Իսկ ի՞նչ են դրել Սեդա Սաֆարյանի «վզին»

Իսկ ի՞նչ են դրել Սեդա Սաֆարյանի «վզին»

«Շնորհակալ եմ հավատի և վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար», այսօր ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը կառավարության նիստի ժամանակ, երբ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նրան ներկայացրել է որպես ՍԴ դատավորի թեկնածու։

Այս խոստումն ինքնին խոսում է այն մասին, որ մարդը ՍԴ դատավորի բարձր պաշտոնին նշանակվելով՝ ամեն ինչ անելու է Նիկոլ Փաշինյանի հույսերն արդարացնելու, հուսախաբ չանելու համար։ Իսկ թե ինչ հույսեր է նրա հետ կապում Նիկոլ Փաշինյանը, վաղուց արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ։ 

Օրինակ, նա հույս ունի, որ հաջորդ անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ցանկացած գործ, հայց քննելիս ՍԴ-ն Քոչարյանի դեմ որոշում կկայանացնի՝ անկախ օրենքի պահանջից։ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր ատելությունը ՀՀ երկրորդ նախագահի եւ նրա օգտին որոշում կայացնողների հանդեպ։ Առաջին անգամ հայ հասարակությունը ցնցակաթված ապրեց, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կոչ արեց քաղաքացիներին՝ շրջափակել դատարանները, իրենց բողոքը հայտնելով Ռոբերտ Քոչարյանի օգտին կայացված որոշման՝ նրան ազատ արձակելու դեմ։

Դրանով խախտվեց դատական իշխանության անկախության, արդարադատության չմիջամտելու օրենսդրական պահանջը, եւ խախտվեց բացահայտորեն, բայց դա դեռ սկիզբն էր, հետագայում մենք բազմիցս համոզվելու էինք, որ դատական համակարգն ու քրեաիրավական գործիքները մեզանում ծառայում են բացառապես իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի շահերը պաշտպանելու նպատակին։ Նա եւ նրան ծառայող դատախազությունն էր տարիներ շարունակ կալանավորում, հետապնդում Քոչարյանին եւ Մարտի 1-ի գործով անցնող մյուս անձանց օրենքում գոյություն չունեցող հոդվածով, ինչն ի վերջո ստիպված էր նաեւ ՍԴ-ն ընդունել։ Նա եւ նրա իրավապահներն էին 4 տարի շարունակ շինծու գործեր հարուցում եւ կալանավորում ընդդիմադիրներին ու ակտիվիստներին։ Հենց այդ կալանքներն ու հետապնդումները դյուրացնելու համար էլ իշխանությունը ստեղծեց հատուկ դատարաններ՝ կալանք տղող, կոռուպցիայի դեմ պայքարող, սկսեց հետեւողականորեն փոխել հին դատավորներին՝ նոր ու անփորձ կադրերով, իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ Գագիկ Ջհանգիրյանով, ում <վզին դրեցին> այս ծանր գործը։

ՍԴ-ում Սեդա Սաֆարյանի ներկայությունը նաեւ նշանակում է, որ Քրեական օրենսգրքում վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածի նման հոդվածները երբեք անօրինական ու Սահմանադրությանը հակասող չեն ճանաչվելու։ Մամուլի հետ կապված սահմանափակումները, ԶԼՄ-ների մասին օրենքում ՔՊ-ի մտցրած կամայական դրույթները, որոնք կզսպեն ու կդժավարացնեն լրատվամիջոցների աշխատանքը, գրաքննություն կմտցնեն, նույնպես չեն ճանաչվի անօրինական։

Եւ հակառակը՝ առաջիկայում ընդդիմությանը վերաբերող բոլոր գործերով քննությունները, օրինակ՝ մանդատներից զրկելու հետ կապված, կճանաչվեն օրինական եւ ՍԴ-ն կդառնա ընդդիմադիրներին հետապնդելու գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Նախկին իշխանությունների գույքի բռնագանձման, սեփականությունից զրկելու հետ կապված հայցերը եւս, եթե հասնեն ՍԴ, կլուծվեն ի վնաս նախկինների՝ անկախ դրանց հիմքերի օրինականությունից։ 

Հավաքների, երթերի ու ցույցերի, ընտրությունների հետ կապված առաջիկայում քննվելիք բոլոր գործերը՝ Սեդա Սաֆարյանի ակտիվ մասնակցությամբ, կավարտվեն ի վնաս բողոքողների եւ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Մի խոսքով՝ Սեդա Սաֆարյանին, Աննա Վարդապետյանին եւ վերջին շրջանում նշանակված բոլոր կադրերին Փաշինյանն օգտագործելու է իր իշխանությունն ամրապնդելու, իր դիրքերն ամրացնելու եւ իր հակառակորդներին ոչնչացնելու համար։

Նրանց բոլորի «վզին դրված է»՝ պետք է անեն։