82 տարեկան հիվանդ կնոջ թոշակի իրավունքը դադարեցրել են

82 տարեկան հիվանդ կնոջ թոշակի իրավունքը դադարեցրել են

Գրետել Սարիբեկի Ստեփանյանը 2020 թվականին՝ նախաքովիդյան ժամանակաշրջանում, մեկնել է ամուսնու մոտ՝ Սանկտ Պետերբուրգ։ Բայց համավարակի, ճանապարհները փակվելու պատճառով Գրետելը չի կարողացել վերադառնալ: Մեկ տարվա ընթացքում չի կարողացել ներկայանալ ՀՀ սոցիալական ծառայություն, ինչպես պահանջում է օրենքը, ու մնացել է առանց թոշակի։ Եթե ՀՀ-ից բացակայող քաղաքացին մեկ տարում չի ներկայանում սոցիալական ծառայություն, ապա օրենքով թոշակ ստանալու նրա իրավունքը դադարեցվում է: 

Գրետելի հիվանդությունը բացահայտվում է հանկարծակի: Մի օր Պիտերի մետրոյում կորում է: Մի ամբողջ գիշեր անցկացնում է ոստիկանությունում եւ այդպես էլ չի կարողանում հիշել, թե ինքն ով է, ու որտեղ է տունը։ Բժիշկները սկլերոզ են ախտորոշում։ Հիմա տիկին Գրետելին հարազատները տնից դուրս չեն թողնում: Մեր կառավարությունն էլ 82 տարեկան տիկնոջը զրկել է թոշակ ստանալու իրավունքից։ 

«Սովետի օրոք ասում էին՝ պետք է գող չլինես, պետությունից գողանալը մեկ է, թե եղբորիցդ, քրոջիցդ, ընկերոջիցդ գողանաս։ Իսկ հիմա պետությունն է թոշակառուից գողանում հասանելիքը, այն էլ՝ հիշողությունը կորցրած մի խեղճ կնոջից»,- ասում է Գրետելի ամուսինը՝ տրամվայի հավաքակայանի նախկին տնօրեն, երդվյալ կոմունիստ Ասքանազ Խաչատրյանը: Նա իր «Երեւանյան տրամվայի հեքիաթն ու իրականությունը» գիրքը թեւի տակ դրած՝ եկել էր «Հրապարակի» խմբագրություն։ 10 տարի տրամվայի «պարկ» է ղեկավարել,  պարծենում է․ «Ինձնից առաջ տարին մեկ-երկու տնօրեն էր փոխվում պարկում։ Իսկ ես աշխատեցի տասը տարի, որովհետեւ ես ձեռք չեմ մեկնել երբեք»։

Հիմա Ասքանազ Խաչատրյանը ստիպված է ձեռք մեկնել, բայց ոչ թե գողանալու, այլ սեփական կնոջ օրինական թոշակը ստանալու համար։ 

Մարտի 27-ին եկել է Երեւան՝ գիրքը տպարան հանձնելու նպատակով, նաեւ հիվանդ կնոջ թոշակը ստանալու հույս ունի։ Իր հետ լիազորագիր է բերել, որով Գրետելը թույլատրում է Ասքանազին ստանալ իր կենսաթոշակը։

Սոցիալական ապահովության ծառայությունում հին կոմունիստին պատասխանել են՝ մեկ տարին լրացել է, թող Գրետել Ստեփանյանը ներկայանա ու վերջ։ Ասքանազ Խաչատրյանն էլ սոցապի աշխատողներին առաջարկել է․ «Դուք՝ որպես կառավարության ներկայացուցիչ, դիմեք ԱԳՆ, թող ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պահանջի կնոջս փաստաթղթերը»։ Ի պատասխան՝ ուսերն են թափ տվել։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանին հարցրինք, թե ինչ կարող է անել Ասքանազ Խաչատրյանը, ինչպես կարող է կնոջ թոշակը ստանալ: Նրա պատասխանը հնչեց որպես դատավճիռ. «Գրետել Ստեփանյանի կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 01.09.2020-ին, 12 ամիս բանկ չներկայանալու հիմքով: Դադարեցված գործի իրավունքի վերսկսումն օրենսդրությամբ սահմանում է անձամբ դիմումի ներկայացում:

Լիազորագրի հիման վրա վճարման վերսկսում սահմանված չէ»: Սա մարդու իրավունքը խախտող դրույթ է, որը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել տարիներ շարունակ եւ վաղուց ենթակա է վերացման: Բայց այս կառավարությունը հասարակ մարդկանց խնդիրները լուծելու ժամանակ չունի: