Պառակտիչը

Պառակտիչը

Ո՞րն է այսօր հայաստանյան թեմաների թոփ տասնյակի առաջատարը․ իմ կարծիքով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանի քաղաքական գերակտիվությունը: «Հերոս», «գեներալ», «նվիրյալ» ու նման այլ որակումները շրջանցում եմ, քանզի պատմությունն ապացուցել է, որ հերոսների եւ հակահերոսների նկարագիրն ու տեղափոխությունը երբեմն կախված են ժամանակից եւ իշխանություններից:
Եվ այսպես․ ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը: Բայց նախ արժե հստակեցնել․ եթե դա ասում է Բալասանյան անձը, վտանգը մեծ չէ, քանի որ առանց հանրային կամ իշխանական աջակցության արտահայտված մտքերը կամ գաղափարները այդպես էլ կմնան որպես անձնական խայթոցներ: Բայց եթե դրանց հետեւում կա ուժերի որոշակի շրջանակ, դա լուրջ մտահոգվելու առիթ է: Հետաքրքիր է՝ Բալասանյանը խորամո՞ւխ է եղել Արցախը բացարձակ ինքնիշխան եւ անկախ պետական սուբյեկտ ընկալելու իր դիրքորոշման վտանգների մեջ: Որտեղ, եթե չասեմ իշխանությունները, ինքը կարող է որոշում կայացնել՝ ով գա Արցախ, ով չգա, ում է արգելված եւ ում՝ ոչ: Իսկ գուցե վաղն էլ իր դիրքորոշումը լիակատար ամրապնդելու համար որոշի զատել Հայաստան-Արցախ սահմանագիծը եւ այնտեղ սահմանապահ զո՞րք տեղակայել:

Այն, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները շատ հարցերում հասնում են աբսուրդի, անվիճելի է, բայց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման մոտեցումը չափազանց է: Անկախ, լրիվ անկախ Արցախ՝ ժողովրդավարական արժեքներով, որտեղ մի հոգին նույնիսկ առանց իշխանության իրավասու է սուբյեկտիվ եւ նեղ անձնական շահ հետապնդող որոշումներ կայացնել, իսկ վա՞ղը, երբ նա գա իշխանության գլուխ, այդ դեպքում ի՞նչ՝ թագավորն ապրա՞ծ կենա:

Բալասանյանի խիստ նեգատիվ վերաբերմունքը «Սասնա ծռերի» նկատմամբ վկայում է հետեւյալի մասին․ նույնականացնելով «ծռերին» եւ ներկայիս իշխանություններին, «ծռերին» համարելով նրանց մարտական թեւը (ինչն ինքնին սխալ է)՝ նշանակում է չընդունել ներկայիս հայաստանյան իշխանություններին այնպես, ինչպես մերժվում են «ծռերը»: Նախկին՝ սերժական եւ դրան նախորդած քոչարյանական ռեժիմներին բացարձակ աջակցություն հայտնել: Ոչ թե արգելել ՀՀ-ի միջամտությունն Արցախի «ներքին» գործերին, այլ բացահայտորեն միջամտել ՀՀ պետական գործերին: Եթե այդպես չէ, ապա ի՞նչ են նշանակում Բալասանյանի իրար հաջորդող՝ սպառնալից տոնով արված հայտարարությունները․ քարոզարշավի համար մի քիչ շատ ու խիստ չէ՞: Նրա ինչի՞ն են պետք նման ուշադրությունը, համացանցային «քֆրտոցը», իմիջի անկումը՝ նախընտրական փուլում, երբ Արցախում բոլորն իրեն ճանաչում են, ըստ իրեն՝ միայն դրական տեսանկյունից:

Այն, որ թե՛ Բալասանյանը, թե՛ նրան սատարող շրջանակները վախենում են «ծռերից», դա ինձ համար պարզ է, որքան էլ որ նրանք աշխատում են դա ցույց չտալ: Պատճառները խորքային են: ՊՊԾ գնդի գրավումով ի չիք դրվեց Սերժ Սարգսյանի ամենակարողության միֆին, եւ հող նախապատրաստվեց իշխանափոխության համար: Իսկ որ Բալասանյանի անմիջական մասնակցությամբ վիժեցվեց հետագա ըմբոստությունը, դա էլ է փաստ: Եվ հետո Բալասանյանի մարդկային նկարագիրը խամրեց, երբ նրանից երես թեքեց իր նախկին գաղափարակից եւ մարտական ընկեր Պավլիկ Մանուկյանը, ով ժամանակին ամեն ինչ արել էր այդ նույն Բալասանյանի համար, ընդհուպ ծեծվել՝ պաշտպանելով նրան ու նրա գաղափարները: Եվ որ հիմա Բալասանյանին չեն սատարում նախկինում նրա համախոհներից ոմանք, ապտակ է նրա ինքնասիրությանը: Հիմա պախարակելով ոմանց՝ նա իր ագրեսիայով ուզում է ձեռք բերել հարգանք, քանզի, իր պատկերացմամբ՝ եթե վախենում են, ուրեմն հարգում են:
Միգուցե շատերն ինձ հետ չհամաձայնեն, բայց Հայաստանն ու Արցախը տարանջատելու առաջատարը վերջին շրջանում հենց նույն Բալասանյանն է: Այնպես որ՝ ինձ համար նա հանդիսանում է տարանջատման քարոզիչ, «հայաստանցի-ղարաբաղցի» եզրույթների կրող ու ամրապնդող, հին ռեժիմի վերակենդանացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ:

Կարեն ՄԵԼՅԱՆ