչել:

Գագիկ ԱԹԱԲԵԿՅԱՆ 
«Մաշտոց» հանդեսի խմբագրապետ