Ինչու է Թուրքիայում ինֆլյացիան այդքան բարձր

Ինչու է Թուրքիայում ինֆլյացիան այդքան բարձր

Մինչ Թուրքիայի նախագահ Էրդողանն ամենատարբեր հարթակներից փորձում է իր ամբիցիաները «տարածել» եւ տարբեր ոլորտներում իրենց հաջողությունները թմբկահարել, տարբեր ոլորտների մասնագետների փոխանցած տեղեկություններն այլ բանի մասին են վկայում։ Օրինակ՝ տնտեսագետներն ահազանգում են, որ թուրքական տնտեսությունը, չնայած ձեռնարկված որոշ միջոցառումներին, ընթացիկ տարին կփակի ոչ պակաս, քան 65-70 տոկոսանոց ինֆլյացիայով, իսկ անցյալ տարի ինֆլյացիան վերջին քառորդ դարի համար ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով 85 տոկոսը։

Հայաստանի համար, որպես Թուրքիայի հարեւան երկրի, որի հետ իբրեւ թե Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել եւ բնականոն բարիդրացիական հարեւանությամբ ապրել, կարեւոր է, իհարկե, հասկանալ, թե ինչ է կատարվում թուրքական տնտեսությունում, ինչ խնդիրներ կան, որտեղ են դրանց արմատները եւ այլն։ Ցանկացած երկրում ինֆլյացիան, որպես կանոն, հետեւանք է ավելի լայն տնտեսական ճգնաժամի։

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը սկսվել է 2018 թվականին գլոբալ տնտեսական իրավիճակի բարդացման ֆոնին։ Թուրքական տնտեսության զարգացումը երկու բաղադրիչից է կախված՝ կապիտալի հոսքից եւ էժան վարկերի նկատմամբ հասանելիությունից։ 2018 թվականին երկու բաղադրիչների հետ էլ սկսեցին խնդիրներ ծագել, որոնք հանգեցրին նրան, որ թուրքական ազգային արժույթ լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 40 տոկոսով, իսկ սնանկությունների ալիքը ներառեց հարյուրավոր թուրքական ընկերություններ։ Գործազրկությունն էլ հասավ այնպիսի ահռելի չափերի, որպիսին չէր եղել 2008 թվականից ի վեր։ Պետությունը կարողացավ աջակցել բանկային ոլորտին՝ պարտքի վերակառուցում իրականացնելով։ Հասկանալու համար, թե ինչու թուրքական տնտեսությունն այդպիսի անկում ունեցավ, պետք է ավելի խորանանք ու հասկանանք, թե որ ոլորտն է կազմում թուրքական տնտեսության հիմքը։ Եվ, ուրեմն, համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Թուրքիայի ՀՆԱ 50 տոկոսից ավելին կազմում է ծառայությունների մատուցման սեկտորը, արդյունաբերությունը չի գերազանցում մոտ 32 տոկոսը։ Կապիտալի ներհոսքը, դրա տեմպերի տատանումը, հետո նկատված կապիտալի արտահոսքը հանգեցրին այն ռեցեսիային, որպիսին թուրքական տնտեսությունը չէր տեսել տասնամյակներ ի վեր։

Բանն այն է, որ վերջին երեք տասնամյակներում թուրքական տնտեսությունը գտնվել է, այսպես կոչված, ֆինանսիալիզացիայի փուլում, երբ ֆինանսական շուկաները, ինստիտուտներն ու էլիտաներն ավելի զգալի ազդեցություն են ձեռք բերում երկրի տնտեսական քաղաքականության հանդեպ, երբ ֆինանսական սեկտորը տնտեսության ընդհանուր կառուցվածքում ձեռք է բերում ավելի կարեւոր նշանակություն, քան մնացած սեկտորները։ Նման իրավիճակ դիտարկվում է այն դեպքում, երբ տնտեսությունը, ընդհանուր առմամբ, արդյունաբերականից անցնում է ծառայությունների մատուցման գերակշռման։ Ֆինանսիալիզացիան սովորաբար ընթանում է մի քանի փուլով։ Նախ տեղի է ունենում կապիտալի շարժի ազատականացում, եւ աճում է պետական պարտքը։ Ապա արդեն ավելանում է տնային տնտեսությունների պարտքային բեռը, տեղի են ունենում տնտեսական ռեֆորմներ, սկսվում է կապիտալի ներհոսք, ազգային արժույթը զգալիորեն ամրապնդվում է։ Սակայն եթե տնտեսությունը ներկրումներից կախված է, նման ամրապնդումն իր հետ բերում է բնորոշ խնդիրներ։ Ֆինանսական սեկտորի ուժեղացմանը զուգահեռ, արդեն հաջորդիվ բիզնեսը՝ թե՛ խոշոր եւ թե՛ միջին ու մանր, հասանելիություն է ստանում արտարժութային կամ ազգային արժույթով մեծածավալ վարկերին, ինչի հետեւանքով ավելանում է բիզնեսի պարտքային բեռը։ Երեք տասնամյակի ընթացքում Թուրքիան անցել է այս փուլերով։ Սրան եթե գումարեն նաեւ մաքսատուրքային պատերազմն ու տնտեսության, այսպես կոչված, «գերտաքացումը», որի մասին ժամանակին ահազանգել էր Արժույթի միջազգային հիմնադրամը, կարելի է մոտավորապես պատկերացնել այն պատճառներն ու խորքային խնդիրները, որոնք էլ հանգեցրել են թուրքական տնտեսության ճգնաժամին եւ նման բարձր ինֆլյացիային։