Առաջարկում եմ ստեղծել Վարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով՝  իր ենթահանձնաժողովներով

Առաջարկում եմ ստեղծել Վարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով՝  իր ենթահանձնաժողովներով

Որպեսզի ճիշտ պատկերացնենք այսօրվա վիճակը, պետք է մտքով այն նմանեցնենք «համաշխարհային պատերազմին», քանի որ այսօր բոլոր երկրները փակել են իրենց սահմանները, հայտարարել են արտակարգ դրություն, որի ընթացքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը երկրներում։ Ամենուրեք հաշվառում են իրենց մոտ եղած սննդի պաշարները, կառավարություններն ընդունում են նոր պատժամիջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ նախատեսված միջոցառումները խախտողների համար, հաշվառում և ճշտում են իրենց մոտ եղած բժշկական սարքավորումները, բանակը բերում են ռազմական վիճակի, օգնում են կարիքավորներին, ավելացնում են հիվանդանոցների թիվը, կառուցում են դաշտային հիվանդանոցներ, փոփոխության են ենթարկում պետության բյուջեն՝ հատկապես կրճատում են կապիտալ ծախսերն՝ ի հաշիվ սոցիալականի և այլն։
Սրան ավելարեք նաեւ այն, որ ամեն օր հայտնում են վիրավորների (մեր պայմաններում վարակվածների) և մահացության թվային տվյալները։ Մի՞թե այս բոլոր քայլերը չեն անի համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր պետությունները։ Իհա՛րկե կանեն։
Փորձենք քննարկել ապրիլի 3-ի դրությամբ առանձին պետություններում վարակման և մահացության վիճակը․ վարակվածների թվով յուրաքանչյուր 1 միլիոն բնակչի հաշվով ավելի բարձր ցուցանիշներ ունեն  հետևյալ պետությունները՝ ԱՄՆ՝ 780 մարդ, Ֆրանսիա՝ 905, Անգլիա՝ 562, Իտալիա՝ 1982, Իսպանիա՝ 2518, Շվեյցարիա՝ 2230, Լյուքսեմբուրգ՝ 4173, Իսլանդիա՝ 3997։ Շատ ավելի բարձր են թվերը գաջաջ պետություններում, ինչպիսիք են Անդորրան, Սան Մարինոն և այլն։ 
1 միլիոն բնակչության հաշվով մահացության աստիճանը հատկապես ցածր է Գերմանիայում՝ 14 մարդ, Չինաստանում՝ 2, Կանադայում՝ 5, Հարավային Կորեայում՝ 3, Ավստրալիայում՝ 1, թեկուզ և վերը նշված երկրներում վարակվածների թիվը բացարձակ մեծությամբ անցնում է 10 հազարը։
Սա ցույց է տալիս, որ այս պետությունները նախապես ավելի լավ են պատրաստված եղել բժշկական սարքավորումների ապահովման և բուժման առումով։ 
Անմիջապես նշեմ, որ վերը նշված որոշ երկրներում նոր է սկսվում վարակի տարածման բարձր ցուցանիշները, որոշներն արդեն գտնվում են վարակման ամենաբարձր ցուցանիշի վրա, իսկ մյուս երկրներում սկսել է այդ ցուցանիշների անկումը։ Այս ցուցանիշների մեծությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, թե որ պետությունը երբ է հայտարարել արտակարգ դրություն և լրիվ ինքնամեկուսացում։ Տվյալները վերլուծելուց պարզվում է, որ պետության կողմից ամբողջովին տեղաշարժը դադարեցնելուց հետո, 15 - 25-րդ օրը դիտվում են վարակի  և մահացության ամենաբարձր ցուցանիշները։
Բացառություն են կազմում այն պետությունները, որոնց հաղորդած ցուցանիշներն անիրական են թվում, ինչպես նաև նրանք, որոնք չունեն թեսթավորման բավարար քանակություն։ Սրանք, բնականաբար, չեն կարողանում ճիշտ ներկայացնել վարակման աստիճանը։
Անմիջապես նշենք, որ ամեն մի խումբ առանձին հետազոտման առարկա է, որը պետք է քննարկենք այն դեպքում, երբ ավելի խորը կուսումնասիրվեն տվյալ երկրների միջոցառումների պլանը, կառավարության մոտեցումը, վարակի դեմ պայքարի ուղղությամբ կատարած աշխատանքը։ Իհարկե, մենք չենք նշում այն պետությունների անունները, որտեղ միտումնավոր թաքցնում են իրենց երկրում վարակվածների և մահացածների իրական տվյալները, որը և թյուրիմացության մեջ է գցում մյոոսներին վարակի դեմ պայքարելու միջոցառումների ճիշտ կազմակերպման հարցում։
Ելնելով միջազգային փորձի վերլուծությունից, օրեր առաջ ներկայացրել եմ ՀՀ Կառավարությանը վարակի դեմ պայքարի միջոցառումների պլան։ Միաժամանակ նպատակահարմար կիներ, որ ՀՀ Կառավարությունը նոր տեսակի Կորոնավիրուսի դեմ պայքարի իր աշխատանքները բաժաներ 2 մասի․
1. Միջոցառումներ՝ որոնք պետք է կատարվեն ամենօրյա ռեժիմով մինչև արտակարգ դրության ավարտը։
2. Միջոցառումներ՝ որոնք ուղղված կլինեն համաշխարհային վարակի հետ կապված տնտեսության վերականգնմանը։
Անհրաժեշտ է պարզ, հասկանալի ձևով բացատրել ժողովրդին, թե ով որքան օգնություն կստանա և երբ, այն պետք է լինի հասցեական, չէ՞ որ մարդիկ ամեն վայրկյան սպասում են, որ կստանան այն գումարը, որով կապահովեն իրենց ընտանիքներին սնունդով և հետո նոր կմտածեն, թե ինչ են անելու՝ երբ ավարտվի էպիդեմիան։
Մյուս խնդիրը, որ ժողովուրդը այդպես էլ չտեսավ, դա կառավարության անդամների օրինակ ցույց տալու խնդիրն է, որը կարծես բացակայում է համարյա բոլոր պետություններում։ Իշխանության ներկայացուցիչները պետք է անմիջապես անցնեին հեռակառավարման ձևով աշխատանքին և իրենց պահվածքով (կրելով՝ դիմակ, ակնոց, ձեռնոց, պահելով սոցիալական հեռավորություն) օրինակ ծառայեին իրենց ժողովրդին, որը մի քանի անգամ կիջեցներ վարակվածների թիվը։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, միաժամանակ կարծում եմ ՀՀ Կառավարությանը արտակարգ իրավիճակից ելնելով անհրաժեշտ է շտապ ստեղծել Վարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով, որը պետք է բաղկացած լինի մի քանի ենթահանձնաժողովներից (օրինակ՝ բժշկական, տնտեսագիտական, իրավաբանական և այլն), որտեղ պետք է լինեն 5-ից 9 հոգի, որի մեջ կընդգրկվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայությունը (առանձին դեպքերում նաև այլ երկրների քաղաքացիներ)։ Պետք է ընդգրկվեն ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչները (առավել ևս հիմա բաժանելու ժամանակ չկա), որոնք ունեն աշխատանքային և կյանքի բազմավաստակ փորձ, կառավարման հմտություն և շատ կարճ ժամանակահատվածում (օրինակ 5 օրում՝ հաշվի առնելով, որ բոլորը տանն են և ավելի շատ ազատ ժամանակ ունեն) համապատասխան նախարարություն ներկայացնեն միջոցառումների պլան՝ վարակի դեմ պայքարելու և տնտեսությունը արագ վերականգնելու ուղղությամբ, իսկ նախարարություններն այն ամփոփելով ներկայացնեն ՀՀ Կառավարություն։
Համոզված եմ, այս միջոցառումներն ավելի շատ կներկայացնեն ժողովրդի շահերը և ավելի լավ կընդունվեն ժողովրդի կողմից։
03․04․2020

Վալտեր Մարության