Նա բացահայտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք միայն բանաձև են գտնում

Նա բացահայտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք միայն բանաձև են գտնում

Անդրաշ Շիֆը մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից է: Լեգենդ դարձած անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի եւ հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի եւ Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Անդրաշ Շիֆը  ծնվել է 1953թ․, Բուդապեշտում, ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պալ Կադոսայի, Դյորդ Կուրտագի եւ Ֆերենց Ռադոշի հետ, իսկ ավելի ուշ՝ Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ:

Իբրեւ մենակատար եւ դիրիժոր՝ Սըր Անդրաշ Շիֆը հանդես է գալիս Բեռլինի եւ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի եւ Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով հանդես է գալիս Քարնեգի համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում եւ երաժշտական կենտրոններում:

Դաշնակահարը ձայնագրում է բացառապես «ECM Records»-ի համար: Հայտնի են Բեթհովենի եւ Շուբերտի բոլոր սոնատների, Բախի լավ տեմպերացված կլավիրի հատորների, պարտիտատների եւ այլ հայտնի երկերի պատմական ձայնագրությունները:

1999թ․ նա հիմնադրել է իր կամերային նվագախումբը՝ «Cappella Andrea Barca»-ն, որը միավորում է մենակատարների եւ կամերային երաժիշտների: Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989թ․ Սըր Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչեւ 1998թ․: 1995թ․ նա Հայնց Հոլիգերի հետ հիմնադրում է «Ittinger Pfingstkonzerte» փառատոնը՝ Շվեյցարիայի« «Իթինգեն» կարտեզյան վանական համալիրում: 1998թ․ նա Վիչենցայի Օլիմպիական թատրոնում հիմնում է «Մեծարանք Պալադիոնին» երաժշտական շարքը:

Սըր Անդրաշն իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ․ նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ․ նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ․ դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։

2011թ․ երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության եւ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաեւ Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաեւ Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան:

2014թ․ հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։ Անդրաշ Շիֆի՝ «Երաժշտությունը ծնվում է լռությունից» գիրքը, որն էսսեների եւ Մարտին Մայերի հետ զրույցների ժողովածու է, հրատարակվել է 2017թ․՝ «Բերենրայթեր եւ Հենշել»-ի կողմից: