Հերթը հասավ Ցեղասպանությունը ժխտելուն
Այժմ էլ հասավ Ցեղասպանությունը ժխտելու հերթը: ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը, ինչու չէ, հանուն իշխանության պահպանման հանգիստ կարող է ժխտել Ցեղասպանության փաստը: Այն, ինչ արվում է Թուրքիայի կողմից: Որովհետև, եթե ռեվիզիայի է ենթարկվում հայոց պատմությունը, ապա մի օր էլ գալու էր նաև հայոց Մեծ եղեռնի հերթը: Հատկապես որ այն, մեծ հաշվով, պահանջում է ոչ միայն Թուրքիան, այլև, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, անուղղակիորեն նաև Արևմուտքը: Բացատրեմ. Չնայած Արևմուտքի հետ խնդիրներ ունենալուն՝ Թուրքիան չի դադարում լինել Հյուսիսատյանտյան դաշինքի անդամ: Եվ եթե դաշինքի անդամ այլ պետությունները ձայն չեն հանում՝ երբ Թուրքիան Նիկոլից պահանջում է մոռացության մատնել անցյալը, ապա դա վկայում է այդ մոտեցմանը դաշինքի ղեկավարության և նրա անդամ երկրների ղեկավարության դրական վերաբերմունքի մասին: Ինչ մնում է այդ հարցում Ֆրանսիայի այլընտրանքային մոտեցմանը կամ ավելի ճիշտ՝ դրա փորձին, ապա այն հաստատ եղանակ չի փոխում:
Ի դեպ, Ցեղասպանությունը ժխտելն անհրաժեշտ է իշխանությունը պահպանելու նպատակով, բայց այն նաև ունի որոշակի գաղափարական հիմք: Դա միջազգայնորեն Ցեղասպանությունն ընդունելու դեմ ՀՀ առաջին նախագահի կողմից վարվող քաղաքականությունն էր: Աչքիս Նիկոլը լավ դաս է առել այն ժամանակ, իսկ դրանից մինչև եղեռնը ժխտելն ընդամենը մեկ քայլ է: Ինչը հոգեբանորեն ավելի հեշտ է տրվում, քան եթե չլիներ այդ դասը: Այսպիսով, Թուրքիայի պահանջների բավարարման գործընթացը կարծես թե ամբողջանում է. Ադրբեջանի պահանջների բավարարում, Արարատ լեռան պատկերի հանում, Ցեղասպանության ժխտում: Բայց, բնականաբար, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը դուրս չի եկել: Ուղղակի այդ առումով լռություն է, քանի որ դրա հերթը դեռևս չի հասել: Կարծում եմ, որ մինչև ապրիլի 24-ը, իբրև թե բարեկարգման ու վերանորոգման նպատակով, Ծիծեռնակաբերդի տարածքի փակումը ծառայելու է որպես ժխտման առաջին քայլ: Եթե դա էլ «բարեհաջող մարսվի», ապա ինչու չպիտի գա նաև Սյունիքը հանձնելու հերթը:
Այնուամենայնիվ, զարմանալի երևույթ է քաղաքականությունը: Նախքան 44-օրյա պատերազմը «դուխով ու ժողովրդի փրկիչ» Նիկոլը վիրտուալ լուսային էֆեկտներով շոու էր կազմակերպում Ծիծեռնակաբերդում, իսկ հիմա փորձում է մոռացության մատնել Ցեղասպանությունը: Իսկ այդ հարցում նրան օգնության ձեռք մեկնած քպկական «ազգընտիր» մեկը չգիտես ումից պահանջում է մեկ առ մեկ հայտնել զոհվածների անուն-ազգանունները: Որպեսզի հավաստիանա, որ զոհերի թիվը հենց այնքան է, որքան ընդունված է պատմագրության մեջ: Այդ գաղափարը, կարծում եմ, արժանի է գործող իշխանության կողմից գաղափարական առումով իրականացված՝ վերջին տարիների հակահայկականության գործընթացի թագն ու պսակը համարվելուն: Ի դեպ, արդեն մոռացել եմ, թե ով էր խորհուրդ տվել այդ անձին, որպեսզի վերջինս, որպես Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահ, հրապարակեր 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցների անուն-ազգանունները: Ինչը չի արվել մինչև այժմ և դժվար թե արվի հետագայում:
Հ. Գ. Թեմայի առնչությամբ՝ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է օգոստոսի 3-ը Սինջարի (Իրաք, 2014 թվական) եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ օրինագիծը:
Կարծիքներ