Թուրքը տրակտորով մտնում ա ցորենի դաշտ, անասունը տանում ա, ի՞նչ խելացի անասնագոմ

Թուրքը տրակտորով մտնում ա ցորենի դաշտ, անասունը տանում ա, ի՞նչ խելացի անասնագոմ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում հատուկ բաժին կա՝ գյուղատնտեսություն: Երկու էջի վրա շարադրված է, թե ինչ են արել գյուղացու համար եւ ինչ են պատրաստվում անել: Նիկոլականները, իհարկե, արված գործերի թվում չեն նշել, որ ոչնչացրել են գյուղնախարարությունը, անգամ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող գյուղատնտեսական խորհրդատվության բաժինները վերացրին, որոնք պետության վերջին ներկայացուցիչներն էին, ում հող մշակող գյուղացին կարող էր դիմել՝ գյուղոլորտի տարբեր հարցերով օգնություն ստանալու համար: 

Նշել են կետեր, որոնք կարդալով, թվում է, թե մի բարգավաճող, դրախտային երկրում ենք ապրում՝ «խելացի» անասնաշենքեր («գոմ» բառի ժամանակակից տարբերակն է), ինտենսիվ այգիներ, կաթիլային ոռոգում եւ այլն: Կարդալով ՔՊ-ականների ծրագրի՝ գյուղին վերաբերող հատվածը, չես կարող պատկերացնել, որ սա մի երկիր է, որտեղ օրը ցերեկով հովվի վրա են կրակում, կով ու ձի են տանում, որի բազմաթիվ գյուղեր սահմանամերձ են դարձել, որովհետեւ Ադրբեջանի հետ սահմանը երկարել է մոտ 400 կիլոմետրով, եւ այդ գյուղերը պետք է ամրապնդել, թե չէ մարդիկ պարզապես փախչելու են իրենց բնակավայրերից: ՔՊ նախընտրական ծրագրում չկա սահմանամերձ գյուղերին վերաբերող ոչ մի կետ, մինչդեռ նրանց մեղքով է, որ սահմանամերձ տարածքների բնակիչներն այսօր արագ տեմպով աղքատանում են, կորցնում ունեցվածքն ու հողի զգացողությունը: 
Կութի ճանապարհով անցնելով, փոսերն ու ավտոմեքենայի վնասվածքները հաշվելով, հասկանում ես, թե ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղ: Ծխամատյանում, ըստ Կութի օպերատոր Ատոմ Ղարիբյանի, նշված է 70-ից ավելի տուն, բայց փաստացի 62 տուն կա, 218 գրանցված բնակչից մոտ կեսն է փաստացի ապրում գյուղում: 

Կութի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանն ասում է, որ ադրբեջանցիների գողացած 80 գլուխ անասունը 5 ընտանիքի ապրուստն էր: Եթե անասունը չվերադարձվի, այս ընտանիքները մնալու են սոված: «Մարդիկ բոլորն էլ տխրության մեջ են: Փոխհատուցման մասին, որ մեզ ինչ-որ փոխհատուցում են տալու, դեռ ոչ մի խոսք չկա, կովերից էլ նորություն չկա»,- ասում է վարչական ղեկավարը: 

Անասնագողության դեպքեր գրանցվել են բոլոր տեղերում, որտեղ սահմանային միջադեպեր են եղել՝ Վերին Շորժայում, Սյունիքի մարզի Խնածախում, Տեղում, Արավուսում: Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց սրա վերաբերյալ: «Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչներին պատկանող կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը»,- երեկ հայտարարել է ՄԻՊ-ը: 

Կառավարության կողմից, սակայն, ոչ մի շարժում: Ո՛չ ծրագրային անելիքների, ո՛չ արված գործերի ցանկում «սահման» հասկացություն չկա, մինչդեռ ակնհայտ է, որ պատերազմի եւ սահմաններում անկայուն իրավիճակի հետեւանքով ՀՀ բնակչության կենսական շահերի փոխհատուցումն ապագա կառավարության պարտքը պետք է լինի: «Բեկում» ՀԿ ղեկավար, սննդի անվտանգության մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը կարծում է, թե չի կարելի նիկոլականներից պահանջել, որ նրանք մտածեն հողի կամ անասունի մասին, որովհետեւ նրանք թքած ունեն մարդկային կյանքերի վրա: «Ի՞նչ հող, ի՞նչ անասուն: Գիշերը թուրքը գալիս, մարդկանց գոմերը մտնում, դուրս է գալիս: Ոչ մի հեռագնաց արոտավայր այլեւս Սյունիքի մարզից սկսած, մինչեւ Գեղարքունիք չկա: Վարդենիսով դեպի Փամբակ ու Կրասնի՝ թուրքերը գյուղերում վխտում են»,- ասում է նա: Ընտրություններում անկախ դիտորդ Արմեն Վարդանյանը տվյալներ է հավաքում, շրջում է հայրենի մարզի՝ Գեղարքունիքի գյուղերով: «Գողացած անասունների էն թիվը, որ դուք գիտեք, ծիծաղելի է:

Վարդենիսից Կրասնի հատվածում հազարներով անասուն են գողացել: Երբեմն էլ մտնում են գյուղացու մոտ, ասում են՝ հորթդ տանում եմ, փողը կտանք, ու գյուղացիները համաձայնում են, սպասում են հորթի փողին: Անասունը, որ ամռանը գնացել էր արոտավայր, աշնանը մարդիկ պետք է իջեցնեին, մորթեին, չէ՞, հիմա ո՛չ չոբան կա, ո՛չ անասուն, որին հասցրել՝ իջեցրել են, որին էլ տարել են: Մարդիկ իրենց ցանած ցորենը չեն կարողանում գնան նայեն, հարյուրավոր հեկտարներով ցանքս են արել, իրենց ցանքատարածքները չեն կարողանալու քաղեն, թուրքն է գալու տանի: Թուրքը տրակտորով՝ մեր զինվորից էն կողմ ֆռռում է դաշտում, իրենց ավտոներով: Ի՞նչ գյուղատնտեսություն, ո՞ւմ համար»,- նշում է նախկին չինովնիկը: 

ՔՊ-ի ծրագրում գրել են, որ ինտենսիվ այգիներ են ստեղծելու, խելացի անասնագոմեր: «Հիմա ես որ ասեմ՝ երեկ թռել եմ Լուսին, կլինի՞ գրեք: Գիտես, սահմանը ո՞նց ա: 100 հեկտար ցանքատարածք է, երկու-երեք պալատկա ցելոֆանից, որի մեջ կա 8 հատ, 10 հատ կիսասոված սալդատ: Էդ մարդը, եթե նույնիսկ ուզի էդ 100 հեկտարը ոտով գնա-գա, չի հասցնի, օրը կպրծնի: Շորժայի, Ջիլի հատվածում թուրքի սալդատը գրաժդանսկի գալիս-գնում է երկրիդ մեջ, հայերեն խոսացողները մտնում են խանութներ, գնում են: Հիմա անասուն են գողանում, վաղը ցորեն են գողանալու: Մարդիկ թաքուն տներում գրանատ են պահում, որ հանկարծ գան, գոնե իրանց տրաքացնեն: Էս տարի անասունի գլխաքանակը խայտառակ պակասել է, խոտ չկա, աշունը մորթ է լինելու, ավելի է պակասելու անասունը, իրենք ինտենսիվ այգուց են խոսում, խելացի անասնագոմից: Քանի՞ տենց անասնաշենք կա, գիտե՞ք: Մի հատ վիճակագրություն ուզեք, մարդկանց անասունները տարել են, ի՞նչ խելացի անասնագոմ»: