Հովիկ Աֆյան. Դավաճանություն

Հովիկ Աֆյան. Դավաճանություն

Կանայք գերանդիով խոտ էին հնձում: Ուրեմն տղամարդիկ կա՛մ պատերազմում են, կա՛մ էլ՝ խոպանում: Բոլորը: Տղամարդիկ երկու տեղն էլ բոլորով են գնում: Եթե մեկը մնաց գյուղում, կա՛մ թոփալ է, կա՛մ անբաշար:

Նունիկը գյուղի ամենասիրուն կնիկը չէր: Օրինակ՝ դեմքին խալ ուներ, գեշ, մեծ: Բայց աչքերը… Նունիկի աչքերում կարող էիր տեսնել բոլոր աստղերը: Կապ չունի՝ գիշեր է, թե ցերեկ: Ժամանակին հարեւան գյուղերից էլ էին տղամարդիկ գալիս, բայց Նունիկը Գառնիկին ընտրեց: Ջհանդամը, որ փռչոտ էր. ճարպիկ էր, աշխատասեր, հայրենասեր, մարդասեր, հոգին կտար տավարի համար. Գառնիկը գյուղի չոբանն էր: Ամեն առավոտ, լուսադեմին պաչում էր Նունիկի թուշն ու մտնում գոմը: Պաչում էր ավագ կովի ճակատն ու յալլա` սարերը: Խոտը` կանաչ, օդը` մաքուր: Գառնիկը մի պապիրոս էր կպցնում ու քթի տակ ժպտում: Ամեն օր չէ, եթե գիշերը Նունիկի ու Գառնիկի սենյակի ծանր մահճակալը երկար էր ճռռում, Գառնիկն այդ առավոտ առաջին պապիրոսը կպցնելով՝ ժպտում էր: Մանուշակը ծնվեց չալպուտուրիկ կովի հորթուկի հետ: Գառնիկը մե՛կ գոմ էր մտնում` մայր կովի հետ ցավը տանելու, մե՛կ տուն, չնայած տատմերներից ամաչում էր ու միջանցքում կանգնած՝ Նունիկի հետ հավասար ախ էր քաշում: 

Երբ Մանուշակի մազերն այնքան էին երկարել, որ Նունիկը սպիտակ ժապավեն էր կապում, լսվեց առաջին կրակոցը: Գառնիկը սարերում էր, խաշած ձու էր ուտում, կոտրեց, ու թըմփ: Գառնիկը վեր թռավ տեղից, նայեց տավարին: Մի երկուսը գլուխները բարձրացրին, մյուսները շարունակում էին արածել: Կովն ի՞նչ գիտի կրակոցն ինչ է, մանավանդ երբ համատարած խոտ է: Երեկոյան գյուղապետարանում տղամարդկանց ժողով էր: Հաջորդ օրը գյուղում պապիրոս ծխող չմնաց: Տղամարդիկ լցվեցին կարմիր ավտոբուսն ու… Կանայք սկսեցին աղոթքը: Բիձա Վալոդը եկեղեցու պահակն էր, համարյա՝ տերտեր: Տեր հայրը խղճացել էր անտեր, անտուն մնացած ծերունուն ու քահանայի շոր էր նվիրել: Վալոդն էլ հագնում էր: Ինքն էր կնանիքի առաջ բացում եկեղեցու դուռը: Հետո, մինչ կանայք աղոթում էին, մտնում էր եկեղեցում իրեն հատկացված սենյակն ու երկար ժամանակ դուրս չէր գալիս: Պատից մի աչքի ծակ էր բացել, նայում էր ուղիղ առաջին շարքում նստած կանանց ոտքերին: Նունիկը միշտ առաջին շարքում էր նստում, ծնկից վերեւ ծաղկավոր շորով: 

Գիշերը, երբ կնանիք գնացին իրենց տները ու պառկել էին անմարդ ու սառը մահճակալներին, քահանան կանչեց Վալոդին.

- Վալո՛դ, աղոթել գիտե՞ս:

- Հա, բա ոնց,- ասաց Վալոդը:

- Պատվիրանները գիտե՞ս:

- Մի սպանիր, մի շնացիր…

- Հերիք ա: Ես վաղը պատերազմ եմ գնում: Տղամարդ եմ: Չեմ դիմանում էսքան կնանիքի մեջ: Դու տերտերությունը յոլա տար, մինչեւ գանք: Համ էլ՝ կնանիք առանց մեզ ի՞նչ մեղք պետք է գործեն:

- Վահ, Տե՛ր հայր, ես՝ հոգով կոմունիստ մարդ, ո՛չ Աստված եմ ճանաչում, ո՛չ էլ հավատում, ես ի՞նչ տերտեր,- ասաց Վալոդը:

- Քահանան Աստծուն ճանաչողը չէ, այլ նրա հետ ամեն օր ծանոթացողը, Վալո՛դ,- ասաց քահանան ու մի պապիրոս վառեց,- կնանիքին լավ կպահես:

Վալոդը սկսեց մորուք պահել: Եկեղեցու դուռն էլ միշտ բաց էր պահում: Կնանիք գալիս էին, ինքը քաշվում էր սենյակը ու ուղիղ ծակի մոտ: Նունիկը երկու անգամ աջ ոտքը քորեց: 

Պատերազմից տղամարդիկ վերադարձան` մի մասը՝ թոփալ, մի մասը` քոռ, բոլորը` կարոտած: Էդ գիշեր գյուղում ինչ մահճակալ կար, ճռռում էր: Բացի մեկից: Գառնիկն ու Նունիկն անշարժ նստել էին: Անշարժ ու լուռ:

- Ե՞րբ մեռավ,- Գառնիկն էր:

- Գնալուցդ մի շաբաթ հետո: Բժիշկն ասաց` հնար չկար: 

- Գառնիկը ոտքի կանգնեց ու երկար նայեց պատի խալուց կախված նկարին` Մանուշն էր` սպիտակ ժապավենով: 

- Տենաս էս ո՞ւմ համար եմ կռվել, ո՞ւմ համար եմ հաղթել,-հառաչեց Գառնիկը:

Առավոտը Գառնիկը տան կտուրն էր սարքում: Մեջտեղից կոտրվել էր ու կաթում էր ուղիղ տան մեջ: Նունիկը դույլ-դույլ հավաքում էր ու շարում տան դիմաց: Գառնիկը երբ տեսավ, հարցրեց, թե էս ի՞նչ ջուր է, ա՛յ կնիկ: Նունիկն էլ, թե.

- Աղի արտասուքս է. մարդս պատերազմում էր, քյորփես` գերեզմանում: 

Հետո տան մոտով անցնող տավարը գալիս խմում էր Նունիկի աղի արտասուքը: Երկրորդ գիշերը Գառնիկի ու Նունիկի մահճակալը ճռռաց: Շատ չէ, մի տասը րոպե: Հետո՝ ոչ մի ծպտուն, մենակ պատուհանի տակ, այգում՝ խնձորի ծառի հետեւից մեկն ախ կանչեց ու կամաց քայլելով՝ անհետացավ խավարի մեջ: Վալոդն էր:

Պատերազմից հետո, չնայած հաղթանակին, կյանքը գյուղում բարդացել էր: Չոբանության համար էլ լավ չէին վճարում, ու Գառնիկը որոշեց այլ գործ ճարել: Նունիկը սպիտակ ժապավեններ էր կարում, Գառնիկը տանում էր կողքի գյուղն ու ծախում: 

Տղամարդկանց հաջորդ ժողովը պատերազմի ավարտից մի տարի հետո էր: Որոշեցին, որ հնարավոր չէ այդ պայմաններում ապրել, ու կազմեցին առաջին բրիգադը` խոպան մեկնելու: Գառնիկը խմբի մեջ էր: Հաջորդ օրն առավոտ շուտ լցվեցին կարմիր ավտոբուսը, ու յալլա` Սամարա: 

Գյուղում ամեն գիշեր տների լույսերն անջատվում էին մի ժամի, ասես մի հրամանով կամ մի մարդու սեղմելով: Լսվում էին միայն շների հաչոցն ու մոր կաթից չկշտացած ուլերի ու գառների մկկոցը: Մեկ-մեկ լսելի էին լինում երեխաների լացի ձայներ: Վալոդը քահանայի շորով սովորություն ուներ գյուղում գիշերով շրջելու: Գալիս կանգնում էր Նունիկի տան մոտ, զգույշ նայում պատուհանից: Այդ գիշեր ձեռքին տոպրակ կար, մի ձեռքով չալիկն էր բռնել, մյուսով` տոպրակը:

Կամաց քայլերով մոտեցավ դռանը, տոպրակը դրեց դռան մոտ ու ծեծեց: Նունիկի տան լույսը վառվեց: Վալոդի աչքերը փայլում էին: 

- Ո՞վ է,- ներսից կամաց ու փոքր-ինչ վախեցած ձայնով հարցրեց Նունիկը:

- Բաց, ես եմ, Վալոդը:

- Ի՞նչ կա էս ժամին, ա՛յ մարդ:

- Բաց, գործ կա:

Նունիկն արագ բացեց դուռը: Վալոդի բերանից ջրերը գնացին: Նունիկը կարմիր ծածկոցով ծածկել էր մարմինը: 

- Եկել եմ մինչեւ լույս օրհնվեմ,- ուշքի գալով ու պսպղուն աչքերով ասաց Վալոդը` Նունիկին մեկնելով ձեռքի տոպրակը, որի մեջ լիքը խնձորներ էին՝ դրախտային:

Նունիկը քարացել էր: Հետո վերցրեց իրեն մեկնված տոպրակը: Հետո աչքերը լցրեց փոքր-ինչ, հետո թույլ ժպտաց ու ու մտավ տուն: Դուռը բաց թողեց: Վալոդը ներս մտավ:

Մի քանի րոպե անց Նունիկի տան լույսն անջատվեց, դուռն էլ ներսից ամուր փակվեց:

…Կանայք գերանդիով խոտ էին հնձում: Նունիկը ձեռքը տարավ գլխին ու մի պահ կանգնեց:

- Հը, ախչի, Գառնիկի՞դ ես հիշել, քանի՞ տարի ա՝ երեք, չորս,-Հասմիկն էր` հարեւանը: Կանայք բոլորով դադարեցրին գերանդիով աշխատելը ու խեթ-խեթ նայեցին Հասմիկին: Հասմիկը շարունակեց.

- Լավ, լավ, գործներդ արեք, ես անմարդ կնիկ եմ, ի՞նչ գիտեմ մարդն ինչ ա, կարոտն ինչ ա: Առաջ գոնե տղամարդ կար էս անտեր տեղը, օրը մեկիդ մարդու մասին երազում էի, սառը բարձս գրկում ու տաք-տաք քնում: Հիմա հո Վալոդի մասին չե՞մ երազելու: Ախչի, մարդ էլ էդքան գեշ լինի, ասա՝ Աստծուն էդքան մոտ ես, գոնե մի քիչ սիրունացիր, էլի, տնաշեն:

Կանայք խնդացին: Նունիկը ժպտաց: 

- Իմացել եմ, որ մի խումբ հետ է գալիս, իմը մեջներն ա հաստատ, բայց թե էլ ով կա հետը, չգիտեմ: Ախչի Նունիկ, քո Գառնիկն էլ ա մեջները, հա-հա, հաստատ գիտեմ: Երեկ Սարգիսս ասեց, ավտոբուսի մեջ եմ, Գառնիկն էլ կողքս ա,-ասաց կանանցից մեկը:

Նունիկը քարացավ: Աչքերը շուրջբոլորն արեց, ապա սառեց: Գերանդին ձեռքից ընկավ: Հետո էլ ինքը ուշագնաց ընկավ: Կանայք նետվեցին դեպի նա: Թշերին խփում էին, ջուր տալիս: Ուշքի եկավ: Ապուշ կտրածի պես շուրջբոլորը նայեց ու մեկ էլ սկսեց որքան ուժ ունի` վազել: Ոսկե դաշտերում քամին պարում էր Նունիկի սեւ երկար մազերի հետ: Նունիկը հա՛մ վազում էր, հա՛մ լացում: 

Գյուղին մոտեցող ավտոբուսը կանգնեց խաչմերուկի բերան: Գառնիկն իջավ: Մենակ չէր: Մի 5 տարեկան փոքրիկ աղջիկ` ոսկեգույն մազերով, սպիտակ ժապավենով ու կապույտ խոշոր աչքերով բռնել էր Գառնիկի ձեռքը:

- Դե, Անյուտա, բալես,- հասանք մեր տուն,- ասաց Գառնիկը,- մի քիչ տեղ էլ ոտքով պետք է քայլենք, համ էլ կտեսնես, թե ինչ սիրուն գյուղում ենք ապրելու:

Նունիկը տան կտուրի վրա նստած՝ կանաչ խնձոր էր կծում: Չփացնելով, խելագարի պես: Այն տպավորությունն էր, որ խելագարվել է: Աչքերը հառել էր գյուղի սկզբից իրենց տուն բերող նեղ ճանապարհին ու խնձորն աջ ձեռքով բռնած` կծում էր: Ձախ ձեռքը Նունիկը դրել էր փորին: Նունիկը ձեռքով շոյում էր փորը: Կինը հա՛մ լացում էր, հա՛մ էլ քրտնած էր: Հեռվից երեւացին Գառնիկն ու Անյուտան: Նունիկը սառեց, խնձորն սկսեց ավելի մեծ-մեծ կծոտել, հետո, երբ նկատեց Անյուտային, խնձորն ընկավ ձեռքից: Ոտքի կանգնեց, աչքերում արցունքները սառեցին: Սփրթնածությունն անցավ, դեմքը մի տեսակ կարմրեց: Նունիկը նույնիսկ ժպտաց թեթեւ: Հետո երկու ձեռքով գրկեց փորն ու շշնջաց.

- Չվախենաս, բալե՜ս, չվախենաս: 

Գառնիկը Անյուտային ու Նունիկին ծանոթացրեց առանց մեղքի որեւէ զգացողության: 

- Սա՝ քեզ աղջիկ, սա էլ՝ քեզ մեր,- ասաց ու մտավ գոմը` ավագ կովի ճակատը պաչելու: Հետո Նունիկն իմացավ, որ Անյուտայի մոր անունը Կատյա է, կապույտ աչքեր է ունեցել, Գառնիկի համար սկզբում տաք ճաշ է պատրաստել, հետո՝ տաք անկողին: Հետո մի գիշեր Գառնիկը զարթնել է ու տեսել, որ Կատյան չի շնչում: Անբուժելի հիվանդ է եղել: Կտակ է գրել, թե բա` Գառնի՛կ, ուր էլ գնաս, Անյուտային հետդ տար: Մորից զրկվեց, հորից էլ չզրկվի: Գառնիկն էլ բռնել է աղջկա ձեռքն ու յալլա Հայաստան: 

Գառնիկն ամեն բան հասկացավ մի գիշեր, երբ Նունիկը կռացավ, որ վառարանը փայտ գցի: 

- Հլը կանգնի, ախչի,- ասաց Գառնիկը: Նունիկը կանգնեց: Էլ թաքցնել հնարավոր չէր: 

- Էս ի՞նչ ա: Երկու շաբաթ ա, որ ստեղ եմ, էս ի՞նչ ա,- Գառնիկը գոռում էր: Անյուտան քնած էր: 

- Էս էն 5 տարին ա, որ քեզնից մի կոպեկ, մի զանգ, մի նամակ, մի բառ չեմ ստացել: Էս էն 5 տարին ա, որ դու Կատյա ես գրկել, էս էն 5 տարին ա, որ ես ինձ կին եմ զգացել, ես էն 5 տարին ա, երբ դու ավելի անհույս տեղ էիր, քան պատերազմն ա:

Գառնիկը տեղից ցատկեց ու ապտակեց Նունիկին: Հետո՝ նորից: 

Հաջորդ օրը տղամարդիկ ժողով արեցին: Օրակարգում Գառնիկի հարցն էր: Կա՛մ գյուղ եկող ոստիկաններին պետք է ասեին, որ Գառնիկը ծեծել է հղի կնոջն ու սպանել երեխային, կա՛մ էլ… Որոշեցին, որ Գառնիկը ճիշտ է վարվել: Ո՞ւմ կնիկը մարդուն խոպան ճանապարհեր ու խալխի ծոցը մտներ, որ տենց բան չաներ: Որոշեցին, որ ոստիկաններին կասեն, թե Նունիկը տանն ընկել է, վիժել: Գառնիկն արդար ճանաչվեց: 

…Նունիկն արագ կազդուրվեց: Ամեն առավոտ Անյուտայի մազերին սպիտակ ժապավեն էր կապում ու ուղարկում դպրոց: Նունիկը երբեք Անյուտային չէր համբուրում: Անյուտան երբեք Նունիկի կողքին չէր ժպտում: Գառնիկը ոչ թե ներել էր Նունիկի դավաճանությունը, այլ թքած ուներ դրա ու նրա վրա: Գիշերը գալիս էր տուն ու խռռացնում: Առավոտը տավարը դեմն էր առնում ու յալլա` սարերը: Գառնիկը վերադարձել էր չոբանությանը, ու գյուղում պատարագներն առանց նրա էին անցնում: 

Կանայք ամեն կիրակի օրհնություն էին խնդրում քահանայից: Վալոդն էր. ձեռքը դնում էր բոլորի գլխին ու շշնջում` Աստված օրհնի քեզ, Աստված ների քո մեղքերը ու օրհնի քեզ…

Լուսանկարը՝ Տիգրան Վանյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ