Երկու իրականություն
Փաշինյան Նիկոլին վարչապետ կարգելով՝ մեր երկրում ձեւավորեցինք երկու իրականություն: Մեկը, բնականաբար, գործող իշխանությունն է՝ նիկոլապաշտ զանգվածով հանդերձ, երկրորդը՝ ընդդիմությունը: Նիկոլապաշտ զանգվածն իր մեծամասնության մեջ հասարակության կիսագրագետ հատվածն է, որը նախկինների ժամանակ հինգ տարին մեկ 5 կամ 10 հազար ընտրակաշառք էր ստանում եւ բավարարվում դրանով՝ անընդհատ մնալով բողոքավոր: Ընդդիմությունը բաղկացած է նախկիններից, նախկիններին մերձ եւ նախկիններին ընդդիմադիր շրջանակներից: Ընդդիմությունը, հազվադեպ բացառությամբ, գրագետ է ու խելացի, ինչպես նաեւ կյանքում իր տեղը գտած: Ժամանակին կա՛մ ընտրակաշառք էր բաժանում եւ կա՛մ ընդդիմանում էր դրան: Բայց այսօր այդ երկուսը միավորվել են մեկ ամբողջության մեջ:
Աչքիս՝ ճիշտ են ասում անգլիացիները․ երբեք մի ասա «երբեք»: Միավորվել եւ փորձում են կործանումից փրկել հայոց պետականությունը: Դեպի ուր անշեղորեն ընթանում է երկիրը Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ, ուսապարկային մանկլավիկների ու կամակատարների դերակատարմամբ ու նիկոլապաշտ զանգվածի հավանության ներքո:
Նիկոլապաշտ զանգվածը, ընդհակառակը, կարծում է, որ երբեք այնքան լավ չի եղել, որքան հիմա: Նիկոլն անպատիժ հայհոյում է նախկիններին, նրանց քարշ է տալիս փողոցով, գցում քննիչների կամ դատավորների ձեռքը: Այն մարդկանց, որոնք ժամանակին ծառայում էին նույն այդ նախկիններին: Մեկ-մեկ էլ նրանց ձեռքից խլում է ունեցվածքը: Բայց, դժբախտաբար, չի բաժանում իրեն պաշտողներին. այստեղ այդ զանգվածի ներկայացուցիչները խնդիր են տեսնում: Դրանք չեն տեսնում, որ կյանքը թանկացել է, իսկ եթե նկատում են, ապա դրա պատճառը նախկիններն են. եթե ժամանակին քիչ թալանեին, այսօր իրավիճակն ավելի լավ կլիներ: Դրանց մի փոքր ավելի գրագետ մասն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մեջ է տեսնում թանկացման մեղքը: Դրանք չեն տեսնում նիկոլական ապաշնորհ կառավարման հետեւանքները, իսկ եթե նկատում են, ապա վճիռը նույնն է՝ նախկիններն են մեղավոր:
Դրանք հիմնականում չեն հետեւում համացանցային տեղեկատվությանն ու տեղյակ չեն, որ ոստիկանությունն աչքի է ընկնում վայրագությամբ: Բայց իմանալու դեպքում կարծում են, որ այդպես էլ պետք է լիներ՝ նախկինում այդպես չէ՞ր: Իհարկե, այնքան գիտակից չեն, որ հասկանան մի պարզ ճշմարտություն. 2018-ի գարնանային իրադարձությունները հենց այն բանի համար էին, որպեսզի այդ երեւույթներն այլեւս տեղ չգտնեին մեր կյանքում:
Իհարկե, առկա է նաեւ մեկ այլ զանգված, որ իրեն բարձր է համարում նիկոլական կամ հականիկոլական շրջանակներից: Դրա ներկայացուցիչները չեն ընդունում ո՛չ մեկին եւ ո՛չ էլ մյուսին: Այդ մարդկանցից գոնե ֆեյսբուքյան մակարդակով ակտիվները պահանջում են երրորդ ուժի հայտնություն: Որքան ինձ հիշում եմ՝ մեր հասարակության մեջ միշտ առկա է եղել երկու հիմնական զանգվածների հակամարտություն: Եվ դրա առկայության պայմաններում՝ երրորդ ուժի փնտրտուք: Դա բերել էր նրան, որ նույնիսկ այդ անվանումով կուսակցություն էր ստեղծվել 15-20 տարի առաջ: Բայց այն վաղուց կնքել է իր մահկանացուն կամ էլ գոյություն ունի միայն թղթերով: Ինչը նշանակում է, որ երկրում հակամարտություն ծագելու դեպքում առաջանում են նաեւ երրորդ ուժի հայտնվելու սպասումներ: Սակայն նման սպասումներն ընդամենը հեքիաթի ժանրից են: Երրորդ ուժը տեսականորեն կարող է առաջանալ այն ժամանակ, երբ հակամետ կողմերից մեկը սկսի թուլանալ, եւ որպես երրորդ ձեւավորվող ուժը զբաղեցնի երկու ուժերից թուլացածի տեղը: Ինչը կրկին կվկայի, որ բնությունը կառուցված է հակադրամիասնության վրա: Ինչպես ասենք, չինական «ին» (մութ, պասիվ, կանացի, բացասական, լուսնի եւ այլն) եւ «յան» (լուսավոր, ակտիվ, տղամարդկային, դրական, արեւի եւ այլն) բնափիլիսոփայական տարբերակումը: Այնպես որ, երրորդ ուժ ակնկալողներն ընդամենը այն մարդիկ են, ովքեր, չմիանալով ընդդիմությանը, այդ հանգամանքով աջակցում են գործող իշխանությանը, այսինքն՝ հենց Նիկոլին: Թեեւ արտաքնապես խոսում են ընդդեմ Նիկոլի:
Ժամանակին (1936 թ.) հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն արձանագրել է. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին (ենթադրաբար՝ «արեւելցի» իմաստով՝ որպես ֆրանսերենից (Levant) կամ իտալերենից (Levante) փոխառնված բառ), անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը եւ այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»։ Նիկոլի «շնորհիվ» մենք ապրում ենք երկու զուգահեռ իրականություններում: Եվ գտնվում ենք հենց այդ պատերազմի մեջ: Առաջինի այսօրվա դրսեւորումը «մեր հզոր վարչապետ» արտահայտությունն է՝ պարտված ու թշնամուց խաղաղություն մուրողին հասցեագրված, երկրորդինը՝ ներքին թշնամուն մերժող զանգվածի՝ հեռախոսի լույսերով ողողված փողոցային երթը: Առաջինի հաղթանակը մեզ կհասցնի ոչ թե բարեկեցության ու խաղաղության, ինչպես ներկայացնում է դրա «ճարտարապետը», այլ՝ վերջնական հայրենազրկման: Երկրորդի հաղթանակը կհանդիսանա փրկության օղակ՝ գցված խորտակվող եւ դա իր մեծամասնության մեջ չընկալող ժողովրդին: Վստահ եմ, որ պատերազմն ավարտվելու է երկրորդի հաղթանակով:
Կարծիքներ