Մի՛ վիրավորեք գյումրեցուն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքի իր էջում հակադարձել է Mediaport կայքի հետևյալ հրապարակմանը․ «Երեկ կեսօրին միջադեպ է եղել Գյումրիի Պոլիգոն թաղամասում: «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը դուրս գալիս է եղել շինանյութի խանութից, երբ թաղի տղամարդիկ նկատելով պատգամավորին, սկսել են հայհոյանքեր տեղալ նրա հասցեին: Սարուխանյանը փորձել է հակադարձել, ի պատասխան սկսել են Նիկոլ Փաշինյանին հայհոյել, որից հետո «իմքայլականը» նստել է մեքենան ու փախել: «․․․ էլ մեր թաղերում չերևաս»,- ճողոպրող պատգամավորի հետևից բղավել են թաղի տղամարդիկ»:
Լ
ուրը թեև հունից հանել է Շիրակի նախկին մարզպետին, բայց նաև առիթ է տվել նույնիսկ այս ճղճիմ թեմայի շրջանակներում «զեկույց» հղել իր քաղաքական տերերին առ այն, թե Գյումրիում, իբր, լրիվ նիկոլական տրամադրություններ են, ավելին, ինչպես պնդում է պատգամավորը, «ծանոթներս ինձանից պահանջում էին, որ մեր քաղաքական թիմը կոշտ վերաբերմունք ցուցաբերի նախկին թալանչիների նկատմամբ ու վերջ տա թավիշին, ինչը ես խոստացա նրանց»:
Անհայտ է՝ ինչպե՛ս և ե՛րբ է պատգամավորը կատարելու «թավիշին վերջ տալու» իր խոստումը, սակայն նկատենք․ Կարեն Սարուխանյանը խորհրդարանի և «Իմ քայլը» խմբակցության ամենաաննկատ պատգամավորներից է, երբևէ աչքի չի ընկել ո՛չ պատգամավորական գործունեությամբ, ո՛չ հասարակական-քաղաքական ակտիվությամբ․ ոչնչով։ Նույնիսկ շիրակցի ռազմագերիների խնդրով Արցախ մեկնեցին շիրակցի կին պատգամավորները («առյուծն առյուծ է․․․»՝ Սոֆյա Հովսեփյան, Նազելի Բաղդասարյան), բայց ո՛չ Կ․ Սարուխանյանը։ Հետևաբար ինչո՛ւ պիտի որևէ լրատվամիջոց, այդ թվում Mediaport-ը, փորձեր չեղած տեղը պատմություն հորինել նրա դժգույն անվան շուրջ։
Բայց սա դեռ զարմանալի չէ․ զարմանալին պատգամավորի գրառման եզրափակիչ մասն է, որտեղ ասվում է․ «Գյումրեցին իմաստուն է և գիտի ում հետ ոնց է խոսում, ու որ գյումրեցին, անկախ ամեն ինչից, այսօր կանգնած է մեր քաղաքական թիմի կողքին»։
Համաքաղաքացիների սիրտը «իմաստուն» ածականով առնող սույն անձն իսկապե՞ս չի հասկանում, որ պատվախնդիր գյումրեցուն, այսչափ աղետից ու կորուստներից հետո, «կանգնեցնելով» իր քաղաքական թիմի «կողքին»՝ ինքը խորապես վիրավորում է նրան։ Որքա՛ն անարժանապատիվ պետք է լինի մարդը, գյումրեցի՛ մարդը, որ այսքանից հետո կանգնած մնա ավերիչ ու ապիկար այն «ուժի» կողքին, որի մի ներկայացուցիչն է Կ․ Սարուխանյանը։ Մանավանդ պատգամավորը նաև այնքա՛ն աննրբանկատ է, որ չի վարանում ասելու՝ «անկախ ամեն ինչից»։
Մարդն ակնհայտորեն չի գիտակցում իր ակնարկած «ամեն ինչի» ողբերգական չափերն ու զարհուրելի գինը, եթե ասում է՝ «անկախ»։
Կարծիքներ