Հայաստանի եվրոպական կողմնորոշման ամրապնդումը
Ընթացիկ շաբաթը Հայաստանի համար նշանավորվեց եվրոպական կողմնորոշման եւ ինտեգրման առումով միաժամանակ ու զուգահեռ կատարված մի քանի որոշիչ քայլերով, որոնք, հուսանք, գործընթացը դարձնում են անշրջելի։ Ամենից նշանակալիցը, իհարկե, ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նոյեմբերի 13-ի նիստում Հայաստանի վերաբերյալ արված հայտարարություններն էին։ Անցյալ տարի՝ 2022-ի հոկտեմբերին, Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդներ, իսկ 2023-ի փետրվարից ԵՄ առաքելություն տեղակայելուց հետո, ինչով գործնականում ապահովվեց ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը 2022-ի սեպտեմբերից ի վեր, ընթացիկ շաբաթ Բրյուսելից հայտարարվեց ԵՄ-ի կողմից ձեռնարկվող երկրորդ նշանակալից քայլի մասին։
Արտաքին գործերի խորհուրդը (Foreign Affairs Council), ԵՄ ԱԳ նախարարների գագաթնաժողովի ձեւաչափն է, որը գումարվում է ավելի հաճախ, քան ԵՄ առաջնորդների` European Council գագաթնաժողովները եւ նախապատրաստական փուլ է դրանց ընդառաջ։ Եվրոպական խորհրդի (European Council) առաջիկա նիստը նախատեսված է հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 14-15-ինմ եւ մեծ հավանականությամբ այնտեղ վերջնական տեսք կստանա եւ կձեւակերպվի այն, ինչ այս շաբաթ արդեն հայտարարվեց ԱԳ նախարարների գագաթնաժողովի արդյունքով։ Քայլերը, որ սպասվում են, դժվար է թերագնահատել․
“… Building on that, the Council agreed to explore the possibility to provide non-lethal support to Armenia under the European Peace Facility and strengthen the EU Mission in Armenia, to allow for more observers and more patrols, including into sensitive areas. Ministers also touched on the option to allow for visa-liberalisation for Armenia”.
Թարգմանաբար՝ «… Այդ հենքի վրա, Խորհուրդը համաձայնեց ուսումնասիրել Հայաստանին ոչ մահաբեր զենքերի օժանդակություն տրամադրելու հնարավորությունը՝ European Peace Facility-ի ներքո եւ ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը, ընդգրկելով ավելի շատ դիտորդներ եւ ավելի շատ պարեկներ՝ ներառյալ վտանգավոր տեղանքներում։ Նախարարները նաեւ անդրադարձան Հայաստանի համար մուտքի արտոնագրերը ազատականացնելու տարբերակներին»։
Ի՞նչն է այստեղ նշանակալիցը եւ ուշագրավը։ Առհասարակ այն պահից, երբ 2022-ի փետրվարին բռնկված ռուս-ուկրաինական պատերազմին ի պատասխան նույն տարվա մայիս-հունիսին Եվրամիությունը ընդունեց արտաքին քաղաքականության պաշտպանական եւ անվտանգային խնդիրների Strategic Compass-ը առաջիկա տարիների համար, դրանում առարկայացած նորարարություններից մեկը ԵՄ՝ մինչեւ 300 հոգանոց դիտորդական եւ մինչեւ 5 հազար հոգանոց խաղաղապահ միավորումների ստեղծումն էր, որոնք անհրաժեշտության պարագայում պետք է տեղակայվեն ԵՄ-ին հարեւան երկրներում եւ տարածքներում։ Դիտորդական առաքելությունը դեռ կազմավորման ընթացքում արդեն գործուղվեց Հայաստան։ Դրանից հետո հարցն այլեւս այն էր, թե երբ է ԵՄ արդեն սպառազեն առաքելություն ժամանելու Հայաստան, ինչը թույլ կտա «մնաս բարով» ասել ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, ԱՊՀ-ին եւ մնացյալ ռուսական պոչերին։
Պարզ է, որ այդ ընթացքը լինելու է աստիճանական եւ սահուն, միեւնույն ժամանակ, սակայն, շատ արագ։ ԵՄ հաջորդ ընդլայնումը՝ լինելու է մինչեւ 2030թ, սա արդեն պաշտոնապես հայտարարված է եւ հայտարարված է նաեւ, որ այդ ընդլայնումը ընդգրկելու է 10 երկիր։ 10 երկրների անունները դեռ չեն հայտարարվել, սակայն քարտեզին նայելով էլ պարզ է, որ ԵՄ-ին անդամակցող երկրների շարքում լինելու են չորս Բալկանյան երկրները եւ Արեւելյան գործընկերության չորս երկրները՝ ներառյալ Հայաստանը, որոնց հետ դեռ մեկ տասնամյակ առաջ Ասոցացման համաձայնագրեր բանակցվեցին եւ ստորագրվեցին։ Միայն Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը չստորագրեց, ինչի համար էլ տարիներ կորցրեց եւ 2017-ին ստորագրեց CEPA-ն։
Գալով այսօրվան, Եթե Ուկրաինայի ու Մոլդովայի հետ արդեն սկսվում են անդամակցության բանակցություններ, Վրաստանին տրվում է թեկնածուի կարգավիճակ, պարզ է, որ Հայաստանի համար պետք է անվտանգային հարցեր կարգավորվեն եւ դրան զուգահեռ արդեն մեծ արագությամբ անդամակցության ճանապարհի քայլերը սկսվեն՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի համար դիմելուց սկսած։
Այդ ճանապարհին, իհարկե, դարակազմիկ տեղաշարժ է եւ ավելի քան հրաշալի է, որ ֆրանսիական սպառազինությունը արդեն ժամանում է Հայաստան։ Երբ դրան գումարվի նաեւ European Peace Facility-ի խողովակով ստացվող զենք-զիանտեսակներ, շատ ավելի լավ պայմաններում կլինենք, սակայն որոշիչ եւ ծանրության կենտրոն փոխող իրադարձությունը ԵՄ սպառազեն խաղաղապահ առաքելության՝ ՀՀ սահմաններին կանգնելն է։ Համաձայն Strategic Compass-ի ԵՄ սպառազեն միավորումը՝ խաղապահ առաքելությունների համար պետք է կազմավորված լինի եւ ըստ անհրաժեշտության գործարկվի 2025-ից։ Սակայն մինչ այդ, եթե ԵՄ անդամ երկրները սեփական զինուժով եւ ֆինանսավորմամբ պատրաստակամություն հայտնեն խաղաղապահ գործունեության իրականացնելու, դրան կտրվի ԵՄ առաքելության կարգավիճակ։ Դա նշանակում է, որ 2024թ-ի ընթացքում արդեն Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ եվրոպական երկրների զինվորականներից կազմված լիովին սպառազեն առաքելություն կարող է կանգնել Հայասատանի սահմաններին։ Մնում է քաղաքական քայլերը տանեն այդ հանգրվանին։
Երբ անցյալ ամիս Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան Երեւանում հայտարարեց, որ ինքը պաշտոնապես դիմել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եւ Բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին Հայաստանում ԵՄ առաքելությունն ընդլայնելու եւ հզորացնելու առաջարկով, դրանով պաշտոնապես ազդարարվում էր, որ զարգացումներ են սպասվում։ Եթե խոսքը գնար միայն դիտորդների քանակական ավելացման, մշտադիտարկումների բազմապատկման մասին, դա կկոչվեր լոկ առաքելության ընդլայնում։ Սակայն եթե խոսվում է հզորացման մասին, դա սպասելի է, որ որակական փոփոխության քայլ լինի։ Այն, որ նոյեմբերի 13-ին Հայաստանում ԵՄ առաքելության առնչությամբ հայտարարվել է patrols՝ պարեկների մասին, որոնք պետք է սահմանային վիճակին հետեւեն վտանգավոր տեղանքներում, մեծ հավանականությամբ զգալի թվով եւ զինված դիտորդների մասին է խոսք գնալու, որը երեւի միջանկյալ փուլ կլինի սպառազեն խաղաղապահ առաքելության տեղակայումից առաջ։
Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում ԵՄ առաքելության՝ EUMA-ի կարգավիճակում եւ գործառույթներում կատարվող տեղաշարժերը կդառնանան ավելի հստակ եւ հասկանալի։ Իսկ մինչ այդ, այն, որ ընթացիկ շաբաթ Բրյուսելում ու Լոնդոնում Հայաստանի անվտանգության հարցեր էին քննարկվում ռազմավարական երկխոսության ձեւաչափերում (ՀՀ-ի եւ ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստում՝ Լոնդոնում եւ Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստում՝ Բրյուսելում) խոսում է Հայաստանի՝ եվրոպական քաղաքական եւ անվտանգային համակարգերին ինտեգրվելու գործընթացին հաղորդված աննախադեպ արագացման մասին։
Կարծիքներ