Քրիստիննե Գրիգորյանի ֆոտոսեսիան՝ կանանց գաղութի անմարդկային պայմանների ֆոնին

Քրիստիննե Գրիգորյանի ֆոտոսեսիան՝ կանանց գաղութի անմարդկային պայմանների ֆոնին

Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գրասենյակը լուսանկարներ է ուղարկել ԶԼՄ-ներին եւ հաղորդագրություն տարածել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցից, որտեղ պահվում են դատապարտված կամ նախնական կալանքի տակ գտնվող կանայք ու անչափահասներ։ Նոր ՄԻՊ-ը մի քանի խախտումներ է նկատել, որոնց մասին էլ հաղորդագրության մեջ նշված է։ Առավել ակնառու են լուսանկարները, որոնք ներկայացված են հայտարարությանը կից։

Անմխիթար վիճակում գտնվող շենքային պայմաններ, վթարային սանհանգույց, բորբոսնած եւ տարիներ շարունակ ներկի երես չտեսած առաստաղներ ու պատեր եւ այլն։ Ընդհանրապես, Հայաստանի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում են նման անմարդկային պայմաններ։ Շենքերը տասնամյակներ շարունակ չեն նորոգվում, չկան մարդավայել սանիտարահիգիենիկ պայմաններ, կալանավորվածներն ապրում են խավարասերների ընկերակցությամբ։ Իշխանությունը կարծես մոռացել է, որ ՀՀ-ում նման պայմաններով շենքեր կան, որտեղ մարդիկ են ապրում։ Տարբեր ՀԿ-ների եւ անձանց մշտադիտարկումները կա՛մ վերացել են, կա՛մ որեւէ արդյունք չեն տալիս, որ կյանքի հետ անհամատեղելի այդ պայմանները վերացվեն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում համաձայնեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում շենքային պայմանները շատ վատ վիճակում են․ «Մեր քրեակատարողական հիմնարկների մեծ մասը վաղուցվա շենքեր են, մաշվածություն ունեն, բայց փորձում ենք տեղային լուծումներով կարգավորել շինությունները, այնպիսի պայմաններ ապահովենք, որ գոնե մեր դատապարտյալների եւ կալանավորների համար նվազագույն պայմանները ստեղծենք։ Ինչ վերաբերում է «Աբովյան» ՔԿՀ-ին, ապա այնտեղի համար եւս ծրագրեր կան, մրցույթները հայտարարելու ենք, նախագծային աշխատանքներ ենք կատարելու, որպեսզի այնտեղ նույնպես վերանորոգման աշխատանքներ կատարենք։ Քանի որ մի քանի հիմնարկի բարեկարգումն ավելի մեծ ծախսեր է պահանջում, ուզում ենք նոր հիմնարկ կառուցենք, որ ավելի լավ պայմաններում մեր կալանավորներն ու դատապարտյալները պահվեն»։

Ատոմյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ավելի լավ շենքային պայմաններ չկայի՞ն «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում, որոնք փակվեցին։ «Ե՛վ պայմաններն էին վատը, ե՛ւ կոնկրետ տեղակայումն էր Հրազդանում շատ վատը, եւ անձնակազմի ու դատապարտյալների թվային հաշվարկով չէին համապատասխանում քրեակատարողական ծառայության հաշվարկներին»։
Հարցին, թե լինո՞ւմ է, որ դատապարտյալներն իրենք իրենց խուցը վերանորոգեն, ասաց՝ ոչ, դրան իրենք դեմ են․ «Նման սկզբունք չկա, եւ մենք չենք թույլատրում նման կերպ վարվել։ Պետությունը գումարներ է հատկացնում, եւ այդ գումարներով վերանորոգում ենք»։

Ատոմյանը նաեւ նշեց, որ քիչ թե շատ «Արմավիր» ՔԿՀ-ն է բարվոք վիճակում, քանի որ այն նորակառույց շենք է․ «Նրա պայմանները լավ են, բացի օդափոխության համակարգից, որի վերաբերյալ մրցույթ է հայտարարված, եւ օդափոխության համակարգ ենք անցկացնելու»։
Նրա խոսքով՝ դատապարտյալներից կան բողոքներ շենքային պայմաններից, սակայն  այդպիսի բողոքների թիվը շատ ավելի քիչ է, քան մեղադրանքներից բողոքները․ «Համաձայն չեն իրենք մեղադրանքների հետ, տարբեր իրավիճակների հետ համաձայն չեն։ Օրենքից են բողոքում, իրենք կարծում են, որ իրենք ավելի անմեղ են, եւ ավելի խիստ են իրենց վերաբերվել դատարանները»։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբից Զարուհի Հովհաննիսյանն էլ ասաց, որ «Աբովյան» ՔԿՀ-ի վատ պայմանների մասին մշտապես բարձրաձայնել են․ «Շատ երկար ժամանակահատված է, որ այդպիսի վիճակում է, մենք բազմիցս ներկայացրել ենք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում վթարային պայմաններում կանայք եւ անչափահասներ են բնակվում։ Մեր այցելության ժամանակ տեսանք, որ վթարային իրավիճակ էր առաջացել ջրահեռացման հետ կապված, եւ  ամբողջ շենքը կրկնակի խոնավություն էր ստացել։ Անցած տարի նախարարությունը հավաստիացրել է, որ 2022 թվականի բյուջետային հայտում իրենք ներկայացրել են, որ պարտադիր պետք է վերանորոգվի տվյալ մասնաշենքը։ Այս տարի իրենց ծրագրերով պետք է վերանորոգվի։ Կարծում եմ՝ միասնաբար ինչ-որ բանի կարող ենք հասնել»։

Նա նաեւ ասաց, որ «Գորիս» ՔԿՀ-ն եւս անմխիթար վիճակում է․ «Ինչ վերաբերում է Երեւանի ՔԿՀ-ներին, ապա «Նուբարաշենի» առաջին հարկն է շատ վատ վիճակում։ Ընդհանրապես, «Նուբարաշենի» շենքը քաղաքաշինական գնահատման արդյունքում համարվել է բնակության համար անպիտան, դա պետք է  քանդման ենթակա շինությունների ցանկում լինի»։

ՀԳ․ Իսկ տարիներ առաջ՝ 2000-ականներին, «Աբովյան» ՔԿՀ-ն ցուցադրական կալանավայր էր, որտեղ կին դատապարտյալները կենդանիներ էին պահում, ֆերմա ունեին, ջերմոց, հող էին մշակում, էկզոտիկ թռչուններ էին պահում, լավ խնամված այգի կար, արտադրամասեր ունեին, որտեղ աշխատում էին կանայք, եւ մշակութային լուրջ ծրագրեր էին իրականացվում։ Այն ժամանակ «Աբովյան» ՔԿՀ պետը Ջամալյանն էր, ում հոր պես սիրում էին դատապարտված կանայք։ Դրսից եկած հյուրերին, ովքեր հետաքրքրվում էին կալանավայրերի վիճակով, որպես կանոն, «Աբովյան» ՔԿՀ էին տանում եւ հպարտությամբ շրջայց կազմակերպում։