«Հրապարակ». Պատկերացնո՞ւմ եք՝ ցեղասպանության ժամանակ հայերին եվ երիտթուրքերին նստեցնեին, թե՝ խոսեք խաղաղությունից

«Հրապարակ». Պատկերացնո՞ւմ եք՝ ցեղասպանության ժամանակ հայերին եվ երիտթուրքերին նստեցնեին, թե՝ խոսեք խաղաղությունից

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հայտարարել է, որ ֆրանկո-գերմանական երիտասարդական գրասենյակի՝ OFAJ-ի կողմից իրականացվող «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում» հունիսի 6-10-ը հանդիպումներ կլինեն հայ, ադրբեջանցի, գերմանացի եւ ֆրանսիացի երիտասարդների միջեւ։ Դեսպան Գրոսն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան եւ Եվրոպական միությունը, OFAJ-ը նպատակ ունի մասնակցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղության գործընթացի հաստատմանը:
Մենք զրուցել ենք ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։

«Կրկին կարեւոր նորությունների մասին մենք իմանում ենք կա՛մ ադրբեջանցիներից, կա՛մ Ադրբեջանից, տվյալ դեպքում՝ Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսից։ Այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը կա՛մ տեղյակ չէ ընթացող գործընթացներից, ինչը ես համարում եմ անհնար, կա՛մ փորձում է վատ նորությունները հաղորդել ամենավերջում։ Փաստորեն, բրյուսելյան հանդիպումից հետո անակնկալները շարունակվում են, քանզի նույն Գրոսն ասաց, որ ադրբեջանցի եւ հայ երիտասարդների միջեւ ձեռք է բերվել հանդիպման պայմանավորվածություն՝ հենց բրյուսելյան հանդիպման ժամանակ։ Մի կողմ դնելով բոլոր հուզականությունները՝ հասկանում ենք, որ Ադրբեջանը եւ հավաքական Արեւմուտքն անում են ամեն ինչ, ինչ հնարավոր է եւ անհնարին, որ լեգալիզացնեն 44 օրվա տեռորիստական պատերազմի արդյունքները։ Այսինքն՝ լեգալիզացնել Արցախի զավթումը, բոլոր այն հակահայկական եւ հակապետական գործընթացները, որոնց մենք ականատես ենք»,- ասաց Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, եվրոպացիների համար միեւնույն է՝ Արցախը կլինի՞, թե՞ ոչ, Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի, նրա համար կարեւոր է, որ նավթաբազային հանգույցներն ամենաէժան եւ անվտանգ ճանապարհով հասնեն Եվրոպա։

«Դրա հետ մեկտեղ, փորձում են դուրս մղել տարածաշրջանից Ռուսաստանին։ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ ավելի քան պարզունակ է․ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ինքն ունի խնդիր, եւ ամեն ձեւ ու բոլոր հարթակներով ինչ-որ մի կերպ փորձում է լեգալիզացնել 44-օրյայի հետեւանքները։ Դրա համար շատ կարեւոր է, բացի դիվանագիտական եւ ռազմական ճնշումից, որը մեզ վրա Ադրբեջանը մշտապես իրագործում է, նաեւ, այսպես կոչված, թոզ փչել թե՛ հայ հասարակության եւ թե՛ միջազգային հանրության աչքերին։ Ի վերջո, երբ որ հայ եւ ադրբեջանցի երիտասարդները հանդիպում են, որը նաեւ շատ հոգեբանական պահ է, եւ քննարկում են խաղաղություն, սա նշանակում է, որ ադրբեջանական կողմն արդեն ներվել է՝ հետեւանքների համար։ Իրականում, այս կարգի հանդիպումները, միանշանակ, աշխատում են եւ խաղում են միայն եւ միայն թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի օգտին։ Սա շատ փորձված եւ շատ էֆեկտիվ գործիք է»,- նշում է քաղաքական վերլուծաբանը։

Արման Աբովյանը ցավով է նկատում, որ կարծես թե պետք է սովորենք առաջին նորությունները կա՛մ Ադրբեջանից, կա՛մ Թուրքիայից լսել։ «Հիմար իրավիճակ է։ Այս կարգի հանդիպումները նաեւ բխում են ադրբեջանամետ եւ թրքահաճո խաղաղության դարաշրջանի կոնցեպտից։ Այստեղ մենք տեսնում ենք, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական եւ թե՛ եվրոպական կողմերը համահունչ են նրա հետ, որ այս իրավիճակը պետք է ստիպեր մեզ՝ բոլորիս, մարսել ամեն ինչ։ Մեզ փորձում են «գեղեցիկ խաղաղության դարաշրջան» փաթեթավորված գաղափարի ներքո, ազգային եւ պետական ինքնասպանության անխուսափելիության հետ հաշտեցնել։ Անունը դնեն, թե երիտասարդներ են հանդիպում, խաղաղություն պայմանավորվում։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, այ ձեր ցավը տանեմ, երբ որ Հայաստանի սահմաններն օկուպացված են, երբ որ առավոտից երեկո մեզ սպառնում են պատերազմով, երբ որ օկուպացված է Արցախի 75 տոկոսը, երբ որ Ադրբեջանն ակնհայտ, բացահայտ հավակնում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Ինչի՞ մասին են երիտասարդները խոսելու, ի՞նչ են այնտեղ քննարկելու։ Հայ երիտասարդներն ադրբեջանցիների հետ քննարկելու են, թե ոնց են մտնելու եւ գրավելու մեր տարածքնե՞րը։ Ախր, աբսուրդի մակարդակի է արդեն հասնում այս ամենը։ Հասկացանք, որ ամեն գնով փորձում են մեզ ստիպել թրքանալ։ Պետք է շատ չոր նայել այս իրավիճակին, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միակ նպատակը հայկական գործոնի նվազեցումն է տարածաշրջանում։ Գործիքակազմը բազմաշերտ է, բազմաթիվ է, եւ այս կարգի հանդիպումները նպաստելու են թուրք-ադրբեջանական վերջնանպատակին։ Փուլային է գնում այս գործընթացը․ սկզբում՝ մերվել, հետո՝ ռազմադիվանագիտական եւ տնտեսական էքսպանսիա»,- ասաց Արման Աբովյանը։

Քաղաքագետի խոսքով, այսօր մենք ապրում ենք մի զավեշտալի վիճակում, երբ ՀՀ պաշտոնյաները հրաժարվում են ասել, օրինակ, որ Արցախը երբեք չի կազմի Ադրբեջանի մաս, եւ այս պարագայում գնում են ադրբեջանցիների հետ ինչ-որ քննարկումների։

«Ես չեմ բացառում, որ «յան» վերջածանցով լիքը անհայրենիք մարդիկ կան՝ կա՛մ թուրքական ազդեցության տակ ուղղակի գտնվող, կա՛մ, այսպես կոչված, սուտ խաղաղասիրական գաղափարներով տարված, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց այն, որ կգտնեն՝ կգտնեն։ Այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որ համարձակվում են իրենց կեղտոտ երախը բացել ու ասել, որ Շուշին ադրբեջանական է։ Ինչից ենք զարմանում, որ կարող է արցախցիներին անիծել, տարանջատել։ Մեզ պարապացնում են՝ ժպիտով ընդունել ազգային ինքնասպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երիտասարդներին եւ երիտթուրքերին նստեցնեին ու ասեին՝ դե խոսեք բարեկեցությունից, խաղաղասիրությունից, երբ այդ պահին Դեր Զորում մարդկանց կոտորում էին։ Սա աբսուրդ է»,- ասաց Արման Աբովյանը։