Ռուսամետ չեք, եղեք ամերիկամետ, ֆրանսիամետ, անգամ՝ ալլահամետ, բայց թող ձեզ օգնեն

Ռուսամետ չեք, եղեք ամերիկամետ, ֆրանսիամետ, անգամ՝ ալլահամետ, բայց թող ձեզ օգնեն

Հարցազրույց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի Սենատը քննարկել է Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին նախագիծ։ ՌԴ-ում ինչպե՞ս են գնահատում այդ բանաձեւը։

- Այստեղ կան բազմաթիվ նյուանսներ եւ բազմաթիվ «բայց»-եր։ Նախ․ ինչո՞ւ նման որոշում չէր ընդունվում Արցախյան պատերազմի ժամանակ։ Եթե լիներ, Ադրբեջանը հնարավոր է դադարեցներ իր հարձակվողական գործողությունները։ Իսկ հիմա արդեն ստորագրվել է պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը, եւ գործընթացները զարգանում են։ Երկրորդ․ այո, սա խորհրդանշական է, բայց Ֆրանսիայի կառավարությունը հազիվ թե այն իրագործի, քանի որ պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կվերսկսի իր աշխատանքը։ Եվ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախը, ապա սա կբերի Մինսկի խմբի լուծարման։ Այնպես որ, սա կլինի հարված Մինսկի խմբին։ Երրորդը, ինչը մեզ մտավախությունների տեղիք է տալիս, այդ բանաձեւի հակաթուրքական բնույթն է։ Մտեք եւ նայեք․ ֆրանսիացիներն իրենց հաշիվներն են ուզում մաքրել թուրքերի հետ, եւ Ղարաբաղն ուղղակի ֆոն է։ Եվ վերջապես՝ հասկանալի է, որ ֆրանսիացիները, ի տարբերություն Ռուսաստանի, այստեղ չեն տիրապետում ռեալ ռազմական ռեսուրսներին՝ իրադարձությունների ընթացքի վրա ազդելու համար։ Նրանք չեն պատրաստվում զորքեր մտցնել եւ այլն, ուղղակի հերթական քաղաքական-դիվանագիտական ինտրիգն են ծավալում։

- Ասում եք՝ ֆրանսիացիներն իրենց հաշիվներն են մաքրում թուրքերի հետ, Հայաստանում էլ տպավորություն է, որ Ռուսաստանն իր հաշիվներն ունի թուրքերի հետ, որ ձեր շահերը 100 տոկոսով համընկնում են։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, երեկ հայտարարեց, որ պատերազմի 44 օրերին Ռուսաստանն առաջնորդվել է «կեսը՝ ինձ, կեսը՝ Ադրբեջանին» սկզբունքով։ 

- Չէ, ուզում եմ ասել, որ պատմականորեն Հայաստանին մշտապես խանգարում են կարճատեսությունը եւ այն, որ իրավիճակին նայում եք ինչ-որ ծուռ հայելիների միջով։ Եվ նաեւ ձեզ թվում է, որ ողջ աշխարհը պետք է պարի ձեր շուրջը։ Ձեզ թվում է, որ ՌԴ-ն պետք է սկուտեղով մատուցի ողջ Մեծ Հա՞յքը։ Նման բան չի եղել ու չի լինի։

- Չէ, մենք այդպիսի սպասումներ ՌԴ-ից չենք ունեցել, բայց չենք էլ կարծել, որ հայկական հողերը․․․

- Պարադոքսը հետեւյալն է․ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը, որ ո՛չ ՀԱՊԿ անդամ է, ո՛չ ԵԱՏՄ, ավելի սերտ է Ռուսաստանի հետ իր կապերն ամրապնդում, քան Հայաստանը, որն այս 2 կազմակերպությունների անդամ է։ Եվ ինչպե՞ս է, որ Ռուսաստանում ու ոչ միայն, այդպիսի բացասական իմիջ է ձեւավորվել ձեր նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի հետ տեղերով փոխվեցիք։ Սա Հայաստանի ղեկավարության մեծագույն «ավանդն» է։ Հասկացեք մի պարզ բան․ երբ Հայաստանն իր արտաքին քաղաքական հետաքրքրությունները որոշում է այնպիսի աշխարհաքաղաքական «կետերի»՝ գիգանտների շրջապատում,  ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, ապա պետք է հասկանա, որ պարզապես վերցնել ու կոմպլեմենտար քաղաքականություն վարել ու բոլորի հետ բարեկամություն անել, իսկ փաստացի ոչ մեկի հետ չանել, ան-հը-նար է։

- Իսկ Ադրբեջանը բոլորի հետ ընկերություն չի՞ անում։ Միայն Հայաստա՞նն է փորձում կոմպլեմենտար քաղաքականություն վարել։

- Բայց պարզվեց՝ Ադրբեջանն առավել իմաստուն գտնվեց։ Հայերն ասում են՝ թող Ռուսաստանը պաշտպանի Հայաստանին։ Մենք, այո, հայերի կողմից ենք, բայց մեր շահերն ունենք։ Մենք կայսրություն ենք, մենք Մերձավոր Արեւելքում մեր շահերն ունենք, որոնք մեզ համար առաջնահերթ են։ Երկրորդ․ Ադրբեջանին, Ալիեւին հաջողվեց Թուրքիայի միջոցով հասնել իր նպատակներին, բայց մեզ մոտ այն տպավորությունն է, որ նա սրանով կսահմանափակվի եւ կթեքվի դեպի Պուտինը։ 

- Ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը Ձեր եթերում հարցնում էր՝ Ռուսաստանը կայսրությո՞ւն է, դեռ ունի՞ այդ հավակնությունները, թե՞ բիզնես շահերով առաջնորդվող երկիր է։

- Կարեն Շահնազարովը ռեժիսոր է, նա փորձագետ չէ։ Նա ունի իր դատողությունները, ի դեպ՝ շատ սխալ։ Նա որեւէ կապ չունի քաղաքական որոշումների ընդունման կենտրոնի ու այս որոշումների գնահատման հետ։ Նրա խոսքը կարելի է օգտագործել քարոզչության մեջ, բայց ո՛չ իրական գնահատական տալու առումով։ Նրա գնահատականը զրոյական է։ Մենք էլ ենք հետաքրքրությամբ հետեւում նրա ինտելեկտուալ մտքերին։ Ես ասում եմ՝ նոր, կապիտալիստական Ռուսաստանը երբեք չի պաշտպանելու ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի շահերը։ Մենք մեր հետաքրքրություններն ունենք։ Եվ մենք կարծում ենք՝ ով մեզ հետ է, մեզ հետ է, ով մեր դեմ չէ, մեր դեմ չէ, ով չեզոք է, չեզոք է։ Փաշինյանի պահվածքն այնպիսին էր, ասես իրեն պաշտպանում են ԱՄՆ-ն, Գերմանիան, ողջ աշխարհը։ Նա իրավունք ունե՞ր իրեն պահել այնպես, ինչպես պահում էր։ Նա պետք է Պուտինի կաբինետո՜ւմ քներ։ 
Ու հիմա պարզվեց՝ վճռական պահին ոչ ոք ոչ մի բան չարեց։ Անգամ ֆրանսիացիները, որոնք Արցախի անկախության մասին հայտարարության ստորագրումից 15 օր անց են խոսում։

- Ի դեպ, Փաշինյանի «հակառուսականության» մասին։ Մեզ մոտ շատերը կարծում են, որ այս ամենը Լավրովի պլանի, ավելի ճիշտ՝ Պուտինի․․․

- Ի՜նչ Պուտին։ Պուտի՞նն է հանձնել Շուշին։ Պուտինն ասում էր, որ Շուշի կվերադառնա ադրբեջանցիների 5-10 ընտանիք՝ ոչ ավելին։ 

- Քաղաքի բնակչության մոտ 20 տոկոսը 5 կամ 10 ընտանիք չէ։ 

- Ասենք թե, իսկ հայկական 80 տոկոս բնակչությունը, դե կգային ադրբեջանցիներ։ Իսկ նրանք Շուշին հանձնեցին։ Մենք ապշահար էինք․․․
Մեզ ապշեցնում է այն, որ այս վճռորոշ, անգամ պատմական պահին Հայաստանի համար պատասխանատու են սահմանափակ, նեղ աշխարհայացքով մարդիկ։ 

- Դա մեր դժբախտությունն է, բայց ՌԴ-ն պետք է օգտվի՞ դրանից։

- Դուք պետք է դրանից հետեւություններ անեք եւ ոչ թե ասեք՝ մեր դժբախտությունն է։ Հապա մտածեք՝ ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ։

- Ռուսական կողմը, Դուք մշտապես ասում եք՝ վերջ, գնացքը մեկնել է, ռուս խաղաղապահներն այնտեղ են, բայց ուզում եմ հիշեցնել ԱՄՆ պետքարտուղարի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ընդամենը հրադադարի մասին է՝ պատերազմը կանգնեցվեց, բայց առջեւում ՄԽ բանակցային գործընթացն է։

- Չէ, ես նման բան չեմ պնդում եւ  նորից մեջբերում եմ Պուտինին, որն իր հեռուստաելույթում գրեթե 3 անգամ խոսեց Ղարաբաղի անկախության մասին, որը Հայաստանը չճանաչեց։ Նա սա ասաց այն համատեքստում, որ ՌԴ-ն 2008-ի պատերազմի ժամանակ ճանաչեց Աբխազիան ու Օսիան, չնայած ողջ միջազգային հանրության բողոքին։ Նա ասում էր՝ եթե հայերը գնային Արցախի ճանաչմանը, այս հակամարտության ընկալումն այլ կլիներ, բայց հայերը չարեցին։ Իրավական առումով, միջազգային իրավունքի տեսանկյունից պատերազմն Ադրբեջանի տարածքում էր։ Երկրորդ․ մենք, դուք, բոլորը նրանց խաղաղապահ են կոչում, բայց նրանք խաղաղապահներ չեն։ Նրանք Ադրբեջանի տարածքում գտնվող ՌԴ ԶՈւ սահմանափակ կոնտինգենտ են։ Հասկանո՞ւմ եք․․․ որեւէ մեկի կողմից չճանաչված այդ անկլավը պահպանվում է ռուսների կողմից։ Մենք Ադրբեջանի տարածքում  ենք։

- Ձեր ռազմական ներկայությունն այնտեղ ընդլայնելու համար։

- Մենք պաշտպանում ենք հայերի անվտանգությունը։ 2016-ին նույն բանն ենք արել, կանգնեցրի՞նք պատերազմը։ Իսկ հետո՞ ինչ եղավ։ Փաշինյա՞ն։ Դե, ստացաք այն, ինչ ստացաք։ Ռուսաստանի սխալն այն էր, որ մենք լիբերալ վերաբերմունք ցուցաբերեցինք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Երեւանում։ Մեր սխալների թվում միայն սա չէ․ Սարգսյանի կառավարությունն էլ ռուսամետ չէր, Փաշինյանն էլ՝ նույնպես։ Լավ, ռուսամետ չեք, եղեք ամերիկամետ, ֆրանսիամետ, անգամ՝ ալլահամետ, բայց թող ձեզ օգնեն։ Ձեզ կոտորում էին, բայց ո՞վ օգնեց՝ նորից եմ հարցնում։ Իսկ մնացածը բլա-բլա է՝ «նա հայտարարեց», «նա ասաց»։ Բայց օգնեցինք մե՛նք։ Ղրիմում՝ ռուսներին, Աբխազիայում՝ աբխազներին, հիմա էլ Արցախի հայերին՝ վերջնական ոչնչացումից, որովհետեւ, եթե իրադարձությունները շարունակվեին զարգանալ, հայերին այնտեղից մինչեւ վերջին մարդը քշելու էին։ 

- Ասում եք՝ Ղրիմ։ Իսկ Ղրիմն իրավաբանորեն ՌԴ-ի՞ տարածքում էր, որ միացրիք Ռուսաստանին։

- Ղրիմում մենք փրկել ենք ռուսներին եւ ենթադրում ենք, որ 5 կամ 10 տարի անց Ղարաբաղը կարող է անկախ լինել, հայերը հանրաքվե կանեն ու կմիանան որպես առանձին պետություն։