Իրենք իրենց քարոզարշավն ու աթոռը չեն թողնի, ընկնեն մեր գերի էրեխեքի հետեւից

Իրենք իրենց քարոզարշավն ու աթոռը չեն թողնի, ընկնեն մեր գերի էրեխեքի հետեւից

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Արմավիրի մարզ էր մեկնել՝ նախընտրական քարոզարշավի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն քարոզարշավի առաջին օրը նվիրեց նախկիններին, ավելին կոնկրետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Խոսք չկար նախընտրական ծրագրի, «ապագայի քայլերի», իր արած-չարածի վերլուծության մասին, կար միայն ու միայն Ռ․ Քոչարյան։ 

Այս ամենից զատ, նա կրկին արեց հայտարարություններ, որոնք քննարկման տեղիք տվեցին, աղմուկ առաջացրին, իսկ արտահայտություններից մեկն ուղղակի ահասարսուռ հնչեց։ Նիկոլ Փաշինյանը համայնքներից մեկում հայտարարեց, որ պատերազմում զոհվածների պաշտոնական թիվը 3․700-ին մոտ է՝ 4 հազարը չի անցնի, եւ դատապարտեց նրանց, ովքեր թվերը մեծացնում են։ Ասաց, որ դրանով թշնամու ջրաղացին են ջուր լցնում, իսկ Արմավիր գյուղում յուրօրինակ ներողություն խնդրեց, որ չեն կարողանում լուծել գերիների հարցը․ «Նրանք մեզ կներեն մեկ-երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»։ 

Այս արտահայտության համար Նիկոլ Փաշինյանին համացանցում անիծեցին, հայհոյեցին, քննադատեցին, մեղադրեցին սրբապղծության եւ գերիներին մոռանալու համար։ Իսկ ինչպե՞ս են ընկալել այս արտահայտությունը անհետ կորածների եւ գերիների հարազատները։
Որդուց ամիսներ շարունակ լուրի սպասող տիկին Նաիրան, որն անհետ կորած համարվող Ժիրայր Մարգարյանի մայրն է, ասում է՝ որդուցս դեռեւս տեղեկություն չունեմ․ «Իմ որդու վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա, ոչ մի բան չգիտենք, գերիների ենթադրյալ ցուցակում է»։ Նա, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի այն հատվածին, թե տղաները մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, ասաց․ «Շատ վատ եմ արձագանքում, եթե ծնողը չգիտի՝ իր երեխան գերության մե՞ջ է, թե՞ չէ։ Ծնողը ո՞նց  կհամակերպվի այն մտքի հետ, որ 7-8 ամիս է՝ գերության մեջ է, մի երկու ամիս էլ մնա․․․»։ Մեր զրուցակիցը նաեւ հավելեց․ «Եթե շատ հաճելի է իրեն, որ իմ էրեխեն մնա գերության մեջ, այդ տանջանքին, ցավին դիմանա, էն, որ իր մայրը չգիտի ողջ լինելը ու ողջ չլինելը, թող ինքն իր էրեխուն տանի, իմ էրեխուն բերի։ Եթե էդքան հեշտ է էնտեղ դիմանալը, թող էդպես վարվի։ Ի՞նչ տարբերություն իմ ու իր երեխայի մեջ, ինքը վարչապետի էրեխա է, պիտի ազատության մեջ լինի, իմը սովորական քաղաքացու երեխա է, պիտի գերության մե՞ջ լինի, հանուն ինչի՞»։ 

Էջմիածնի զորամասի դիմաց ժամանակին ակցիա արած կանանցից մեկի՝ Անահիտի որդուց էլ նորություն չկա, նրանք էլ են սպասում եւ հույսեր փայփայում, որ իրենց հարազատը գոնե գերության մեջ գտնվողների մեջ կլինի․ «Տեսնենք, թե երբ կգտնենք, հիմա արդեն բոլորը բերանները ջուր են առել, սպասենք ամսի 20-ից հետո։ Ենթադրյալ գերիների ցուցակի մեջ է ինքը»։ 

- Երեկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գերիներն իրենց կներեն 1-2 ամիս գերության մեջ մնալու համար, բայց երկրի ինքնիշխանությունը չեն կարող այդ պատճառով զիջել։ Լսե՞լ եք։ 

- Ճիշտն ասած, ես չեմ լսել։ Նախ չգիտեմ՝ ինչ է ասել, ամեն մի բառը պետք է հասկանամ։ Եթե այդպիսի բան է ասել, ուրեմն շատ վատ է։ Ես ասելու հիման վրա չեմ ուզում ասել, լսելով եմ ասում, որ ասել է՝ 1-2 ամիս սպասել, էդքան սպասելը ո՞րն է։ Ասենք, 8 ամիս սպասում ենք, մի հատ էլ 1-2 ամի՞ս։ 

- Փաշինյանն ասաց՝ մեջբերում եմ․ «Նրանք մեզ կներեն մեկ-երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»։ 

- Ցավը նրանում է, որ ինքը ոչինչ չգիտի։ Գուցե իմանալով՝ նման արտահայտություն չէր անի․․․․ Անհայտ կորածների հարազատներն ամեն օր գալիս են իմ մոտ, ամեն օր ինձնից ուզում են նոր ինֆորմացիա։ Մենք մեր էրեխեքին չենք դնում քաղաքականության մեջ, իրենք թող իրենց քարոզարշավն անեն, մենք դրանից հետո կխոսենք։ Իրենք իրենց քարոզարշավն ու աթոռը չեն թողնի, ընկնեն մեր գերի էրեխեքի հետեւից։ 

- Իշխանությունը չպե՞տք է այդ հարցը լուծի։ Չէ՞ որ միայն նա լծակներ ունի։ 

- Չեմ կարա հիմա ասել, որովհետեւ իմ բառերն իմ դեմ կաշխատեն։ 

- Փաշինյանը երեկ Էջմիածնում էր, հանդիպում էր բնակիչների հետ, Դուք այնտե՞ղ էիք։ 

- Ես էջմիածնեցի եմ, բայց այնտեղ չեմ եղել, Երեւանում էի։ Շատ ավելի լավ, որ Էջմիածնում չեմ եղել։ 

- Եթե լինեիք, կմասնակցեի՞ք։ 

- Չէի մասնակցի ոչ մի բանի, որովհետեւ թքած ունեմ իրենց քարոզարշավի վրա։ 

- Իշխանությունն ամիսներ շարունակ չի կարողանում գերիների հարցը լուծել, ավելին՝ օրերս եւս 6 զինծառայող ՀՀ սահմանից գերեվարվեցին։ Նրանց հետ դուք նոր հույսեր կապո՞ւմ եք։ 

- Այս հարցերի պատասխանը թող մնա մի քանի օրից, ես չեմ ուզում հայտարարություն անեմ։

- Ի՞նչ եք սպասում, որ փոխվի հունիսի 20-ից հետո, որ խոսեք։ 

- Այդ ժամանակ կասեմ։ 

- Իշխանության փոփոխությա՞նն եք սպասում։ 

- Ըհը։ 

- Իսկ ո՞ւմ եք տեսնում կառավարության գլխին։ 

- Ով ընտրությունից մի ժամ առաջ իմ էրեխեքին բերի, ես իրեն էլ ընտրելու եմ։ Ամեն դեպքում, տեսնենք ինչ է, պարզ է, որ կարանային, ապա կբերեին։