Ծովահենների նավապետ Փաշինյանը նորից նավը հանում է բաց ծով

Ծովահենների նավապետ Փաշինյանը նորից նավը հանում է բաց ծով

Պարզվում է՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն դեռ մեսիա է համարում եւ որոշել է ներդրում ունենալ իր վաղեմի աշակերտին՝ Նիկոլ Փաշինյանին, իշխանությունից հեռացնելու խրթին գործում։ Փաստորեն, սեւ տան խորհրդավոր բնակիչն իրոք լուրջ վտանգներ է տեսնում վարչապետի պաշտոնավարումը երկարաձգվելու մեջ, այլապես ի՞նչ իմաստ ուներ միանալ Նիկոլի ընդդիմախոսներին՝ նախկին կոռումպացված չինովնիկներին, հղփացած մեծահարուստներին, պաշտոնաթող եւ ժողովրդի վստահությունը չվայելող բարձրաստիճան զինվորականներին ու ոստիկաններին, ցնդած ազգայնականներին եւ էլի մի շարք այլ անընդունելի համարվող կերպարներին։ Իհարկե, ՀԱԿ-ը փորձում է տպավորություն ստեղծել, թե սեփական օրակարգով է հանդես գալիս, սակայն, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, հասկանալի է, որ կամա թե ակամա առաջին նախագահի թիմը միանում է վերը նշված կոլեկտիվին։

Կարելի էր ուշադրություն չդարձնել այդ հանգամանքի վրա՝ հաշվի առնելով ՀԱԿ-ի վարկանիշը, սակայն այս ամենի մեջ կարծես մեծ էքզիստենցիալ բաղադրիչ է նշմարվում՝ ուսուցիչ-աշակերտ հավերժական հակադրության բեմականացմամբ։ Առհասարակ, մեծ խորհուրդ կա այդ հակադրության մեջ, հատկապես որ այդ հակասությունները երբեմն վերածվում են իսկական թշնամանքի, ինչի մասին համաշխարհային պատմության եւ գրականության մեջ բազմաթիվ օրինակներ կան։ Օրինակ, հանճարեղ Վիկտոր Հյուգոն մի իսկական դրամատիկ տեսարան է նկարագրել, որտեղ հեղափոխական Սիմուրդենը՝ նախկին քահանան, մահապատժի դատապարտեց իր սիրելի աշակերտին՝ քաջարի Գովենին, եւ մահապատժի դաժան տեսարանից հետո ինքն էլ ինքնասպան եղավ։ 

Մեզ մոտ հազիվ թե կրքերն այդքան թեժանան։ Ինձ համար առանձնապես հասկանալի էլ չեն առաջին նախագահի նկատառումները։ Որպեսզի շատ չծանրանանք Լեւոն Տեր-Պետրոսյանի բարդ եւ հակասական կերպարի վրա, պարզապես ֆիքսենք, որ իր եւ իր թիմի հետեւողական դիրքորոշումն իրականում ոչ մի կապ չունի իրականության հետ, եւ այն ոչ թե հետեւողական է, այլ ֆրագմենտալ ներկայացված, հետեւաբար, նրանց քաղաքական  հակառակորդները լրիվ իրավունք ունեն իրենք իրենց բնութագրելիս օգտագործել «ռենեգատ» բազմաբովանդակ տերմինը։ Ամեն դեպքում, այժմ ուսուցիչը մարտահրավեր է նետում իր քաղաքական աշակերտին, եւ լեգենդար  առաջնորդը կարծես թե լրջորեն սրտնեղած է ոչ միայն վարչապետի ոչ կոմպետենտությունից, այլ նաեւ ինչ-որ գաղափարական պահանջներ է ներկայացնում նրան՝ հրապարակավ օգտագործելով «ազգակործան» տերմինը։ Բայց «ազգակործան» արտահայտությունը Փաշինյանի պարագայում բացարձակ սնանկ է, քանի որ նա ոչ միայն ազգայնական գործիչ չէ, այլեւ դասական առումով անգամ քաղաքական գործիչ չի կարող համարվել։

Նիկոլը  պարզապես ազատամիտ ծովահեն է, ում հաջողվել է բավականին համեստ ուժերով այս նավը գրավել եւ իրեն նավապետ հռչակել։ Այժմ եռագույն առագաստներով նավը սահում է ազատ ջրերում, իսկ տախտակամածին կանգնած՝ անկանոն հրամաններ է արձակում ծովահենների քաջ եւ խորամանկ նավապետը՝ ռոմի կիսադատարկ շիշը ձեռքին, իսկ ծովահեններն արհամարհում են անգամ նավաստիների չգրված օրենքները։ Այդպիսին են ծովահենները՝ նրանք միշտ կարող են անտեսել ցանկացած ավանդույթ, ցանկացած գրված կամ չգրված օրենք եւ նրանք այդ իրավունքը ոչ թե ստացել, այլ՝ նվաճել են։ Նիկոլից հրաժարական պահանջելը միայն ծիծաղ կարող է առաջացնել, քանի որ նա իրեն նավապետ է հռչակել ոչ թե փորձառուի կամ արհեստավարժի իրավունքով, այլ նավը զավթողի՝ ծովահենների համար սրբազան ուժի իրավունքով։ Իհարկե, Նիկոլը լավագույն նավապետը չէ եւ անգամ հմուտ հրամանատարն էլ չէ, հետեւաբար, նրա վարած նավը հաճախ փոթորիկների մեջ է ընկնում եւ այսբերգների հանդիպում։

Մարտերում էլ անհաջողություններն անպակաս են այդ նավից, բայց ծովահենների պարագայում այդ ամենը մեծ նշանակություն չունի, քանի որ այստեղ այլ կողմնացույցով են կողմնորոշվում։ Ռոմից հարբած նավապետը կարող է երբեմն անարդար լինել եւ առանց դատ ու դատաստանի անգամ իր նավի անձնակազմից որեւէ մեկին ծովը նետել, կարող է պատժել՝ առանց լուրջ  պատճառի, կամ պարգեւատրել՝ առանց մեծ սխրանքի, ծովահեններն ազատ են իրենց գործողությունների մեջ եւ հաշվետու չեն ոչ մեկի առջեւ, իսկ վտանգների պակաս նրանք երբեք չեն զգում ցանկացած պարագայում։

Երբեմն Նիկոլին մեղադրում են, որ նա իդեալներ կամ սկզբունքներ չունի։ Ակամայից ուզում ես բղավել՝ այ անմիտներ, մի՞թե դուք իրոք մտածում եք, որ ամեն օր վտանգների հետ կռիվ տվող ծովահենները չէին կարող որեւէ համակարգում իրենց դրսեւորել, շարժվել ու ապրել այս կամ այն գրքույկում խզբզված օրենքներով ու դոկտրիններով կամ փուչ գաղափարներով ու քարացած դոգմաներով։ Նրանք պարզապես իրենց այդ ամենից վեր են դասում եւ համարում են, որ դրա իրավունքը նվաճել են իրենց սարսափելի վտանգների ենթարկելով։ Չմոռանանք, որ ծովահենները ճակատամարտեր էին տալիս անգամ թագավորական նավատորմերի դեմ դեռ այն ժամանակներում, երբ մարդկության մեծ մասը ստրուկ էր, ճորտ ու ծառա՝ տարբեր տրամաչափի ստահակների կալվածքներում եւ թագավորություններում։ Ծովահենը, առավել եւս ծովահենների նավապետը երբեք չի կարող պարտվել, առավել եւս՝ իրեն պարտված ճանաչել։ Իհարկե, նավի վրա ժամանակ առ ժամանակ բունտեր են լինում, եւ խորամանկ նավապետը ստիպված է միշտ մի աչքը բաց քնել, սակայն պարբերաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում իր ենթադրյալ հակառակորդներից մի քանիսին արագ ծովն է նետում եւ հարցը փակում։ Երբեմն նա ստիպված է լինում կաշառել որեւէ մեկին, երբեմն էլ՝ խաբելով նավից իջեցնել, եթե հնարավոր չէ նրան ծովը նետել, բայց ծովահենը միշտ ձգտում է խնդրից ազատվել հնարավորինս ե՛ւ արագ, ե՛ւ, որ ամենակարեւորն է՝ վերջնականապես։

Ծովահենների պարագլուխը կարող է, իհարկե, երբեմն, հանգամանքների բերումով ընկրկել ու նահանջել, ավելի ճիշտ՝ ձեւացնել, թե նահանջում է, պետք եղած դեպքում՝ կարող է ժամանակավորապես որոշ իդեալներ որդեգրել, այնուհետեւ դրանցից եւս շատ արագ հրաժարվել, համոզել ու խնդրել, սպառնալ կամ վախեցնել։ Կարեւոր չեն միջոցները, կարեւորը նպատակն է՝ միշտ պահպանել սեփական իշխանությունը իր նավի վրա, իսկ մնացածը ոչ մի նշանակություն չունի։ Նշանակություն ունի միայն այն, որ բաց ծովում, իր ճոճվող նավի տախտակամածին կանգնած լինի հենց ինքը՝ ռոմից հագեցած  նավապետը, եւ հոգնած գլուխը բարձրացնելով՝ նայի աստղերին եւ նրանց հետ լուռ խորհուրդ անի։ Աստղերի այդ խորհրդավոր հավանությունն իրեն բավական է։ 

Իհարկե, Հայաստանում հիմա դասական առումով ընտրություններ չեն լինելու, այլ կլինի վարչապետ-նավապետի իշխանությունն ամրապնդելուն ուղղված ինչ-որ գործընթաց, կամ գուցե դա էլ տեղի չունենա, դա թերեւս կախված է նրանից, թե ինչպիսին կլինեն հանգամանքները, բայց, միեւնույն է, նպատակը մեկն է, եւ դա ձգտելու են ամեն գնով իրագործել, իսկ մեթոդները կարեւոր չեն։ Նիկոլը, ի տարբերություն իր ընդդիմախոսների, շատ գայթակղիչ ծրագրով հանդես կգա եւ արդեն ոչ թե թալանի դեմ անիմաստ եւ անպտուղ պայքար կառաջարկի, այլ բոլորիս համար թալանի լայն հնարավորություններ  ստեղծելու խոստումներով՝ «դղյակները պետք է խլենք, պղինձն ու ջուրը թանկ վաճառենք ու Քաթարի պես ճոխ ապրենք» կարգախոսով։

Փաստորեն, այս անգամ ծովահենների նավապետը բոլորին է առաջարկում մեկնել իր հետ նավարկության՝ մեծ ծովերում ոսկով եւ արծաթով բեռնված նավեր գտնելու եւ դրանք գրավելու ակնկալիքով, իսկ նրա ընդդիմախոսներն առաջարկում են քրտնաջան աշխատանք, դառը չարչարանք, դանդաղ տնտեսական  աճ, անիրական ու ծայրահեղական ազգայնական  գաղափարներ, սոցիալական ինչ-որ փաթեթներ, որը միայն ծիծաղ է առաջացնում։ Եվ մարդիկ ուզում են ասել՝ դուք ինքներդ էլ չարչարվեք ու դանդաղ աճեք, իսկ մենք նավ  կբարձրանանք՝ ապավինելով հայի բախտին ու քաջ եւ խորամանկ նավապետին։ Իհարկե, սա վտանգավոր ճանապարհորդություն է լինելու՝ կասկած անգամ չկա, բայց այս նավն ազատագրում է մեզ ամեն ինչից, փոշիացնում բոլոր վտանգների մասին մտավախությունները։ Սա քաջերի, հոգով հզորների նավ էմ եւ այստեղ գտնվելն անգամ արդեն անմահացնում  է ցանկացածին։

Մեծ հաշվով, ի՞նչ ենք թողնում ցամաքում՝ երազանքներից զուրկ ներկա՞, չարքաշ ապագա եւ կյա՞նք, որտեղ անգամ եթե կան երազանքներ, դրանք քոնը չեն, քո տեղն արդեն վաղուց որոշված է, թե ինչ պետք է երազես, ինչի ձգտես, ինչպես ապրես, չէ՞ որ որոշողները կարծում են, թե դու դրանից բան չես հասկանում եւ ինքդ քեզ վերաբերող որեւէ որոշում կայացնելու իրավունք էլ չունես։ Մնալ ցամաքում ու թույլ տալ, որ կյանքի տերերը քո փոխարեն որոշե՞ն, թե՞ «մնաս բարով» ասել ցամաքին, լինել ծովահենների արկածախնդիր նավապետի կողքին եւ նրա նավով ազատ ծովերում նավարկել՝ ոսկով բեռնված նավեր փնտրելով եւ դրանց վրա հարձակումներ գործելով։ Իսկ երեկոները ծովահենների նավապետի կազմակերպած խրախճանքներին մասնակցել, միասին ռոմ վայելել, նրա սրտի չքնաղ տիրուհուն մեծարել, մարտերում ստացած վերքերն ամոքել եւ նետվել նոր մարտերի։ Ծովահենի ազատ հոգին գոչում է՝ դեպի ծով, դեպի արկածներ։

Պողոս Պողոսյան