Էրդողանի պյուռոսյան հաղթանակը

Էրդողանի պյուռոսյան հաղթանակը

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը նախօրեին (YSK) պաշտոնապես ամփոփեց մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ըստ այդմ, գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստացել է քվեների 52,18%-ը եւ վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում: Նրա մրցակից Քեմալ Քիլիչդարօղլուն ստացել է քվեների 47,8%-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է շուրջ 85%` Թուրքիայում, եւ 56%` արտերկրում: Ընտրության արդյունքները պաշտոնապես հայտարարելուց հետո YSK-ի ղեկավարը պաշտոնական այց է կատարել պառլամենտ եւ խորհրդարանի խոսնակին է հանձնել Էրդողանի` նոր հնգամյա ժամկետով պաշտոնավարման մանդատը: Մանդատն Էրդողանին կհանձնվի վաղը` հունիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանում գումարվող հանդիսավոր նիստի ընթացքում: Նույն օրը հայտարարվելու են նոր կառավարության կազմը եւ Թուրքիայի փոխնախագահի անունը:   

Նախագահական ընտրության երկրորդ փուլի վերջնարդյունքը նույնն էր, ինչ մայիսի 28-ին հայտնի դարձած շուրջ 52,1% նախնականը: Եվ այդ արդյունքը մեկնաբանող բոլոր գնահատականներից, որ հնչել են մայիսի 28-ից ի վեր, հատկապես մի որակում էր հիշողության մեջ մնացող եւ խոսուն: Այն հնչել էր Քեմալ Քիլիչդարօղլուի ղեկավարած CHP կուսակցությունից: Դեռ քվեների հաշվարկն ընթանում էր, երբ CHP-ի բարձրաստիճան կուսակցականներից մեկն ասել էր. «Եթե պարզվի` Էրդողանը հաղթել է, միեւնույն է՝ դա պյուռոսյան հաղթանակ է լինելու»: Դա միանգամայն ճիշտ գնահատական է: Էրդողանի վերընտրվելու առաջին հետեւանքը եղավ այն, որ մայիսի 29-ին թուրքական լիրան արժեզրկման նոր, աննախադեպ անկում գրանցեց` 1 ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով 20,5 - 21 լիրայի: Եթե հավատանք միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին, ապա անկումը լինելու է շարունակական` ամառվա վերջին հասնելով 1 դոլարի դիմաց մոտ 25 լիրա փոխարժեքի, տարեվերջին` 28-30 լիրա: 

Երկրորդ հետեւանքը. ներքին լսարանի առջեւ միջազգային կարեւոր դերակատարի կեցվածքներ ընդունող Էրդողանին հստակ ասելն էր, որ Թուրքիան պետք է վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը մինչեւ Վիլնյուսում գումարվող ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը: Հատկապես Վաշինգտոնից շնորհավորանքները միայն դա էին ասում: Էրդողանին դրել են մամլիչի տակ, եւ հետաքրքիր է` նա ինչպես պետք է չվավերացնի Շվեդիայի անդամակցության հայտը, հակառակ այդ մասին անցյալ տարվանից ի վեր խոսելու եւ երդվելու: 

Նույնքան հետաքրքիր է, թե Էրդողանը Շվեդիայի անդամակցությունը վավերացնելն ինչպես է մատուցելու ներքին լսարանին որպես Թուրքիայի ձեռքբերում, երբ ճիշտ հակառակ իրողության հետ գործ ունենք: Թեեւ եթե հնարավոր է ցորենի համաշխարհային արտադրության ընդամենը 2%-ը (երկու տոկոս) տվող Ուկրաինայից այդ 2%-ի մի քանի տոկոս արտահանելը շեփորահարել` որպես մարդկությանը կամ, նվազագույնը` աֆրիկյան մայրցամաքը սովից փրկելու ակտ, ապա ի՞նչը չի կարելի հիմնահատակ խեղաթյուրել:

Սակայն, թե ինչն ինչպես է ներկայացվում Թուրքիայի ներսում, այնքան էլ կարեւոր չէ: Էականը դրանից արվող հետեւություններն են արտերկրում: Էրդողանի վերընտրվելը Արեւմուտքի համար հնչած նախազգուշական զանգ է այն մասին, որ Թուրքիան պետք է վճռականորեն ճնշվի եւ զսպվի, եթե չեն ցանկանում վաղը Թուրքիայի ինքնասուն հավակնություններից նույն բնույթի գլխացավանքների մեջ ընկնել, ինչ Պուտինի հավակնություններից եւ նրան ժամանակին չզսպելուց ընկան: Իհարկե, ՆԱՏՕ-ում Թուրքիայի մեկուսացումը եւ տնտեսական ճնշումները Թուրքիայի հանդեպ տեսանելի են արդեն մի քանի տարի, եւ թուրքական լիրայի արժեզրկումը, տնտեսության ճգնաժամը հենց դրա արդյունք են, որքան էլ թուրքական քարոզչությունը փորձի դա Էրդողանի ոչ օրտոդոքս տնտեսական քաղաքականությանը վերագրել: Ուղղակի Էրդողանի վերընտրվելուց հետո ճնշումները պետք է լինեն ավելի ուժեղ եւ նպատակային, Էրդողանի եւ Թուրքիայի միջեւ հավասարության նշան դնելու եւ նեո-օսմանյան հավակնությունների տնտեսական հիմքերը ոչնչացնելու հաշվարկով:

Մեծ հաշվով, որքան էլ ցանկալի կլիներ Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակը, որովհետեւ դրա արդյունքում Թուրքիան կվերադառնար Արեւմուտքի ուղեծիր` առանց ավելորդ ինքնագործունեության, այդուհանդերձ, երկարաժամկետ կտրվածքով գուցե Էրդողանի վերընտրվելն ավելի նպաստավոր է, որովհետեւ այն Արեւմուտքի համար նախազգուշացում է, որ ոչ թե Թուրքիան առաջնորդող անհատի անձնական հատկությունների կամ գիտակցության վրա պետք է հույս դնել, այլ Թուրքիայի` որեւէ հավակնության տնտեսական, ռազմական, քաղաքական հիմքերը պետք է օբյեկտիվորեն չեզոքացնել եւ դրանով երաշխավորել Թուրքիայի գտնվելն Արեւմուտքի ազդեցության ուղեծրում: 

Ինչպես Ուկրաինայի պատերազմը սանձազերծողը Վլադիմիր Պուտինը չէ, այլ Ռուսաստանի բարդույթները, որոնց արտահայտողն է դարձել Պուտինը, նույնկերպ էլ Էրդողանի վերընտրվելը նախազգուշացում է Թուրքիայի հավակնությունների մասին`որքան էլ դրանք խզված լինեն օբյեկտիվ իրականությունից եւ սթափ գիտակցությունից: Միշտ էլ կարող է ամբոխավար մեկը գալ իշխանության եւ մեծամասնությանն իր ետեւից տանել արկածախնդրության: Որպեսզի այդ ամբոխավարն ու իր մեծամասնությունն աշխարհի համար խնդիր չստեղծեն, ինչպես ժամանակին Հիտլերը եւ Գերմանիան կամ մեր օրերում Պուտինը եւ Ռուսաստանը ստեղծեցին, հարկավոր է նրանց տնտեսական, քաղաքական ռազմական ռեսուրսները կանխարգելիչ սահմանափակել: Թուրքիայի դեպքում դա արվում է, սակայն պետք է արվի ավելի արագ, մասշտաբային եւ արդյունավետ: