Հունաստանն առաջին անգամ կունենա կին նախագահ

Հունաստանն առաջին անգամ կունենա կին նախագահ

Հունաստանն առաջին անգամ կղեկավարի կին նախագահը։ Այդ երկրում նախագահ է ընտրվել Եկատերինա Սակելարոպուլուն, ով նախկինում եղել է Հունաստանի Պետխորհրդի բարձրագույն վարչական ատյանի նախագահը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Սակելարոպուլուի օգտին քվեարկել են 300 պատգամավորներից 200-ը։ Ըստ Հունաստանի օրենսդրության, նախագահը ընտրվում է վարչապետի ներկայացմամբ, պառլամենտի կողմից 5 տարի ժամկետով։ Իրենց ներկայացուցիչներին կարող են առաջադրել նաեւ պառլամենտական ֆրակցիաները։ Հունաստանի նախագահը ունի հիմնականում արարողակարգային-ներկայացուցչական լիազորություններ։ Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին, ինչպես որ Հայաստանում է։ Նշենք, որ գործող նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի լիազորությունների ժամկետն ավարտվում է այս տարվա մարտի 13-ին։