Ի՞նչ կենդանի կամ ոհմակ է շրջում քաղաքում

Ի՞նչ կենդանի կամ ոհմակ է շրջում քաղաքում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում սարսափելի զարմացած են Երևանի  կենդանաբանական այգու վրա հարձակումներ գործելու մեջ բռնված երեք շներից։ Դրանք ոչ թե շներ են, այլ 3,5-4 ամսական ձագուկներ, որոնց վրա ոչ արյան հետքեր են, ոչ էլ կատաղություն է գրանցվել։ Կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանը շատ մեծ վերապահումներ ունի, թե այդ փոքրիկ շնիկներն ինչպես կարող էին մասնակից լինել կենգուրուների, այսօր էլ մուֆլոնների հոշոտման գործընթացին։ «Ունենք կենգուրուների հոշոտման ենթադրյալ մասնակից երեք շուն։ Կենդանիները դրսևորում են շատ խելոք վարքագիծ, ու, առավել ևս, կասկածելի է,  որ կենգուրու են հոշոտել։ Էսօր էլ մուֆլոններ են կերել․․․ մենք զարմացած ենք, մենք անկեղծորեն չենք հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև հարակից տարածքներից մենք ահազանգեր չենք ունեցել ագրեսիվ վարքագծով շների վերաբերյալ։ Առավել ևս՝ ոհմակների հետ կապված մենք «թեժ գծով» անընդհատ ահազանգեր ենք ստանում, հարակից տարածքներից մենք չենք ստացել»։

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու տնօրենը հայտնել էր, որ շները թռել են 2 մետրանոց պարսպից ներս, պահակը տեսել էր, սակայն չէր հասցրել կենգուրուներին փրկել։ Նաև հայտնել էին, որ երեք շուն փախել էին, երեքին բռնել էին և, հետևաբար, բռնել էին փոքրերին։ Այստեղ էլ Արմեն Բեգոյանն ասում է, որ այդ հարցի վերաբերյալ կինոլոգներն ասում են, որ որսի գնացող ոհմակներում այդ տարիքի փոքր շներ չեն լինում։ Այսինքն՝ մեծերը փոքրերին որսի չեն տանում։

Մյուս կողմից, չխախտելով անմեղության կանխավարկածը, բայց մի պահ պատկերացնենք, որ Կենդանաբանական այգում ինչ-որ ղալաթներ են արել, բայց չէ՞ որ լեշերը կան։ Այսինքն՝ վաճառքի մասին խոսք չի կարող լինել։ Եվ հետևաբար՝ ո՞վ է հոշոտում այգու կենդանիներին։ Արմեն Բեգոյանն ի պատասխան՝ հառաչում է ու ասում՝ չգիտեմ, տեսականորեն չի բացառում նաև, որ այլ կենդանի լինի։ «Դա ի՞նչ ոհմակ է, որտեղի՞ց է հայտնվել, արդյո՞ք շների ոհմակ է, թե չէ, բազում հարցեր նաև ինձ մոտ կան»,- ասաց Բեգոյանը։ Նա չբացառեց, որ մերձերևանյան ինչ-որ տարածքներից ոհմակ է հայտնվում և գիշերը կենդանաբանական այգու վրա որսի դուրս գալիս։

ՊՈԱԿ-ի աշխատակիցները տարբեր խմբերով հիմա շրջում են Կենդանաբանական այգու և Նորքի զանգվածի բլուրներում, որտեղից, ըստ այգու աշխատողների, շները ներթափանցում են։