«Ճիշտ հաշվարկների» արդյունքում 

«Ճիշտ հաշվարկների» արդյունքում 

Գործող իշխանության երկրորդական դերակատարներին հազվադեպ եմ անդրադառնում: Պատճառը հստակ է՝ նրանք ոչինչ չեն որոշում: Նույնիսկ իրենց ոլորտներում: Նրանք կատարում են ընդամենը մեկ անձի կամքը: Եվ այդ մեկ անձը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն է: Հիշում եք, չէ՞, ընդդիմադիր Նիկոլի «Եվ այդ մեկ անձը դու ես» պոպուլիստական կարգախոսը: Կյանքը ցույց տվեց, որ վարչապետ կարգվելուց հետո այդ մեկ անձն ինքն էր, որ կար: Ինչևէ, անցնենք առաջ: Այսօր որոշել եմ խախտել իմ իսկ հաստատած ավանդույթը և անդրադառնալ էկոնոմիկայի նախարար Քերոբյան Վահանին: Ավելի ճիշտ նրա խնդացող դեմքին (այն կարող եք տեսնել ֆեյսբուքյան իր էջում կամ լրատվական կայքերում) և ֆեյսբուքյան համապատասխան գրառմանը: Ահա այն. «Իմ դեմքը (այն ներկայացված է՝ Վ. Ս.), երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար»: Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»:   

Իսկ հիմա անցում կատարենք 45-46 տարվա անցյալին: Այն տարիներին, երբ ես ընդունվեցի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, որը, նախքան սեփական շենք ունենալը, գտնվում էր մաթեմատիկայի (կարծեռմ՝ կիրառական) ֆակուլտետի շենքում: Երկու ֆակուլտետների ուսանողների միջև համարյա շփում չկար: 17-18 տարեկան պատանու համար դա զարմանալի էր, բայց ենթադրվում էր, որ նրանք վերևից են նայում բանասերներին: Բայց հետո ֆիզիկայի ֆակուլտետում բարեկամ ուսանող գտնելուց և նրա ու նրա ընկերների հետ շփվելուց հետո հասկացա, որ իրականում խնդիրը դա չէր: Ֆիզիկները պակաս խելացի ու պակաս վերլուծական կարողություններ չունեին, սակայն հետաքրքրվում էին նաև շատ այլ երևույթներով: Օրինակ՝ գրականությամբ ու արվեստով: Հասկացա, որ, ի տարբերություն ֆիզիկների, մաթեմատիկները խիստ նեղ ոլորտում, այն էլ զուտ թվերի աշխարհում, մասնագիտանալով՝ կտրվում են մնացած ողջ աշխարհից: Իհարկե, դա չի նշանակում, թե նրանք բանի պետք չեն: Չէ որ մենք բոլորս հպարտանում էինք աշխարհահռչակ մաթեմատիկոս Սերգեյ  Մերգելյանով (1928-2008), որը գիտությունների դոկտոր էր դարձել 20 տարեկանում (երբ թեկնածուական թեզն էր ընդամենը փորձում պաշտպանել), իսկ 3 տարի անց ընտրվել էր ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:

Բայց մեր հոդվածի հերոսը ոչ թե Մերգելյանին արժանի մաթեմատիկոս էր՝ չնայած ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցությամբ էր ավարտել և դիպլոմային աշխատանքն էլ մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր, այլ… Երևի ինքը մեղավոր չէր, երևի նրա ժամանակն էր սխալ: Եվ եթե ժամանակը շավղից դուրս չընկներ, ապա մենք կհպարտանայինք նաև մաթեմատիկոս Վահան Քերոբյանով: Ինչևէ, ինքն ընտրել է ոչ թե գիտությունը, այլ պրակտիկ աշխատանքը և աշխատել որպես համակարգչային համակարգերի ինժեներ: Պաշտոնական կեսագրությանը ծանոթանալիս տեսնում ես, որ լավ մասնագետ էր՝ այլապես առաջխաղացում չէր ունենա: Օրինակ՝ 23 տարեկան համակարգչային մասնագետին աշխատանքի չէր հրավիրի «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ընկերությունը. սկզբում որպես առևտրավարկային վարչության մասնագետ, ապա ավագ մասնագետ, իսկ հետո վարիչ: Հենց այդ պաշտոնումէլ  նրան նկատել է ժամանակի հայաստանյան մեծահարուստներից մեկը՝ Գևորգ Աֆանդյանը՝ «Էյ Ջի Հոլդինգ» ընկերության սեփականատերը: Եվ նրան որպես մենեջեր հրավիրել «Վալլետա» ՍՊԸ՝ համակարգելու մանրածախ առևտրի խանութների «Սթար» ցանցը: Դեռևս անցյալ դարավերջին հիմնադրված ցանցը ֆինանսական խնդիրներ էր ունեցել և վաճառվել էր Աֆանդյանի ընկերություններից մեկին: Իսկ մեկ տարի անց Աֆանդյանը մեր հերոսին արդեն նշանակել էր «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի տնօրեն: 

Փաշինյան Նիկոլի կառավարության ապագա նախարարը 6 տարի ղեկավարել է վերը նշված ՓԲԸ-ն: Թե ինչպիսին է եղել դրա արդյունավետությունն առաջին երկու-երեք տարին դժվարանում եմ ասել, սակայն վերջին երկու-երեք տարին արդեն լուրջ խնդիրներ են ծագել: Ենթադրաբար, դրանք ծագել են տնօրենի հատկապես ճիշտ հաշվարկների արդյունքում: Սակայն պրն. Քերոբյանի պաշտոնական կենսագրությամբ դա չի երևում: Ընդամենը տեղեկանում ենք, որ 2005-ին կյանքը կապելով «Սթար» ցանցի հետ՝ 2012-ին լքում է այն և կազմակերպում է սեփական գործը՝ կնոջ և ընկերոջ հետ հիմնադրելով «Menu Group – Menu Group UK Ltd»-ն՝ բոլորիս լավ հայտնի սննդի առաքման «մենյու.ամ» կազմակերպությունը:  
Սակայն 21-րդ դարը նախկիններից տարբերվում է նաև նրանով, որ գոյություն ունի ինտերնետ և դրանում համապատասխան որոնման համակարգ: Եվ դիմելով այդ համակարգի օգնությանը՝ պարզում ենք, որ միջազգային մաթեմատիկական օլիմպիադային Հայաստանը ներկայացրած, ԵՊՀ-ն գերազանցության դիպլոմով ավարտած և մաթտրամաբանության չլուծված խնդիրը լուծած անձը ենթադրաբար կատարում է կառավարչական սխալ հաշվարկներ: 2011-ի սեպտեմբերին նրա ղեկավարած «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը գնում է սուպերմերկետների «Ֆրեշ» ցանցը և «Քեթրին» խանութները: Չնայած այդ մասին ոչինչ չի ասվում, սակայն գնումը պետք է որ կատարվեր վարկային միջոցների հաշվին: Կրկին ենթադրաբար վարկերի կառավարման հարցում վարկային նախկին մասնագետի «ճիշտ հաշվարկների» արդյունքում «Սթար Դիվայդը» պարտքեր է կուտակում մատակարարների հանդեպ: Մեկ տարի անց ինքը հեռանում է (կամ հեռացվում է) տնօրենի պաշտոնից, սակայն նոր տնօրենին չի հաջողվում լուծել մատակարարների հանդեպ պարտքային խնդիրը: Այդ խնդրին ավելանում են վարկատու կազմակերպությունների պահանջները, և 2013-ին ՓԲԸ-ի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից դատարան է ներկայացվում ընկերության սնանկության վերաբերյալ հայց, որը բավարարվում է: Ի դեպ, պարտատերերի հանդեպ պարտավորությունների փակումը 2020 թվականի սկզբին դեռևս ավարտված չէր: Դա էլիմացանք «azdarar.am» կայքից: Ավելացնեմ, որ ժամանակին սնանկ էր ճանաչվել նաև «Վալլետա» ՍՊԸ-ն: 

Այնպես, որ վստահորեն կարող ենք արձանագրել, որ գործարար ոլորտի կառավարիչ Քերոբյան Վահանը նույնքան իր գործի գիտակ չէր, որքան ինժեներ Քերոբյանը: Ինչը նշանակում է, որ նորմալ երկրում նման մեկին չէին վստահի բարձր պաշտոն պետական կառավարման համակարգում: Այնպես որ, սեփական խնդացող դեմքն ի ցույց դնելուց առաջ վատ չէր լինի, եթե ոչ բարով խերով նախարարը մի փոքր մտածեր: Հատկապես հաշվի առնելով, որ, ինչպես մասնագետներն են վկայում, 2021 թվականը մեր երկիրը փակել է ոչ թե իր քաղաքացիների համար ավելի բարեկեցիկ վիճակ ապահովելով, այլ ընդհակառակը՝ եթե հաշվի ենք առնում գնաճի մեծությունը: Իսկ նման բան թույլ չտալը հենց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Քերոբյան Վահանի առաջնային պարտավորությունն էր, ինչը պետք է կատարվեր ճիշտ հաշվարկների և մնացած ճիշտ քայլերի արդյունքում: