Հայտնի է՝ ովքեր են դարձել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ

Հայտնի է՝ ովքեր են դարձել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ

Արդարադատության նախարարությունը հրապարակում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, բայց հանձնաժողովը, չգիտես ինչու, մերժել է նրա հայտը։