Զրահաբաճկոնների, սաղավարտների, գիշերային տեսանելիության սարքերի խնդիրը

Զրահաբաճկոնների, սաղավարտների, գիշերային տեսանելիության սարքերի խնդիրը

Պատերազմի ընթացքում բավականին ակներև դարձավ հայ զինվորների մոտ համազգեստի, սաղավարտների, զրահաբաճկոնների, գիշերային տեսանելիության սարքերի սակավության խնդիրը։

Պաշտպանական միջոցների բացակայության հարցը հանրության շրջանում առավել տարածում գտավ պատերազմի ընթացքում իր և իրեն աջակցող խմբավորումների կողմից գերագույն գլխավոր հրամատար համարվող Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից, երբ վերջինս կամավորագրվելու կոչ արեց՝ ասելով նաև, թե ով սաղավարտ, զրահաբաճկոն ունի տանը, հետը բերի։

«Հրապարակի» լրագրողին տեղեկություններ են փոխանցվել, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում շատ գործարարներ պատրաստակամ են եղել սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսանելիության սարքեր փոխանցել, սակայն անորոշ կազմակերպչական խնդիրների պատճառով նախընտրել են մաքսազերծման համար վճարել, որ հետո անձամբ հասցնեն կարիքը ունեցող զինվորականներին կամ դիրքեր։

Պատերազմի ժամանակ ՊՆ-ի միջոցով փոխանցվող զինվորական պարագաները սահմանն անցնելիս ազատված են եղել հավելյալ մաքսատուրք վճարելուց։

Բացի այդ, հայկական սփյուռքն իր ջանքերով աշխարհի տարբեր անկյուններից հավաքել ու բանակին է փոխանցել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ, այդ թվում՝ զրահաբաճկոն, սաղավարտ, ճտքավոր կոշիկ, համազգեստ, գիշերային տեսանելիության սարքեր։ Նաև որոշ անհատներ, ընկերություններ զինվորական պարագաների տեղական արտադրությամբ են զբաղվել՝ ելնելով ստեղծված պատերազմական իրավիճակից։

Ինչպես հայտնի է, պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը հիմնանակում կիրառել է անօդաչու թռչող սարքեր, որոնց հարվածների հետևանքով զոհվել են մեծ թվով հայ զինծառայողներ, որոշները դարձել են հաշմանդամ, հիվանդանոցներում այժմ բուժում են ստանում, նաև երբեմն ծանր բեկորային վնասվածքներ են ստացել սաղավարտ, զրահաբաճկոն չունենալու պատճառով։

Ադրբեջանական բանակը նաեւ կիրառել է մեծ թվով հրետանային զինատեսակներ, որոնց հարվածների հետևանքով մեր զինվորները նույնպես ստացել են բեկորային ծանր վնասվածքներ, որոնց պատճառով մի մասը ծանր վիճակում հիվանդանոցում է, երբեմն մեկից ավելի վիրահատություն է տանում ժամանակային տարբեր ընդմիջումներով կամ մահացել է շատ արյուն կորցնելուց մարտի դաշտում, բուժկետի ճանապարհին, բուժկետում կամ հիվանդանոցում։ Իսկ գիշերային տեսանելիության սարքերի սակավության պատճառով մարտական գործողություններին մասնակցող մեր զինծառայողներն անհավասար պայմաններում են կռվել թշնամու առավել ապահովված զորքի դեմ՝ ցուցաբերելով անհավատալի հերոսություն։

Սաղավարտների, զրահաբաճկոնների, գիշերային տեսանելիության սարքերի սակավության պատճառով զինվորները նաև ստիպված են եղել դիրքից դիրք փոխանցել դրանք և օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, չնայած ամբողջ պատերազմի ընթացքում վիճակը հիմնականում եղել է ծայրահեղ ծանր։