Մեր նպատակն է հասնել ձախողված և ազգադավ իշխանության հեռացմանը

Մեր նպատակն է հասնել ձախողված և ազգադավ իշխանության հեռացմանը

Հարցազրույց «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ։

-Իրավաբանական ի՞նչ կարգավիճակ ունի «Երրորդ ուժ» նախաձեռնությունը` կուսակցությո՞ւն է, դաշի՞նք, թե՞ ուղղակի նախաձեռնություն։ 

-Մի քանի օր առաջ կայացավ նորաստեղծ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության առաջին ներկայացուցչական հավաքը, որի շրջանակներում նշեցինք առաջիկա մեր անելիքներն ու նպատակները։ Բնականաբար, մեր նպատակը առողջ և հայրենիքի ճակատագրի համար մտահոգ ուժերի համախմբումն է, և, այդ առումով, կուսակցություն ստեղծելու ճանապարհին ենք։ 

- Որո՞նք են հաջորդ գործողությունները, ե՞րբ եք պլանավորում մարզային այցելություններ, ի՞նչ պիտի ասեք մարզերի բնակիչներին։

Ինչպես արդեն հայտարարել եմ, մեր նպատակն է 44 օրվա ընթացքում հասնել ձախողված և ազգադավ իշխանության հեռացմանը։ Կրկնում եմ, ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ պետք է հրաժարական տա, և վերջիններս ստեղծված իրավիճակի համար պետք է պատասխան տան օրենքի և հայ ժողովրդի առջև։ Այս 44 օրերի ընթացքում յուրաքանչյուր օր արվում են կոնկրետ քայլեր այս իշխանությանը հեռացնելու համար։ 

Մեր նպատակը հայրենիքի զարգացմանն ուղղված ծրագիրն է` առանց անձնական ամբիցիաների և ռևանշի: Մենք փորձում ենք քայլեր մշակել, որպեսզի մեր հայրենիքում ցնցումներ չլինեն: Ես իմ կյանքում մի քանի հեղափոխություն եմ տեսել և լավ գիտեմ, թե ինչպիսի ցնցումներով և տնտեսության, բիզնեսի, ներդրողների վրա երկարաժամկետ բացասական ազդեցություններով են ուղեկցվում դրանք: Հենց դա պետք է կանխվի, որպեսզի, օրինակ, խոշոր ներդրողը, գործարարը իր բիզնեսի վրա չզգա քաղաքական դաշտում փոփոխությունները՝ անկախ իր հայացքներից: 

- Եթե ամռանն անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կմասնակցե՞ք դրանց։ 

- Ինչպես արդեն նշեցի, կուսակցություն ստեղծելու ճանապարհին ենք և անպայման կմասնակցենք արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձևաչափով կլինի այդ մասնակցությունը, կորոշենք ըստ ստեղծված իրավիճակի: 

- «Երրորդ ուժ» նախաձեռնությունը փողոցային պայքար ծավալելո՞ւ է։

- Նոյեմբերի 9-ի հայակործան հայտարարության ստորագրումից հետո հասկանալով, թե ուր է մեզ տանում այս ազգադավ իշխանությունը, ես առաջիններից մեկն էի, որ հրաժարական պահանջեցի։ Մեր թիմի հետ միասին` մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել և առաջիններից էինք, որ անհնազանդության ակցիաներ սկսեցինք, ու մենք բոլոր ձևաչափերով մեր պայքարը շարունակելու ենք։ Այսօր էլ մեր վրանները տեղադրված են թե՛ Բաղրամյան պողոտայում, և թե՛ Դեմիրճյան փողոցում։ Մենք մտադիր ենք ավելի մասշտաբային ակցիաներ իրականացնել։ Մեր նպատակն է հանրությանը կոնսոլիդացնել, համախմբել բոլոր առողջ ուժերին և միասնական ջանքերով, առանց երկիրը ցնցումների տանելու` հասնել իշխանափոխության: Մեզ համար շատ կարևոր է Սփյուռքի ներուժը, ես վերջերս դիմել եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին` հորդորելով հայրենիքի զարգացմանը միտված այս գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալ։