Երեւանն «արեւմտամետ խաղերում» պետք է հաշվի առնի Թեհրանի հնարավոր արձագանքը
Իսրայելի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումից հետո հատկապես, երբ նաեւ հստակ ազդակներ եղան, որ Թեհրանը չափազանց մոտ է միջուկային զենք ունենալուն, թերեւս, կարելի է արդեն արձանագրել, որ աշխարհի այն հատվածում, որտեղ նաեւ մենք ենք գտնվում, ըստ էության, որոշակի եւ հիմնավոր փոփոխություն եղավ, որտեղ ԻԻՀ դիրքերը զգալիորեն ամրացան։ Այս առումով այլեւս անիմաստ է, թե Իսրայելն ինչ կերպ կպատասխանի իրանական հարձակմանը կամ կպատասխանի, թե ոչ։
Ինչպես ընդունված է ասել, մեդիա-քարոզչական հարթակներում Իրանի տարած հաղթանակն անբեկանելի է, ու անկախ այն հանգամանքից, թե Թել-Ավիվն ինչ հակազդեցություն կդրսեւորի, այդ հաղթանակի էֆեկտը դեռ երկար կպահպանվի եւ դիվիդենտներ կբերի Թեհրանին։ Տեղի ունեցածը, անշուշտ, նաեւ չի կարող չազդել մեր ռեգիոնի վրա։ Ադրբեջանի մասով ամեն բան կարծես հասկանալի է։ Բաքուն հիմա, մեղմ ասած, «իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», որովհետեւ Թեհրանից նաեւ ազդակներ եղան, որ Իրանի Իսլամական հանրապետությունը չի խնայի այն երկրներին, որոնք ինչ-որ կերպ կաջակցեն Իսրայելին, որպեսզի Թեհրանի դեմ գործողություններ իրականացվեն։ Հասկանալի է ինքնին, որ այս վերջին ազդակի առաջին հասցեատերն Ադրբեջանն է։ Հայաստանը, իհարկե, Իսրայելին հակաիրանական որեւէ քայլում աջակցող երկիր չի կարող համարվել, սակայն այստեղ կարեւոր է մեկ այլ հանգամանք։ Հայաստանի համար արդեն կարեւոր է հաշվի առնել այն, որ նոր իրականությունը, որը ձեւավորվեց կիրակի օրվանից ի վեր, առնվազն ակնկալում է, որ Երեւանն իր հատկապես արեւմտամետ «խաղերի» ընթացքում չմոռանա, որ իր հարավային հարեւանն Իրանն է, ու այդ «խաղերը» Թեհրանին առանձնապես դուր չեն գալիս։
Հատկապես որ օրեր առաջ՝ ապրիլի 11-ին, Իրանի գերագույն կրոնապետ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի խորհրդական, Իրանի նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին «Ալ Մայադինին» տված հարցազրույցում բավական հստակ էր արտահայտվել, որ Թեհրանին առանձնապես դուր չեն գալիս Արեւմուտքի՝ հարավկովկասյան ռեգիոն ներթափանցման փորձերը, ռեգիոն, որն Իրանի Իսլամական հանրապետությունը դիտարկում է որպես իր կենսական շահերի գոտի։ Վելայաթին իր արտահայտած մտքերում հստակ էր, որ, միանշանակ, Թեհրանի համար ընդունելի չեն իր կենսական շահերի գոտի Արեւմուտքի ներթափանցման փորձերը, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատրվակով, ինչ դերակատարների ու միջնորդների ներգրավմամբ է դա արվում, եւ Թեհրանը հարկ եղած դեպքում պատրաստ է հակադարձ քայլեր կատարել։ Թեհրանի համար, ինչը հատկապես կարեւոր է, ցանկալի չէ, որ Հարավային Կովկասում հանկարծ իր հարեւանությամբ հայտնվի ՆԱՏՕ-ի մնայուն ներկայությունը, պետք է պահպանել այն ձեւավորված պատմական կամ ավանդական դրվածքը, որն առկա է Հարավային Կովկասում, սկսած սահմանների անխախտ վիճակից, որպեսզի հանկարծ չտուժեն ռեգիոնի ժողովուրդները, ու ռեգիոնում նոր բաժանարար գծեր չհայտնվեն, Հարավային Կովկասն էլ հերթական լարվածության գոտին չդառնա։
Վելայաթին էլի մտքեր է արտահայտել, սակայն առանձնացնելով այսքանը, բավարար ենք համարում, որ պարզ է դառնում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռեւս համբերատար կերպով հետեւում է իրադարձությունների զարգացմանը, սակայն նաեւ՝ այդ համբերատարությունը որքան էլ հիմքում ունենա արեւելյան անհատակ իմաստնությունը, անսահմանափակ չէ։
Իսկ Հայաստանն իր արտաքին քաղաքական արկածախնդիր դեգերումներում ակամա հայտնվում է մի իրավիճակում, երբ նույնիսկ ավանդաբար ամենից հավատարիմ բարեկամի ու հարեւանի կողմից կարող է բացասական վերաբերմունքի արժանանալ։
Կարծիքներ