Պլեբիսցիտի փուչիկը

Պլեբիսցիտի փուչիկը

Եվ ուրեմն՝ այսպես կոչված թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած «մենշեւիկների» հանրաքվեն, որ օրենքի ու սահմանադրության բազմաթիվ խախտումներով (թիվը կորցրել եմ, կներեք)  սաղմնավորվեց ԱԺ-ում, հնարավոր է տեղի ունենա ապրիլի 5-ին: Կարծեմ՝ 20 թվի: Ի դեպ՝ համոզվելու համար պետք է մի անգամ էլ ստուգել ՀՀ նախագահի ստորագրած թղթի մեջ նշված ամսաթիվը, այլապես նախագահականից սկսել են խաղեր տալ, թե բա նորին գերազանցությունն այդ թուղթն էն իմաստով չի ստորագրել, ինչպես կարծում են ոմանք:

Ոմանցից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է, հա՞, որ սխալ էր հասկացել նախագահին ու հրճվալից լայվ մտել օպերայից… Լավ, եկեք ավելի լուրջ խոսենք սպասվող բոլոլայի մասին, որովհետեւ ինչքան էլ անտեսենք, բոյկոտենք, «ոչ» ասենք, շուլուխի տանք, միեւնույն է, այն տեղի է ունենալու եւ կապված է մեր ժողովրդի հետ: «Մենշեւիկները» կարող են վաղը հայտարարել, որ սա աննախադեպ եւ պատմական իրադարձություն է, ու մենք անհաղորդ կմնանք «պատմական անցքին»:
Եվ այսպես՝ մեր առաջին լուրջ արձանագրումն այն է, որ իմքայլական Նիկոլ Փաշինյանի անհատական, եթե կուզեք՝ անձնական «փուչիկն» ԱԺ-ում որոշում դառնալուց մի քանի օր անց վերածվեց հավաքական փուչիկի: Սա փաստ է:

ՍԴ դատավորներին (բացի 1-ից) գործից հանելու հարցով հանրաքվեին միացան ՀԱԿ-ը (Լեւոն Տեր-Պետրոսյան), «Հանրապետությունը» (Արամ Սարգսյան) եւ մի քիչ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ի՞նչ կարելի է ասել «մենշեւիստական» այս խմբակի մասին: Արտաքուստ այն ամենահների ու ամենանորերի մի կոնգլոմերատ է կամ խառնուրդային ընկերություն, որի կազմում եղած մանր միավորներից յուրաքանչյուրն ավելի թույլ է, քան դրանց հանրագումարը: Տնտեսության մեջ կոնգլոմերատներ ստեղծվում են շուկայում անկախության եւ ինքնաբավության հասնելու նպատակով: Կարող են, օրինակ, ծխախոտ արտադրող որոշ ընկերություններ զբաղվել նաեւ պաղպաղակի կամ քաղցրավենիքի արտադրությամբ, ավտոմեքենաների վարձույթով, տարատեսակ ապրանքների ներկրմամբ եւ այլն: Քաղաքական դաշտում դա դրսեւորվում է մի քիչ այլ կերպ՝ քաղաքական երանգավորումներով: Ահավասիկ՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի փուչիկ, որն ուզում է ծախել Պողոսի վրա: Այսինքն, Փաշինյանին պետք է, որ Պողոսն ամեն գնով առնի այդ փուչիկը: Պողոսն էլ, թարսի պես, անկանխատեսելի է: Ի՞նչ անել: Պողոսին փող առաջարկել չի կարող, խաբել՝ արդեն չի ստացվում, պոպուլիզմի վերջին փամփուշտներն էլ կրակել, վերջացրել է:

Կեղծե՞լ հանրաքվեի արդյունքները: Իր ձեռքո՞վ… Եվ այս դժվար պահին «իմքայլության» կողքին է հայտնվում պապին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ասում՝ Նիկոլ ջան, դուխով, ես կողքիդ եմ, էդ «գործը» թող պրոֆեսիոնալներին: Ասում է ու համարձակ բռնում փուչիկի թելից: Այսուհանդերձ՝ պապ ու թոռ մի քիչ անհամոզիչ էին, որովհետեւ հանրաքվեի առանձին փուլեր համընկնում են արցախյան խնդրի սրացումների հետ, իսկ իրենք այդ հարցով առանձնապես ասելիք ո՛չ ունեցել են, ո՛չ էլ ունենալու են: Հետեւաբար՝ նրանց հերոս էր պետք, իսկ Երկրապահի Սասունը չէր ձգում: Կարճ ասած՝ էս գործում սպարապետի կարգի մարդ էր պետք, ու որոշում են, որ դա կարող է լինել սպարապետի եղբայր Արամը: Վերջերս մի քիչ արեւմտամետ էր դարձել, բայց ոչինչ, հանրաքվեն, ի վերջո, աշխարհաքաղաքական հարց չէ: Եվ Արամը գալիս ու, քանի որ ուրիշ զբաղմունք էլ չունի, խելոք բռնում է փուչիկի թելից: Էս քեզ՝ երեք: Իյա՞, բա նախագա՞հը… Չեմ մոռացել:

Գիտեմ, նախագահը Նիկոլի փուչիկի թելից առաջինն էր բռնել, ուղղակի այս օրերին երեւի Հայաստանում չէ, գնացել է Բուքիքիոյին դարձի բերելու, այլ խոսքով՝ փուչիկի համար միջազգային աջակցություն ապահովելու: Այլապես իմքայլական առանձին քինդերսյուրպրիզներ ինչ ասես չեն ասում եվրապաշտոնյաների հասցեին. է՛լ կաշառակեր, է՛լ կոռուպցիոներ, է՛լ սերժական… Մի խոսքով՝ Արմեն Սարգսյանին թողնենք աշխատի: Նա դեռ պետք է նաեւ հասկանա՝ ճի՞շտ թուղթ է ստորագրել, թե՞ շառոտ բան, որի համար կարող են նույնիսկ բերման ենթարկել:

Այս պահին «մենշեւիկյան» կոնգլոմերատի առաջնահերթ խնդիրն է՝ «ոչ»-ի ճամբար ունենալը: «Այո»-ն կա, մնում է «ոչ»-ը, իսկ առանց «ոչ»-ի, հանրաքվեն, ասես, հանրաքվե չլինի: Մնացած քաղաքական ուժերը, այսպես ասած՝ «բոլշեւիկները», կարծես չեն շտապում «ոչ»-ի շտաբ բացել: Ավելին, չեն ուզում փուչիկի թելից բռնել եւ օրինականացնել Պողոսի վրա մի անպետք իր սաղացնելու այս գործարքը: Իրավիճակը բարդ է: Իշխանական «հրաշալի եռյակը» կա, բայց չկա «ընդդիմությունը», որը, ինչպես ժողովրդավարությունն է պահանջում, պարտավոր է այնպես անել, որ հետո աշխարհին համոզեն, թե Պողոսը գիտակցված է գնել Նիկոլի փուչիկը: Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իշխանությունն ինքը կձեւավորի «ոչ»-ի շտաբ՝ կազմված հեղափոխության հանդեպ լոյալ հասարակական ու քաղաքական դեմքերից: Վատ տարբերակ չէ, սակայն դա պետք է անել այնպես, որ Պողոսը գլխի չընկնի: Բայց ո՞նց գլխի չընկնի, երբ ամեն կողմից Պողոսին ասում են՝ եղունգ ունե՞ս, գլուխդ քորի, Պողոս, դու ինչի՞ տեր ես, որ մի հատ էլ փուչիկ առնես: Ու եթե այս հորդորին մի քիչ էլ իշխանությունների բացած «ոչ»-ի շտաբի ձեւական քարոզչությունն ավելանա, չի բացառվում, որ Պողոսը, այո, գնա ընտրատեղամաս եւ ասի․ «ոչ», ինձ փուչիկ պետք չէ:

Ամենայն ազնվությամբ՝ չեմ ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ի այլայլմունքը: Հավես չկա: Ձեռքն ինչ ընկավ այդ պահին, տալու է գետնով: Իսկ Արման Բաբաջանյանին, որին մուշտարի կանչելու պատասխանատու գործն են վստահել, խորհուրդ կտամ՝ այդ օրը Փաշինյանի աչքին չերեւա: Փոխանակ փուչիկ բռնող բերի, Պողոսին ոգեւորի, Արմանը բայաթի է միացրել, թե վախ, վախ, վախ, եթե «ոչ»-ը հաղթի, հեղափոխական իշխանության համար կարող է վատ լինել: Եվ նույնիսկ այս օրերին է ձեռքի հետ կլյաուզաներ գրում․ Արմեն Աշոտյանի ծանոթ-բարեկամները ՊԵԿ-ում են աշխատում, պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչպես են պայքարում կոռուպցիայի դեմ: Բա լսե՞լ եք՝ Տիգրան Ուրիխանյանը համագործակցելու է Քոչարյանի հետ եւ ԱԺ-ում հեղափոխության դեմ է պայքարելու: Օտարերկրյա հատուկ ծառայությունը «վերբովկա» է արել ՍԴ առնվազն մեկ դատավորի: Վանեցյանը նենգորեն հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցին: Այ Արման, «էստի համեցեք» կանչիր, էդ ինչո՞վ ես զբաղված:

Ավարտեմ մի անսպասելի հարցադրումով: Ինչպե՞ս ճիշտ բնորոշել ապրիլի 5-ին տեղի ունենալիք բոլոլան՝ հանրաքվե՞, թե՞, այնուամենայնիվ, պլեբիսցիտ: Ասեմ, որ երկուսի դեպքում էլ հստակեցվում է հանրության կարծիքը որեւէ հարցի վերաբերյալ: Բայց դրանք, այնուամենայնիվ, տարբեր բաներ են կազմակերպման եւ անհրաժեշտության տեսանկյունից: Հանրաքվե, օրինակ, կարող է կազմակերպվել նաեւ ժողովրդի կամ նրա որոշակի խավերի պահանջով: Հանրաքվեն, ընդունված է ասել, ուժեղացնում է ժողովրդին, իսկ ահա պլեբիսցիտ կազմակերպում է կառավարությունը: Չդիմանալով ընդդիմության ճնշումներին՝ կառավարությունները դիմում են ինքնապաշտպանության, որոնցից մեկն էլ պլեբիսցիտն է՝ որպես գործիք:

Կարելի է ասել՝ պլեբիսցիտն ուժեղացնում է կառավարությանը եւ երկարաձգում նրա կյանքը: Հանրաքվեի հարցադրումը, սովորաբար, լինում է որեւէ խնդրի շուրջ, վերաբերում է հանրության կյանքի կազմակերպման հիմնահարցերին: Լավագույն օրինակը 2015թ. սահմանադրական հանրաքվեն է, որով կիսանախագահական Հայաստանը դարձավ խորհրդարանական կառավարման համակարգով երկիր: Այն ժամանակ, ի դեպ, «ոչ»-ի շտաբը «այո»-ի շտաբից մեկ օր շուտ ստեղծվեց: Մինչդեռ պլեբիսցիտի հարցադրումը միշտ ավելի նեղ է: Այն կարող է կազմակերպվել անգամ այնպիսի հարցով, ինչպիսին ավտոներկրողների հարցն է կամ, ասենք, սպանդանոցների: Ժողովուրդն ասի՝ «ոչ»,  ուրեմն ո՛չ սպանդանոցներին: Դրանից հետո, հասկանալի է, կառավարությունը պարտավոր չէ իրերը հավաքել եւ գնալ տուն:

Փաշինյանի կառավարությունն այսօր պլեբիսցիտ է անում մի փուչիկ հարցով, բայց, քանի որ տառապում է գիգանտոմանիայով, դա ներկայացնում է որպես մեծ քաղաքական օրակարգ: Բոլորը, անգամ քաղաքական ուժեր, շփոթված են՝ մեկ նայում են քանքարավոր «եռյակին», մեկ՝ նրա բռնած փուչիկին ու բան չեն հասկանում՝ մի քանի դատավորից ազատվելու համար այսքան բոլոլա՞… Ու դեռ պարզվում է, սա արդեն Արման Բաբաջանյանն է պարզել, այս «հանրաքվեում» պարտվելը հավասարազոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ հրահրելուն: