Որովհետեւ պարտվեց հեղափոխությունը

Որովհետեւ պարտվեց հեղափոխությունը

Բանակը, որը մեր երկրի արտաքին անվտանգության հիմնական երաշխավորն է, տարիների ընթացքում քաղաքական իշխանությունները նպատակադրված դուրս  թողեցին հասարակական վերահսկողությունից, եւ այն վերածվեց գերշահութաբեր  բիզնես ոլորտի։ Օրենքով նախատեսված կանոնակարգային գործառույթները հանձնեցին քրեական մշակույթ կրող զինվորներին, ինչի հետեւանքով բանակում սպանությունները եւ ինքնասպանությունները դարձան օրինաչափ եւ առօրեական։ Երկրում ձեւավորվել էր մի մթնոլորտ, որ բոլորը  պետության բյուջեից  եւ ժողովրդից գողանալու իրենց փայաբաժինն ունեին, նույնիսկ շարքային քաղաքացիներին փայատեր դարձրին, յուրաքանչյուր համապետական  ընտրությանը համատարած բաժանում էին 5-10 հազար դրամ։ Նրանք, ովքեր հրաժարվում էին իրենց «հասանելիք» գողոնից, համակարգում չէին կարող տեղ ունենալ՝ դուրս էին մղվում, լավագույն դեպքում՝ ընկալվում էին ոչ յուրային, իսկ իրականում, որպես հակառակորդ՝ թշնամի։

Զուգահեռ խեղաթյուրվում էին  պատերազմի արդյունքները՝ փորձելով սրբագրել այն, անտեսելով համազգային ներդրումը, ժողովրդի կրած զրկանքները։ Ավելին, սկսվեց ոստիկանության սանձարձակությունների ժամանակաշրջանը՝ պատերազմի մասնակիցների, զոհվածների մայրերի, վերջապես՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Բանը հասավ նրան, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում՝ «կոլցո»  օպերացիա  կազմակերպեցին եւ ջարդեցին սեփական ժողովրդին, բայց քանի որ զոհ չեղավ, գնահատվեց որպես փայլուն կազմակերպված օպերացիա, եւ այդ գնահատողն այսօր «հեղափոխական» իշխանության ցուցակով պատգամավոր է դարձել։ Հիշեցնենք նաեւ, որ այդ նույն անձը 2003թ․ ԱԺ ընտրություններին համատարած ընտրակաշառքով  հաղթահարեց ԱԺ մտնելու 5 տոկոսանոց շեմը։ Այս ամենն օրվա «հեղափոխական» իշխանության բարոյական կողմն է, որով եւ արձանագրվեց հեղափոխության պարտությունը, իսկ 44-օրյա պատերազմի պարտությունը հեղափոխության պարտության հետեւանքն էր նաեւ։

Մենք պատերազմում պարտվեցինք արդեն 2008թ․ մարտի 1-ին, երբ Երեւանի փողոցներում սկսեցին կրակել ժողովրդի վրա, ու հարյուրավոր անմեղ մարդիկ հայտնվեցին անազատության մեջ։ Այդ ամենը չէր կարող անհետեւանք մնալ՝ 2018թ․ դա ժայթքեց, իհարկե՝ գործող իշխանությունների եւ դրսի ուժերի աջակցությունը եւս  կար, բայց այդ պոռթկումը տեղի ունեցավ տասնամյակների անարդարությունների հետեւանքով, եւ, ցավոք, այն օգտագործվեց մեր պետականության եւ ազգային շահերի դեմ։ Այն ծրագիրը՝ «լավրովյան պլանը», որ դրսի ուժերը պարտադրել էին օրվա իշխանություններին, Նիկոլը, իր ձեւակերպմամբ՝ Քրիստոսի կարգավիճակում, կարող էր առանց պատերազմի զոհերի ու կորուստների իրականացնել, բայց նա այդ ճանապարհը չընտրեց, որովհետեւ հնարավոր էր շատ արագ, ինչպես ինքն էր պատերազմից հետո խոստովանում՝ հողատու եւ դավաճան հռչակվեր։ Նիկոլն ընտրեց երկրորդը՝ պետության ու ժողովրդի համար աղետաբեր տարբերակը, իր համար որոշակի հույսի պատուհան։

Կարող էր պատերազմը աղետաբեր ելքով  չավարտվել, եւ երկրորդ՝ նման  ելքն ընտրել եւ մանիպուլյատիվ ձեւերով շարունակել իշխանությունը պահել, ինչը եւ արվեց։ Այդ ազգակործան ծրագրերը կյանքի կոչելու  համար Նիկոլն ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը լուսանցք մղեց, որպեսզի կարողանա միանձնյա կառավարել եւ հնարավոր աղետալի ելքի դեպքում իր համար  որոշակի ժամանակավոր լուծումների հնարավորություն ունենա։ Նիկոլը  շարունակեց ժողովրդին էլ ավելի պառակտել, միաժամանակ վերակենդանացնելով նախկիններին, փորձելով նրանց ներկայացնել որպես հիմնական այլընտրանք իրեն՝ հույս ունենալով, որ հանրության մակերեսային մտածող շերտը կենթարկի այդ մանիպուլյացիային, ինչը եւ տեղի ունեցավ, որով արձանագրեց իր վերարտադրությունը, իհարկե՝ Տիգրան Մուկուչյանի աջակցությամբ, եւ «հեղափոխության» պարտության կործանարար հետեւանքով՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի շարունակությամբ։ Իսկ հիմա արդեն՝ խաղաղության դարաշրջանի կարգախոսի տակ։

Շարունակելի

Պետրոս Մակեյան