Դաշնակիցների եւ բարեկամների հետ հարաբերությունները հստակեցնելու ժամանակն է

Դաշնակիցների եւ բարեկամների հետ հարաբերությունները հստակեցնելու ժամանակն է

Թուրքիայի նախագահի արած բացահայտումը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում, բայց, ինչպես միշտ, աղմուկը ոչ թե կոնկրետ հարցի շուրջ է, այլ երկրորդական նշանակություն ունեցող հանգամանքների։ Մեծ դժգոհություն է առաջացրել այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ՝ շրջանցելով Ռուսաստանին: Շատերի կարծիքով, սա հավասարազոր է դավաճանության։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մեր քաղաքական գործիչները ոչ թե մտահոգված են Հայաստանի խնդիրներով, այլ սպասարկում են այլ պետությունների շահերը։

Հայաստանը սարսափելի վիճակում է՝ մեր տղաները դեռ պատանդ են ադրբեջանական բանտերում, ադրբեջանական զորքը գտնվում է մեր սուվերեն տարածքում, մեր ստրատեգիական ճանապարհներն են վտանգված, եւ այս ֆոնին, պարզվում է, ոմանց կարծիքով, մենք իրավունք չունենք զբաղվել մեր խնդիրներով, այլ պիտի շարունակենք սպասարկել այլ պետությունների շահերը։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց տպավորություն է ստեղծվում, որ ռուսները պարզունակ միջնորդի դեր են ստանձնել եւ փորձում են մեզ միակողմանի զիջումների տանել։

Գուցե Ռուսաստանը վատ միտում չունի եւ փորձում է որոշակի բալանս պահպանել, բայց մենք չպետք է համակերպվենք մեզ առաջարկվող ստորացուցիչ պայմանների հետ։ Նողկալի է տեսնելը, թե ինչ հրճվանք են ապրում մեր քաղաքական գործիչները, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները մի փոքր վատթարանում են։ Մեզ առհասարակ չպետք է հետաքրքրի, թե մենք ինչ կարող ենք շահել ռուս-թուրքական ընդհարումից, մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, թե ինչ ենք կորցնելու ռուս-թուրքական մերձեցման պարագայում։

Ռուսաստանը խոշոր գերտերություն է եւ չի կարող իր ողջ արտաքին քաղաքականությունը հարմարեցնել մեզ, բայց մենք էլ չենք կարող ձեռքներս ծալած նստել եւ հետեւել այս ամենին, մենք պարտավոր ենք հստակություն եւ հարգանք պահանջել Ռուսաստանից։ Այլեւս հնարավոր չէ հանդուրժել մի իրավիճակ, երբ ռազմավարական դաշնակիցը միլիարդների զենք է վաճառում թշնամուն, իսկ պատերազմի ժամանակ հայտարարում, թե 2 պետություններն էլ իր բարեկամներն են: Անընդունելի է, երբ հավասարության նշան է դրվում ռազմավարական դաշնակցի ու բարեկամ պետության միջեւ։ Հայաստանը ռուսական ռազմաբազա է տեղակայել, ապահովում է նրա ներկայությունն Անդրկովկասում եւ ցամաքային սահման է ապահովում Իրանի հետ, նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի անդամ է եւ իրավունք ունի այս ամենի դիմաց հստակություն պահանջելու։ 

Ցնդած ռուսատյացները բոլոր խնդիրների մեջ փորձում են ռուսներին մեղադրել, բայց դա էլ վտանգավոր ծայրահեղություն է, թեեւ Ռուսաստանի հեղհեղուկ դիրքորոշումն ակնհայտ է։ Իրանի հետ կապված էլ ամեն ինչ հստակ չէ` ոմանք սկսել են անգամ պրոիրանական քարոզ տարածել` երեխայի պես ուրախանալով, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություները լարվել են։ Բայց պետք չէ մոռանալ, թե ինչ դիքորոշում ուներ Իրանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանին բացարձակապես չպետք է հետաքրքրի, թե ինչ խնդիրներ կան Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ տարաձայնություններ ունեն Ռուսաստանն ու Թուրքիան, թե Արեւմուտքը որքանով է զայրացած Թուրքիայի գործողություններից։ Իսկ արեւմտամետները ցնծում են, երբ ԱՄՆ դեսպանը հերթական ոչինչ չասող հայտարարությունն է անում, թե իրենց տեսանկյունից ղարաբաղյան խնդիրը լուծված չէ։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ն պարզապես հակադրվում է Ռուսաստանին եւ ընդգծում, որ ռուսների ներկայությունն Արցախում այդքան էլ որոշիչ չէ: Եվ պարզ է, որ հայտարարություններից զատ ոչինչ չի անելու։

Մի՞թե ԱՄՆ-ն նոր է իմանում ղարաբաղյան խնդրի մասին, այդ հայտարարությունը պետք է հնչեր գոնե 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ գրավեցին Հադրութն ու Շուշին: Սակայն ԱՄՆ-ն չասաց, որ ադրբեջանցիներն իրավունք չունեն զորքով մտնել այն տարածքներ, որոնք միջազգային հարթակներում քննարկման առարկա են հանդիսանում։ Պատերազմի ժամանակ այդ հայտարարությունը կլիներ անկեղծ, իսկ հիմա, երբ ռուսները կանգնեցրել են պատերազմը, դրանք պրովոկացիոն բնույթ են կրում եւ մեզ ոչինչ չեն տալիս։ Եթե ԱՄՆ-ն լռել է պատերազմի ժամանակ եւ փորձում է հիմա խաղի մեջ մտնել, ապա որքանո՞վ է ճիշտ, որ մենք հնարավորություն ստեղծենք նրան՝ նորից մտնել այս խնդրի մեջ` լավ հասկանալով, որ դա անում է միայն Ռուսաստանին կաշկանդելու համար։ Սրանք կարեւոր ստրատեգիական հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք, որովհետեւ չունենք դիրքորոշում` միայն դատարկ երազանքներ եւ հայրենասիրական էժանագին ցանկություններ։ Մենք՝ ինքներս, մեզ դրել ենք մի վիճակում, որ իբր «շուստրիություն» ենք անում եւ բոլորից փորձում ենք օգտվել, իրականում ստացվել է հակառակը՝ բոլորը մեզ օգտագործում են եւ ծառայեցնում իրենց նպատակներին։ 

Մեր որդեգրած՝ բոլորին սիրաշահելու տխմար գործելաոճն անարդյունավետ է, եւ դրա պատճառով միայն կորուստներ ենք ունենում։ Կորցնում ենք եւ ուրախանում, որ Ֆրանսիան ինչ-որ հայտարարություն արեց, նորից կորուստ՝ այս անգամ ռուսներն են կոշտ արտահայտվել, այս անգամ էլ ԱՄՆ սենատում են զայրացած թուրքերի արարքից։ Որքա՞ն է շարունակվելու այս տխմարությունը, եւ մինչեւ ե՞րբ պետք է դատարկ հայտարարություններից հրճվենք։ Ե՞րբ պետք է հասկանանք, որ անհնար է ծրագրեր իրագործել՝ հենվելով գերտերությունների հակասությունների վրա։ Ժամանակն է հստակ կողմնորոշվել եւ արագ պարզել, թե որ թեւին ենք միանում, որ պետությունն է հստակ կանգնած մեր կողքին, կամ գոնե որ պետության դիրքորոշումը կործանարար չէ մեզ համար։ Եթե պարզվի, որ չկան այդպիսիք, պետք է որոշումներ կայացնենք, մեղմենք մեր ախորժակը, ամեն գնով հնարավոր կոնֆլիկտներից խուսափենք։

Հասկանալի է, որ Հայաստանը փոքր պետություն է՝ սահմանափակ հնարավորություններով եւ մեծ խնդիրներով, մենք չենք կարող հավասար դիրքերից խոսել գերհզորների հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է լռենք եւ թույլ տանք, որ մեզ վերաբերող հարցերը քննարկվեն եւ լուծվեն առանց մեզ՝ տրորելով մեր շահերն ու արժանապատվությունը։ Ակնհայտ է, որ այսպես կկորցնենք ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանը պետք է ցույց տա բոլորին, որ քաղաքում նոր շերիֆ է հայտնվել, մենք այլեւս չպետք է հաշտվենք անորոշության հետ։ Եթե Ռուսաստանը պատրաստ է հավատարիմ դաշնակից լինել, թեկուզ իր պայմաններով, ապա պարտավոր ենք մեր ծրագրերում ու գործողություններում հաշվի առնել նրանց շահն ու հետաքրքրությունները, իսկ եթե ուզում է շարունակել ճոճանակի քաղաքականությունը, ապա պետք է պատրաստ լինեն նրան, որ մի օր կարող են զրկվել Հայաստանի նման հավատարիմ դաշնակցից։

Իրանի հետ էլ պարզապես հարեւաններ ենք, եւ ակնկալել նրանից որեւէ աջակցություն, պետք չէ, անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Իրանը տնտեսապես ջախջախված պետություն է, լուրջ պատժամիջոցների տակ, եւ Իրանի բնակչության զգալի մասն ազերիներ են, պարզ է, որ Իրանից մեծ աջակցություն ակնկալելն անմտություն է։ Արեւմուտքի պարագայում խնդիրը շատ ավելի բարդ է` եթե Արեւմուտքը ցանկանում է մեր միջոցով այս ռեգիոնում իր համար ստրատեգիական խնդիրներ լուծել՝ օրինակ, նեղել Ռուսաստանին ու Իրանին, ապա պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանին պետք է տրամադրվեն հավելյալ երաշխիքներ։ Արեւմուտքը չպետք է կարծի, որ մենք կհամաձայնենք Թուրքիային ընդունել որպես Արեւմուտքի տարածաշրջանային ներկայացուցիչ, մենք չենք կարող մեր անվտանգությունը կառուցել՝ ելնելով Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների տրամաբանությունից: Դա նշանակում է զինաթափվել եւ պատրաստվել մահվան։ Եթե Արեւմուտքը ցանկանում է մեր միջոցով այստեղ խնդիրներ լուծել, պետք է պատրաստ լինի ամերիկյան ռազմաբազա տեղակայել Հայաստանում, ապա նոր սահմանները մասնակիորեն բացել եւ ապահովել կոմունիկացիաները։ Այս հարցերը պետք է լինեն մեր օրակարգում, եւ այս ամենը մենք պետք է քննարկենք` ելնելով մեր շահերից, ոչ թե Արեւմուտքի, Ռուսաստանի կամ Իրանի։ 

Դժվար է կռահել, թե այս բարդ իրավիճակում ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, բայց Էրդողանի «սլիվից» կարելի է ենթադրել, որ թուրքերը հիացած չեն խաղաղության հեռանկարով եւ չեն շտապում ապաշրջափակման հարցը լրջորեն քննարկել։ Իսկ սա նշանակում է, որ խաղաղության օրակարգն ունի այլ շահառուներ։ Էրդողանը լուրջ ֆիգուր է, եւ նա շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում հայ-թուրքական բարեկամական սցենարի իրականացումը: Նա թերեւս գիտակցում է, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ եղած խնդիրները շարունակում են ակտուալ մնալ, իսկ նման պայմաններում վտանգավոր է հարաբերություններ կառուցելը։ Հետեւաբար, անպայման պետք է հասկանալ, թե ով է խաղաղության օրակարգի իրական հովանավորը, եւ ինչքանով է այդ պրոյեկտը բխում մեր շահերից։ Մենք պետք է նախ հստակեցնենք մեր հարաբերությունները դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ եւ միայն դրանից հետո հասկանանք, թե որ պրոյեկտի վրա աշխատենք։ Իհարկե, իբրեւ դարավոր բարեկամ եւ դաշնակից՝ առաջին հերթին պետք է խոսենք Ռուսաստանի հետ եւ տեսնենք, թե նա մեզ ինչ է առաջարկում, եւ առաջարկը մեզ բավարարի, եւ ՌԴ-ն մեզ հավելյալ երաշխիքներ տրամադրի, պետք է ամեն ինչ անենք, որ ռուսական սցենարն աշխատի՝ անկախ նրանից, թե մեզ վրա դա ինչ կնստի։

Իսկ եթե ռուսական սցենարով անվերջ զիջումներն են` հանուն ռուս-ադրբեջանական եղբայրության, միանշանակորեն պետք է դադարեցնել եւ շարժվել առաջ, որքան էլ դա վտանգավոր լինի մեզ համար։ Դեպի Արեւմուտք ուղղություն վերցնելու դեպքում էլ նախ պետք է հետաքրքրվել, թե արդյոք պատրա՞ստ են մեզ հետ աշխատելու` առանց Թուրքիային մատնացույց անելու: Մենք Թուրքիայի տեղը շատ լավ գիտենք։ Մեր խնդիրներն առաջին հերթին անվտանգային բնույթի են, եւ մենք պարտավոր ենք կենտրոնանալ հենց այս ասպեկտի վրա, եւ պետք չէ ապաշրջափակման տնտեսական նշանակությունը գերագնահատել։ 

Այս հարցերի փոխարեն մեր քաղաքական գործիչները քննարկում են, թե ինչու է Փաշինյանը փորձում հանդիպել Էրդողանի հետ։ Գուցե Փաշինյանը փորձում էր Թուրքիայի նախագահի օգնությամբ վերադարձնել Ադրբեջանում պահվող մեր գերիներին, գուցե ուզում էր քննարկել Սյունիք ներխուժած ադրբեջանական զորքերի հարցը, գուցե փորձում էր կանխել Ադրբեջանի հերթական սադրանքները։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կարողանում կամ չի ուզում լուծել մեր խնդիրները, եւ ՀՀ վարչապետը փորձում է ալտերնատիվ ճանապարհներ գտնել դրանք կարգավորելու համար։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարող են քննարկվել Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ, բայց մեր քաղաքական գործիչներին ոչ թե դրանց լուծումն է հետաքրքրում, այլ Ռուսաստանի մասնակցությունն այս հարցում։ Նախկին նախագահներն ահռելի տեղեկատվության են տիրապետում եւ կարող են լույս սփռել այս ամենի վրա՝ ժողովրդին ներկայացնելով ստեղծված իրավիճակը։

Օրինակ, Սերժ Սարգսյանը, որի ժամանակ տեղի է ունեցել ֆուտբոլային դիվանագիտությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ հրաժարականից հետո խոսում էր սահմանների բացման մասին։ Թող խոսեն, բացատրեն ժողովրդին, թե որ կողմից է ապաշրջափակման քամին փչում, եւ այդ ինչ «նպաստավոր» ծրագիր է, որից խուսափում են Էրդողանն ու Ալիեւը, եւ որին ձգտում է Փաշինյանը։ Այս հարցերի մասին խոսելու փոխարեն ընդդիմությունը դավադրությունների տեսություններ է առաջ քաշում, թե թուրքերը երազում են մեզ ոչնչացնել, եւ Նիկոլ Փաշինյանն էլ նրանց դրածոն է: Բայց, չգիտես ինչու, թուրքերն իրենց դրածոյի հետ հնարավոր հանդիպման մասին լուրը «սլիվ» են անում եւ նախընտրական շրջանում զորք են մտցնում մեր տարածք։ Ամենազարմանալին այն է, որ ժողովրդին ոչ խորաթափանց համարողներն ավելի պարզունակ են դատում, քան ժողովուրդը։

Պողոս Պողոսյան