Երկրից նեղանալ, խռովել չի կարելի, իսկ իշխանություններն անցողիկ են

Երկրից նեղանալ, խռովել չի կարելի, իսկ իշխանություններն անցողիկ են

Վարանդ Քեշիշյանը Լիբանանից Հայաստան է ներգաղթել ութ ամիս առաջ՝ մշտապես բնակվելու նպատակով: Ապրելու եւ աշխատելու համար ընտրել է ոչ թե քաղաքային, այլ՝ գյուղական միջավայրը: Նկարչի մասնագիտությամբ քաղաքաբնակ սփյուռքահայը հեշտությամբ է հարմարվել գյուղի կյանքին, այնքան հեշտ, որ գործից ազատ ժամանակ Առատաշեն գյուղում, որտեղ ապրում է, նաեւ հող է մշակում: 

Երիտասարդը հասցրել է ամուսնանալ. կնության է առել, իր ձեւակերպմամբ՝ Առատաշենի ամենասիրուն աղջիկներից մեկին: Հայաստանը, իր ասելով, սիրել է՝ առանց տեսնելու, առանց ներսում ապրելու: «Երբ առաջին անգամ եկա, ուսանող էի, այնքան հավանեցի, որ որոշեցի գնամ, իրերս հավաքեմ ու գամ հիմնական ապրելու, կյանքս զրոյից սկսելու: Վերադարձա ու ճիշտ արեցի… Սա հզոր էներգետիկա ունեցող երկիր է, մագնիսի պես ձգում է»,- ասում է նա:

Վարանդն Առատաշենի գեղարվեստի դպրոցում նկարչության դասեր է տալիս: Աշխատանքը դժվարությամբ է ձեռք բերել: Ասում է՝ այստեղ ապրելը հեշտ է, եթե աշխատանք լինի: Հիասթափության պահեր, իհարկե, ունեցել է, բայց հետ վերադառնալու մասին երբեք չի մտածել: «Երկրից նեղանալ, խռովել չի կարելի, իսկ իշխանություններն անցողիկ են»,- փիլիսոփայում է նա:

Ազգի պառակտվածությունից երիտասարդը ցավ է ապրում: Լիբանանում ապրած տարիներին պատկերացրել է, թե ինչպես է նեղության պահին հայը միաբանվում, հավաքական ուժ դառնում: Իսկ այստեղ բախվել է հակառակին:

«Բաժանվել է թե՛ ժողովուրդը, թե՛ երկիրը: Դրան նպաստել են նաեւ դրսի ուժերը, որոնք լավ ուսումնասիրել են մեր թույլ կողմերը: Շատ վատ է, որ հայը հային չի կարողանում հանդուրժել: Բայց պետք է մի բան հասկանան. բոլոր ղեկավարներն այսօր կան, վաղը՝ ոչ, իսկ ժողովուրդը մնայուն է. իրար ատել, միմյանց վատաբանել չի կարելի: Եթե ուզում ենք երկիրը չկորցնել, պետք է վերանայենք մեր պահվածքը, օտարին թույլ չտանք մտնել մեր տուն, մեզ իրարից բաժանել: Չէ՞ որ բաժանելուց հետո տիրելը հեշտ է: Ինչո՞ւ մեր փորձից դասեր չենք քաղում, ինչո՞ւ չենք փորձում առաջ նայել, կառուցողական լինել»:

Անդրադառնալով վերջին շրջանում սփյուռքի՝ Հայաստանի նկատմամբ ոչ այնքան տաք վերաբերմունքին, Վարանդն ասում է՝ սփյուռքը վիրավորված ու հիասթափված է:

«Հիասթափվեց հատկապես, երբ պատերազմին ուղարկած օգնությունը տեղ չհասավ, նույնիսկ չգտնվեց մի ղեկավար, որ ասեր՝ որտեղ մնաց այդ օգնությունը, ինչպես անհետացավ»։

Ըստ նրա՝ սփյուռքի որոշ գաղթօջախներում թեեւ կրկին  աշխուժություն է նկատվում, միեւնույն է՝ էլ առաջվանը չէ: Վարանդ Քեշիշյանին վիրավորում է նաեւ այն հանգամանքը, որ սփյուռքի մասին հիշում են միայն փող ուզելու ժամանակ: Նա կարծում է՝ իրենց ահռելի ներուժը պետք է օգտագործել հատկապես պետական կառավարման համակարգում: «Ե՛վ փող կա, ե՛ւ փորձ, ե՛ւ աշխատելու կամք ու պատրաստվածություն»,- ասում է նա: