Հրետանավորի հուշարձանը կանգնեցնելու առաջարկը չի ընդունվել․ «պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն»

Հրետանավորի հուշարձանը կանգնեցնելու առաջարկը չի ընդունվել․ «պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն»

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ, հասարակական գործունեությամբ զբաղվող Վանո Կարապետյանը 2021 թվականի հունվարի 28-ին դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր, կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանի արձանը։

«Հրապարակի» հետ զրույցում Կարապետյանն իր այս առաջարկը բացատրեց նրանով, որ պատերազմի ժամանակ հրետենավորի սիմվոլն ընկալվեց մեր հասարակության կողմից։ «Ես՝ որպես քաղաքացի, ցանկացա հիշատակը հավերժացնելու համար առաջարկել հուշակոթող կանգնեցնել», - նշեց Լիճքի բնակիչը։

Կարապետյանն իր դիմումի մեջ նշել էր․ «Առաջարկում եմ․ ՀՀ մայրաքաղաք Երևանում տեղադրել Ալբերտ Արտակի Հովհաննիսյանի արձանը՝ որպես հայ անհաղթ հրետանավորի հավաքական կերպար՝ այդկերպ հարգանքի տուրք մատուցելով մեր հազարավոր զոհված զինծառայողների հիշատակին», իսկ ներքևում՝ հրապարակել հրետանավոր Ալբերտի լուսանկարը։

Դիմումին պատասխանել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նշելով, որ «վերոնշված առաջարկի նպատակով, ցավոք, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն»։ Պատասխան նամակի տակ առկա է ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանի ստորագրությունը։

Իսկ թե ա՞յլ մարդիկ էլ են ներգրավված եղել այս առաջարկը նախաձեռնելու մեջ՝ Վանո Կարապետյանը պատասխանեց․ «Անհատական է եղել։ Բայց ինձ թվում է, որ հասարակության մեջ այդ պահանջը կա։ Ալբերտի, հրետանավորի կերպարն ընկալվեց հասարակության կողմից, ես դրա համար էի Հրետանավոր կերպարն առաջարկել»։

Արցախյան 44-օրյա պատերազմում Ալբերտ Հովհաննիսյանը դարձել էր հայկական բանակի դիմադրության սիմվոլներից մեկը։ Ալբերտի զոհվելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հայտնել էր հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Իսկ թե ինչի վրա են գումարներ ծախսում ու «պետական բյուջեից հատկացումներ» անում իմքայլական շրջանակները, բավականին կասկածելի է։ Երբեմն միլիոնավոր դրամների պետական ու վարչական ոլորտի գնումներ են կատարում՝ գրիչ, քաբաբ և այլն, որոնցից, սակայն, պարզ չի դառնում, թե որքանն է նպատակային։ Միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տրվում նույնպես կասկածելի պայմաններում, այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ նշանակալի բան են արել, որ մի հատ էլ պարգևատրվում են։