Տանը՝ առյուծ, դրսում` փիսիկ. ինչու Փաշինյանը չի չեզոքացնում ռուսական ռազմաբազայից բխող սպառնալիքը

Տանը՝ առյուծ, դրսում` փիսիկ. ինչու Փաշինյանը չի չեզոքացնում ռուսական ռազմաբազայից բխող սպառնալիքը

Ռուսաստանն ասում է, որ կառուցում է երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհ, որտեղ ԱՄՆ-ից կամ ԱՄՆ կողմից ղեկավարվող հավաքական Արեւմուտքից բացի կլինեն այլ ուժային կենտրոններ եւս՝ Ռուսաստանը, Չինաստանը կամ նրանք միասին: Ուժային բեւեռ դառնալու համար Ռուսաստանին պետք է ոչ միայն դուրս գալ Արեւմուտքի ազդեցությունից, այլեւ հետ բերել նախկինում իր վերահսկողության տակ գտնված տարածքները, որոնք անցել են Արեւմուտքի ազդեցության տակ:

Պատերազմն Ուկրաինայի դեմ հենց այդ պայքարի դրսեւորումներից մեկն է: Առանց այդ տարածքների կամ առնվազն դրանց մեծ մասի վերադարձի, Ռուսաստանը չի կարող աշխարհաքաղաքական բեւեռ կամ գերտերության ստատուս ձեռք բերել, որովհետեւ գերտերություն՝ նախեւառաջ նշանակում է ունենալ ազդեցության գոտիներ: Երեւի պատմությունից հիշում եք արքա եւ արքայից արքա տիտղոսները. արքայից արքան նա էր, ում գերիշխանությունը ճանաչում էին այլ արքաներ: Հիմա տերմինոլոգիան է մի քիչ փոխվել, բայց բովանդակությունը մնացել է նույնը:

Հայաստանը Ռուսաստանի համար նման մի ազդեցության գոտի է, նման ազդեցության գոտի է նաեւ Արցախը. Ռուսաստանն Արցախ մտավ ընդլայնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուզում է Ռուսաստանին հանել Հայաստանից, եւ Փաշինյանը դրա մասին հստակ հայտարարեց հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ, ասելով, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Մինչ այդ ընդունված էր համարել, որ ռուսական ռազմաբազան եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրիչն են: Փաշինյանը՝ որպես Հայաստանի իշխանություն, առաջին անգամ Ռուսաստանին եւ մեր երկրում ռուսական ռազմական ներկայությունը համարեց Հայաստանի անվտանգության սպառնալիք: Նիկոլն այլեւս չի ուզում ճանաչել Ռուսաստանի գերիշխանությունը եւ ուզում է ռուսական զորքը հեռացնել Հայաստանի տարածքից:

ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններից հրաժարվելուց եւ Ռուսաստանին ռազմական սպառնալիք ներկայացնելուց հետո թվում է, թե հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ այդ ռազմական սպառնալիքը չեզոքացնելը: Ընդ որում՝ չեզոքացնել արմատապես: Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա այլեւս Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու առաջարկ չի ստանա: Եթե Հայաստանը խզի Ռուսաստանի հետ այն պայմանագրերը, որոնց հիման վրա Ռուսաստանն այստեղ պահում է իր ռազմաբազան, ապա կչեզոքացնի նաեւ այդ սպառնալիքը: Ինչո՞ւ, ուրեմն, Փաշինյանը չի գնում նման քայլի, ինչո՞ւ Հայաստանը դուրս չի բերում ՀԱՊԿ-ից, չի խզում մեր համար սպառնալիք դարձած Ռուսաստանի հետ այն պայմանագրերը, որոնց հիմքով Ռուսաստանն այստեղ զորք է պահում:

Փաշինյանը դա կաներ, ուղղակի վախենում է, նրան վախեցրին: Ռուսաստանին սպառնալուց հետո ռուսները նրան ուղղակի սպառնացին, եւ եթե այդ սպառնալիքը վրիպեց հայ հասարակության մեծ մասի ուշադրությունից, ապա Փաշինյանի ուշադրությունից հաստատ չի վրիպել: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Փաշինյանի ասուլիսից մի քանի օր անց նրան բառացիորեն անվանեց «արկածախնդիր»՝ կոչ անելով մտածել հետեւանքների մասին: Հայտարարելով, որ հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում է բազմադարյա բարեկամությունը, եւ դրանք արմատներով գնում են դեպի պատմության խորք, Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է այսուհետ եւս շարունակել բազմակողմանիորեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ փոխգործակցությունը բազմակողմ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ:

Զախարովան պարզ ասաց՝ հույս չունենաք, թե թույլ ենք տալու, որ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գաք․ «Երեւանից հնչող հայտարարությունները, իբրեւ թե ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթություն են: Տասնամյակներ մեր զինվորականները, սահմանապահները զգալի ավանդ են ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ պաշտպանելով նրա սահմանները, ինչն օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի ժխտել: Ընդ որում՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակային հայտարարում էր, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Իսկ ահա արկածախնդիրները, ովքեր կոչ են անում՝ մեր զինվորականներին ցույց տալ դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլերի իրական հետեւանքների հարցում»:

Մենք գրեթե 10 օր սպասում էինք, որ ՀՀ կառավարությունը գոնե ԱԳՆ խոսնակի մակարդակով կպատասխանի Զախարովայի նման ակնհայտ վիրավորական եւ սպառնալիք պարունակող հայտարարությանը: Պատասխան չեղավ, եթե որպես պատասխան չհաշվենք այն, որ Զախարովայի հայտարարությունից հետո Փաշինյանը նոր հակառուսական հայտարարությամբ հանդես չի եկել, թերեւս հասկանալով, թե ինչ հետեւանքների մասին է ակնարկում Ռուսաստանը: Մանավանդ որ հետեւանքները վերաբերում են ոչ թե Հայաստանին, այլ հենց արկածախնդիրին կամ արկածախնդիրներին:
Փաշինյանը թերեւս հասկացել է, որ եթե շարունակի իր հակառուսական հռետորաբանությունը, ապա դրանով անվերջ կանլրջացնի թե՛ անձամբ իրեն եւ թե՛ իր իշխանությունը: Որովհետեւ մի բան է երբ ռուսական ռազմական ներկայության դեմ խոսում է որեւէ կուսակցության ներկայացուցիչ, այլ բան, երբ դա անում է երկրի փաստացի ղեկավարը: Մի անգամ արդեն գրել ենք, որ եթե Փաշինյանը ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից դուրս գալու որոշում կայացնի, ապա այդ որոշումը կմնա օդի մեջ: Ռուսաստանն ուղղակի զորքը դուրս չի հանի Հայաստանից: Հիմնավորումներ կգտնվեն մի քանի տասնյակ: Բայց եթե ռեստորանների սեղաններին աղաման չդնելու կամ գազաբալոնները պարտադիր փորձաքննության ենթարկելու որոշումներ կայացնելը հեղինակազրկում է իշխանությանը միայն երկրի ներսում, ապա ռուսական ռազմաբազան հանելու որոշման իրականացման հարցում ձախողումը ցույց կտա, որ Փաշինյանը Հայաստանում ընդհանրապես իշխանություն չունի: Ավելի ճիշտ՝ նրա իշխանությունը դրսեւորվում է կառավարության շենքում մի քանի հազար ոստիկանների հսկողության տակ վարչապետ աշխատելու իմիտացիայի իրականացմամբ:

Իսկ որ ռուսները դուրս չեն գա, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել. Ուկրաինայում նրանք տասնյակ հազարավոր զինվորներ են զոհում՝ այդ երկիրն իրենց վերահսկողության տակ վերադարձնելու համար: Ինչո՞ւ պետք է վերցնեն ու Հայաստանից խաղաղ հեռանան: Ճիշտ է՝ միջազգային հանրությունը հայտարարություններ ու կոչեր կանի Ռուսաստանին՝ հարգելու Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դրանից չի շահի ո՛չ Հայաստանը, ո՛չ Փաշինյանի իշխանությունը: Ռուսաստանը հաստատ չի հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես որ չի հարգում Վրաստանինը, Ուկրաինայինը, Մոլդովայինը, բայց Փաշինյանը կարող է կորցնել իր իշխանությունը: 

Եթե մինչեւ հիմա երկրի ներսում Փաշինյանը կապիտուլյանտ ու ազգային շահերի դավաճան էր համարվում, ապա առնվազն Ռուսաստանի համար նա այլեւս արկածախնդիր է, ում սպառնում են շատ լուրջ հետեւանքներով: Միայն թե նա չի համարձակվի Ռուսաստանի իշխանություններին ասել, որ արկածախնդիրն էլ եք դուք, անհեթեթություններ ասողներն էլ: Պարեկները Փաշինյանին Ռուսաստանից դժվար թե պաշտպանեն:

Ավետիս Բաբաջանյան