Հայաստանյան ժողովրդավարության հրատապ հարցը

Հայաստանյան ժողովրդավարության հրատապ հարցը

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ բառ չկա Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասելու եւ այն վերացնելուն խոչընդոտելու մասին: Ընդհակառակը, խոսվում է տնտեսական եւ կոմունիկացիոն կապերը բացելու մասին: Բայց դա չի խանգարում, որպեսզի ադրբեջանցիները, նախ, վնասեն գազատարը՝ արցախցիներին զրկելով գազից: Եվ երկրորդ՝ չթողնեն, որպեսզի հայկական կողմը վերացնի այդ վթարը: Ու դրա ֆոնին Ադրբեջանը ներկայացնում է միջպետական հարաբերություններն ամբողջությամբ բարելավելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ-պարտադրանքը:

Իսկ Հայաստանի նիկոլական իշխանությունն էլ համաձայն է այդ պահանջներին եւ չի բարձրաձայնում գազատարի խնդիրը: Բայց միաժամանակ խոսում է արցախցիների իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին: Երեւի 21-րդ դարում կենցաղի նորմալ պայմանների ապահովումը չի մտնում արցախցիների իրավունքների ցուցակի մեջ: Համենայնդեպս, այս հարցն անհանգստացնում է ընդդիմադիր քաղաքական ուժերին, գրագետ ու նորմալ անհատներին եւ նույնիսկ որոշ հասարակական կազմակերպությունների: Եվ որպեսզի ինչ-որ ձեւով լուծվի այդ հարցը՝ Հայաստանի առանձին քաղաքացիներն իրենց անձնական միջոցներով գնում եւ Արցախ են ուղարկում հեղուկ գազի 3 կիլոգրամանոց բալոններ: 

Իմ նախորդ հոդվածներից մեկում գրել էի, որ ռուս-ուկրաինական հակամարտության նախորդ օրը Պուտին-Ալիեւ հանդիպումը եւ համագործակցության պայմանագիր ստորագրելը միտված են նաեւ Հարավային Կովկասում ադրբեջանական սադրանքները խոչընդոտելուն: Բայց նույնիսկ կյանք տեսած իմ տարիքում չէի պատկերացնի, որ թուրքն այդպիսի թրքություն կանի: Իսկ թուրքը, բնականաբար, պետք է մտածեր, թե ուրիշ ինչ կարող է անել մեզ վնասելու համար, եւ գտել էր գազատարը վթարի ենթարկելու տարբերակը: Ձեռքի հետ էլ հրետակոծել էր Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը: Ինչի պատճառով գյուղից տարհանվել էին կանայք ու երեխաները, որոնք դեռեւս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Ադրբեջանական սադրանքները հասկանալիորեն ունեն մեկ նպատակ՝ հայաթափել Արցախը: Մեծ հաշվով, դրան համաձայն են թե՛ Հայաստանում բնակվող ապազգային զանգվածները եւ թե ՛ դրանց մարմնավորումը հանդիսացող ազգադավ իշխանությունը: «Մեր զավակները չպետք է ծառայեն Արցախում» եւ «Բոլոր արցախցիները պետք է վերադառնան իրենց երկիրը» դատողությունները երեք տասնամյակում տվեցին իրենց պտուղը: Այսօր Արցախի մեծ մասը կորսված է, իսկ եղածում էլ բնակվողը կանգնած է հումանիտար աղետի առաջ:  

Սակայն Արցախը թշնամուն հանձնելու գործընթացը չի ավարտվում զուտ Արցախի կորստով: Որքան էլ զարմանալի լինի գործող իշխանության ղեկավարի համար՝ պարտությունից հետո ադրբեջանական սողացող էքսպանսիոն՝ նոր տարածքներ գրավելու քաղաքականությունը տարածվում է արդեն Հայաստանով: Ինչը տեղի է ունեցել «ամբողջը պահպանելու նպատակով մասը հանձնելու» տհաս մտայնության արդյունքում: Մեկ-երկու օր առաջ էլ այն հասել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք: Ադրբեջանցի զինվորականները 1-2 կմ խորացել են մեր տարածքում եւ դիրքավորվել՝ վրաններ տեղադրելով:

Իսկ նիկոլական պաշտպանության նախարարությունն էլ հայտարարում է, թե ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադարձել են սեփական տարածք: Որը լքել էին ձմռան գալու եւ ճանապարհները փակվելու պատճառով: ՀՀ ՊՆ-ի հայտարարության կեղծ լինելը կրկին անգամ բացահայտեց արդեն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Իսկ նոր ՄԻՊ տիկին Ք. Գրիգորյանը փոխանակ շարունակեր իր նախորդի հայրենասիրական գործունեությունը, զբաղված է ավելի կարեւոր խնդիրներով: Վերջինս, ըստ «Հրապարակի», ԱՄՆ ՄԶԳ եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ նախաձեռնել էր հաշմանդամության խնդիրների քննարկում: Բայց կեսից, չգիտես ինչ հիմնավորմամբ, քննարկման թեմա էր դարձրել սեռական փոքրամասնությունների խնդիրը: 

Աչքիս՝ որոշակիորեն ճիշտ էր ասում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, թե Հայաստանը մուտք է գործել «ժողովրդավարական պետությունների էլիտար ակումբ»: Բայց միայն՝ որոշակիորեն, քանի որ մուտք է գործել ոչ թե Հայաստանը, այլ՝ իշխանությունը: Ինչեւէ, այս օրերին «էլիտար ակումբում» զբաղված են ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչը փակ թեմա է ՀՀ իշխանության համար: Եվ տիկինն էլ գտել է, որ պատերազմից դուրս ժողովրդավարական պետությունների առաջնային քննարկման թեման հենց այդ հարցն է: Եվ այդ պատճառով էլ ինքն անդրադարձել է դրան: Դրանով փորձելով հյուրերին համոզել, որ սեռական փոքրամասնությունների հարցը հայաստանյան ժողովրդավարության հրատապ քննարկելիք հարցն է: