Տիկին դատախազը մոռացել է, որ ինքն այլևս «վարչապետի օգնական» չէ

Տիկին դատախազը մոռացել է, որ ինքն այլևս «վարչապետի օգնական» չէ

Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակից ՀՀ գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանը շարունակում է իրեն «վարչապետի օգնական» զգալ։ Իրեն բարձրակարգ իրավաբան համարող տիկին դատախազը տեղյակ չէ, որ ՀՀ գլխավոր դատախազը, լինելով Հայաստանի ամենաանկախ պաշտոնյաներից մեկը, ի պաշտոնե չի կարող որևէ բան զեկուցել ի պաշտոնե վարչապետի աթոռը զբաղեցնող ցանկացած մեկի, նույնիսկ եթե այդ մարդը իրեն դատախազ «դարձրած» ու իր նկատմամբ «վարչապետական վերահսկողություն» իրականացնող Նիկոլ Փաշինյանն է։ Վարչապետին կարող են զեկուցել իր օգնականները, խորհրդականները, նախարարները, այլ ենթակա պաշտոնյաներ, բայց ոչ երբեք գլխավոր դատախազը։

Երեկ կառավարության նիստի ժամանակ, սակայն, Աննա Վարդապետյանը, խոսելով Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասներից, որոշեց, որ ինքը պետք է «զեկուցի մեծարգո պարոն վարչապետին», այլ ոչ թե տեղեկացնի կամ ներկայացնի գործի ընթացքի մասին: Եւ իր խոսքն սկսեց այսպես․ «Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով, և սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ, դրա մասին, պարո՛ն վարչապետ, պարբերաբար ես Ձեզ զեկուցում եմ, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի»։

Սա նախ ակամա հաղորդում է հանցագործության կամ առնվազն քաղաքական «ստրկության» մասին, քանզի Հայաստանի ամենաանկախ պաշտոնյաներից մեկը խոստովանում է, որ ինքը պարբերաբար զեկուցում է մեկին, որին ինքը ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ դատախազության մասին օրենքով զեկուցելու պարտավորություն չունի։  

ՀՀ Սահմանադրության 176 և 177-րդ հոդվածներում, որոնցից մեկը վերաբերում է Դատախազությանը, մյուսը՝ գլխավոր դատախազին, վարչապետին կամ որևէ այլ անձի զեկուցելու մասին որևէ տող կամ ակնարկ անգամ չկա։ 

Իսկ դատախազության մասին ՀՀ օրենքի երկրորդ գլխի (Դատախազության գործունեության սկզբունքները) 5-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է գլխավոր դատախազի՝ որևէ մարմնին հաշվետու լինելուն, ընդամենը սահմանվում է․ «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին»։ Այսինքն՝ ընդամենը հաղորդում է ներկայացնում, այլ ոչ թե զեկուցում, այն էլ՝ իրեն դատախազ ընտրած մարմնին, ոչ թե գործադիրի ղեկավարին։

Այլ հոդվածներով ևս գլխավոր դատախազի կողմից որևէ մեկին, այդ թվում՝ դատականին հավասար գործադիր իշխանության ղեկավարին որևէ բան զեկուցելու մասին որևէ տառ անգամ չկա նշված։

Իսկ նույն օրենքի հոդված 6-ի 1-ին մասով սահմանվում է, թե ինչ աստիճանի ինքնուրույնությամբ է օժտված ՀՀ գլխավոր դատախազը․ «Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:  և 2-րդ մասերով սահմանվում»։ Սույն հոդվածի 2-րդ մասն էլ ավելացնում է․ «Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն»։

Այսինքն՝ անգամ գործադիր իշխանության ղեկավարը իրավունք չունի միջամտել դատախազության ու դատախազի գործունեությանը՝ օրենքով չնախատեսված ձևով։ Բայց եթե գլխավոր դատախազը իրեն թույլ է տալիս շարքային օգնականի նման զեկուցել «մեծարգո վարչապետին», ապա վերջինս էլ կարող է իրեն թույլ տալ հրամաններ տալ տիկին դատախազին ու պարտադրել դրանք անհապաղ կատարել։ Օրնակ՝ հրամայել այս կամ այն քրեական գործով իր ճաշակին ու քիմքին համապատասխան ընթացք տալ ու մեղավորներ նշանակել, ինչպես տեղի է ունենում Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասով, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ նախնական վարկածն առաջ քաշում ու մեղավորներին «հայտնաբերում է», գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի նախագահն էլ հետո իրավաբանորեն այդ ամենը համապատասխանեցնում են իրենց դե ֆակտո ղեկավարի ու հրահանգիչի հայտարարածին։

Մենք այս հարցով դիմեցինք նաև դատախազություն՝ խնդրելով հայտնել, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Սահմանադրության կամ դատախազության մասին ՀՀ օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա է զեկուցում վարչապետին։

Դատախազությունից տվեցին այսպիսի «լեզվաբանահումանիստական» պատասխան՝ մոռանալով, որ օրենքի մարդկանց կողմից ամեն բառ իր կոնկրետ նշանակությունն ունի։

Ահա դատախազության պատասխանը, որն ընդամենը արդարացում է՝ կառչելով բառի տերմինաբանական բացատրությունից․ ««Զեկուցել» բառի կիրառման հետ կապված շահարկումներն արհեստածին են: Այո՛, 15 զինծառայողների ողբերգական մահվան պատճառները հանրային զեկուցում են պահանջում, հատկապես այն պայմաններում, երբ Կառավարության նախորդ նիստում անդրադարձ եղել է: Գեղարքունիքի մարզում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի պատճառների վերաբերյալ կա հանրային օբյեկտիվ մեծ հետաքրքրություն, հետևապես ողբերգական մահվան պատճառ դարձած հանգամանքները ներկայացվում ու պետք է ներկայացվեն հասարակությանը՝ այդ թվում նաև Կառավարության նիստերի միջոցով: Ի դեպ, «զեկուցել», նշանակում է տեղեկություն տալ՝ որևէ խնդրի մասին»։

«Հանրային զեկուցմամբ» հանդես եկող գլխավոր դատախազին ևս մեկ անգամ հիշեցնենք երեկվա նիստին իր ելույթը, որտեղ նա բառացի հայտարարում է․ «․․․ Դրա մասին, պարո՛ն վարչապետ, պարբերաբար ես Ձեզ զեկուցում եմ»։ Այսինքն՝ ինքը պարբերաբար զեկուցում է «պարոն վարչապետին»՝ ոչ հրապարակային, փակ ռեժիմով, այլ ոչ թե հանրությանը, ինչի մասին ակնարկել են դատախազության պատասխանում։