Ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն ա ծխում․ վարչապետ

Ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն ա ծխում․ վարչապետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Ըստ նախարարի՝ այս նախագիծը քննարկվել է մոտավորապես մեկ տարի, և կարող են ասել, որ այն բավականին քննարկված ու գրեթե բոլորի կարիքները հաշվի առած նախագիծ է։

Նախագծով ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ և կիսափակ տարածքներում որոշակի սահմանափակումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում։ Նախագծով կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի այս նախաձեռնությունը շատ է քննադատվել և տևական ժամանակ հետաձգվում էր, բայց Թորոսյանը, փաստորեն, հասավ իր ուզածին։ Նախարարը վստահ է, որ այս օրենքի ընդունումը հանգեցնելու է մեր հասարակության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը, և որ հիմա է դրա ժամանակը, դեռ մի բան էլ ուշացած է։

Ընդ որում, այս օրենքի ոչ բոլոր դրույթները կմտնեն ուժի մեջ անմիջապես ընդունվելուց հետո։ Հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն 2021-22 թվականից սկսած։

Նախագծի շրջանակում մի դիտարկում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս կառավարությունն ամենաչծխող կառավարություններից մեկն է։ 

«Մեր կառավարությունում ծխողների վիճակագրությունը 20 տոկոս է, կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում։ Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում։ Իրավապահ բլոկում չգիտենք՝ ինչ վիճակ է, ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն ա ծխում»,-ասաց վարչապետը, ու դահլիճում փռթկացրին։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքը 2004 թվականից ի վեր չի ծխում և շատ ուրախ է դրա համար։