Ռեստավրացիա՞, թե՞ աչքակապոցի ռեստավրացիայի անվան տակ

Ռեստավրացիա՞, թե՞ աչքակապոցի ռեստավրացիայի անվան տակ

1980 թվականին ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու նկարիչ Արա Շիրազի համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը Երեւանում, որի ետնամասում առկա են սյունապատեր, որոնք պարունակում են խորհրդանշական էլեմենտներ ու ճարտարապետա-քանդակային ուրույն պատկերներ-տաշվածքներ։ Արձանն ու ետնասյուները մեկ ամբողջական կոթող են, որն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում։ Սակայն, արի ու տես, որ այժմ այդ արձանի ետնամասի սյուների քարերը ուղղակի հանվում են և, ըստ տեղեկությունների, ոչ թե վերականգնվելու են, որը թանկ հաճույք է, այլ ուղղակի նոր քարերի վրա նմանատիպ տաշվածքներ ու պատկերներ են փորագրելու և դրանցով հավաքելու են արձանի սյուները։

Սա ուղղակի խայտառակություն ու հանցագործություն է սեփական պատմության ու մշակութային արժեքերի հանդեպ։ «Կարգին» Հայկոն ինչպես է թույլ տվել նման վերաբերմունք պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցների ու հարաբերական հին շինությունների նկատմամբ, որտե՞ղ է Արթուր Մեսչյանը՝ հեռացել է եւ վայելու՞մ է իր պրեմիաները։ Չնայած հենց այս զույգի թեթև ձեռքով քանդվեց Լուսավորության նախարարության շենքի ֆասադային գեղեցիկ հատվածը, թույլ տրվեց, որ Փոքրիկ երգիչների շենքը կամաց-կամաց քանդվի։ Եւ սրան զուգահեռ էլ քաղաքում տարբեր տեղերում ծլեն նոր անճոռնի կառույցներ, որոնք, թվում է, նոր իշխանությունների ժամանակ թույլտվություն չպետք է ստանային։