Հաց բերողին սպանել են, բժշկին սպանում են

Հաց բերողին սպանել են, բժշկին սպանում են

Սրանից մի քանի տարի առաջ Երեւանի փողոցներում ցույցեր, երթեր էին՝ «Հաց բերողին սպանել են», «Սերժն է սպանել Արթուր Սարգսյանին» կարգախոսներով: Հիշեցնենք, որ 2016 թ․ հուլիսի 26-ի առավոտյան Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը եւ սնունդ հասցրել այն գրաված եւ 10 օր այնտեղ գտնվող «Սասնա ծռերին»: «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց եւ իրավապահներին հանձնվելուց հետո Արթուր Սարգսյանը նույնպես կալանավորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու համար։ Այնուհետեւ մեղադրանքը վերաորակվեց. Սարգսյանը մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

Անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետեւանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ եւ, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։ Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո նրան ազատելու պահանջով Երեւանում տեղի ունեցան բողոքի մի շարք ցույցեր եւ երթեր: Այդ ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ անձնական երաշխավորությամբ, միջնորդությամբ՝ Հաց բերողին ազատ արձակելու համար: Նա ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ էր ունենում եւ հիշում մարդու իրավունքների, նրա առողջության, այլ հումանիտար հարցերի մասին. «Պարզ է, որ դա հաշվեհարդար էր, որովհետեւ այս մարդը դուրս էր եկել եւ որոշակի սիմվոլիկ դերակատարում էր ստանձնել, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոսն էր դարձել:

Ո՞նց կլինի՝ զուգահեռ հերոս լինի, Հայաստանի Հանրապետությունում հերոս պետք է լինի միայն Սերժ Սարգսյանը, նրա հերոսությունը որեւէ բանով չպետք է ստվերել», «Հաց բերողը կալանքից ազատվել էր միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ըստ որի՝ Արթուր Սարգսյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, իսկ եթե նրան նորից կալանավորեցին, ուրեմն միջգերատեսչական հանձնաժողովը խաբել է, նրանց դեմ քրեական գործ հարուցե՞լ եք: Իհարկե՝ ոչ»: Հասարակությունը տարբեր վերաբերմունք ուներ ՊՊԾ գունդը գրավածների նկատմամբ. մի մասը նրանց համարում էր տեռորիստ, շատերի համար նրանք անձնազոհ մարդիկ էին, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, դուրս էին եկել ՀՀԿ-ական ռեժիմի դեմ:

Հիշեցնենք, որ այդ գործողությանը մասնակցում էին արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, եւ այլք: Անկախ այն բանից, թե ինչպես էին վերաբերվում «Սասնա ծռերին», հասարակությունն Արթուր Սարգսյանին սիրեց, նա սիրվեց որպես հումանիստ, կարիքավորին հաց հասցնող: Նա նույնպես արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից էր: Արթուր Սարգսյանի մահը մնաց նախորդ իշխանության ուսերին, քանի որ անազատության հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդն այնքան մնաց անազատության մեջ, որ ազատություն ստանալուց տասն օր անց մահացավ: 

Այսօր երկրում իրավիճակ է փոխվել բոլոր առումներով. Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն էր, այսօր նստած է Սերժ Սարգսյանի տեղը՝ երկրի ղեկին: Այսօր անազատության մեջ է հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը, ում մեղքը Փաշինյանին ընդդիմադիր լինելն է: Ինչպես ժամանակին Արթուր Սարգսյանը, այսօր էլ Չարչյանն ունի կալանքի հետ անհամատեղելի խնդիրներ: Փաստաբաններն ու իրավասու անձինք ահազանգում են, որ նրա՝ անազատության մեջ մնալը հավասարազոր է նրան սպանելուն: Բժիշկը, ով փրկել է շատ կյանքեր, այդ թվում նաեւ վիրավոր զինծառայողների, այսօր ինքն ունի հումանիստական մոտեցման կարիք: Սակայն դատարանը համառորեն մերժում է նրա կալանքը փոխելու բոլոր հայցերը: Ինչպես ժամանակին էր Արթուր Սարգսյանի նկատմամբ տեղի ունենում քաղաքական հաշվեհարդար, այնպես էլ այսօր Չարչյանի նկատմամբ է տեղի ունենում:  

 Ինչպես բոլոր հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, իր արարքներով գերազանցում է Սերժ Սարգսյանին: Այս հարցում էլ նա մտել է Սարգսյանի «կոստյումի» մեջ ու «պինդ կոճկել կոճակները»: Փաշինյանը մոռացել է իր՝ նախկինում հնչեցրած մտքերը` մարդու իրավունքների, նրա առողջության հաշվին քաղաքական հաշվեհարդար տեսնելու անթույլատրելիության եւ այլ կարեւոր ու գեղեցիկ բաների մասին: