«Կծեգ»՝ Արցախի բարբառները հանրահռչակող ծրագիր

«Կծեգ»՝ Արցախի բարբառները հանրահռչակող ծրագիր

ԿԳՄՍՆ աջակցությամբ եւ «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, մտածելակերպը, կկիրառվեն ասույթներ, առած-ասացվածքներ: Բեմական հագուստն ու բեմական ձեւավորումը նույնպես կլինեն համապատասխան մոտիվներով եւ արցախյան ավանդույթների շրջանակում:

Իսկ «Կծեգ» (կծիկ) խորհրդանշական վերնագիրն ընտրվել է՝ որպես տեղահանվածների մշակույթի հավաքական բնութագրիչ։ Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրվել են տարբեր վայրեր՝ քանդելով դարերով կենսունակ այդ կծիկը: Բարբառների այդ կծիկը նաեւ միասնություն ու համախմբվածություն է խորհրդանշում։