Ընդամենը մեկ քայլի խնդիր

Ընդամենը մեկ քայլի խնդիր

Ականապատ դաշտերի 8 նոր քարտեզ Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջի գրառումից հատված. «Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից անմիջապես արժանացավ խիստ բացասական և հեգնական արձագանքի, քննադատվեցին Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակվեց շահարկվել թեման և Հայաստանի դրական քայլը վերածվեց բացասական հռետորաբանության»։ Իսկապես ցավալի է, որ մեր հայրենիքը խաղալիք է դարձել այն երկրի ձեռքում, որին մենք արհամարհանքով էինք վերաբերվում 25 տարի շարունակ: Ակնհայտ է, որ այսօր ստանում ենք այդ վերաբերմունքի պատասխանը: Հասկանալի է, որ այն լինելու է շարունակական: Որին մեր այս վիճակում ո՛չ մենք ենք կարողանալու հակադարձնել և ո՛չ էլ մեկ ուրիշը մեր փոխարեն: Ցավալի է, որ մենք թշնամի դարձրինք մեր ռազմավարական գործընկեոջը՝ փոխարենը ձեռք չբերելով մեկ ուրիշին: Եվ վերջապես ցավալի է, որ մենք մեզ հնադարյան ու խելացի ազգ համարելով՝ կատարեցինք այնպիսի հիմար քայլեր, որ միայն նախամարդկանց խմբերը կարող էին անել: Ես, օրինակ, մեզ այնքան խելացի էի համարում, որ չպետք է կրկնեինք մեր հարևան վրացիների ու ո՛չ հարևան և ո՛չ էլ բարեկամ ուկրաինացիների սխալները:

Զարմանալի է, որ մեր երկրում որքան խելքը գլխին մարդ կա՝ դրանք բոլորը հասկանում են, որ այսօրվա վիճակից դուրս գալու միայն մեկ ելք կա: Դա Հայաստանի վարչապետի պաշտոնից Փաշինյան Նիկոլի հեռացումն է: Այն անձի, որը 2020 թվականի օգոստոսին Սարդարապատում հոխորտում էր Իլհամի դեմ, իսկ նույն թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ դարձել է նրա կամքի հլու և հնազանդ կատարածուն: Իսկ վերջինիս կամքը, ինչպես երևում է, մեզ ստորացնելու և մեր երկրից հնարավորինս առավելագույնը ստանալու առումով անսահման է: Եվ դրան վերջ կտրվի, եթե, կրկնվեմ, պաշտոնից հեռացվի ընդամենը մեկ անձ: Զարմանալի է, որ Հայաստանի Ազգային ժողովում հավաքված ահելներն ու ջահելները դա չեն գիտակցում: Կամ եթե գիտակցում են, ապա չեն համարձակվում դրա դեմն առնել: Չեն համարձակվում ընդամենը մեկ քայլ անել և ոչ թե շաբաթներով փողոցներում քայլել ու խաչմերուկներ փակել: Եվ այդ մեկ քայլի շնորհիվ մեր հայրենիքը դուրս հանել ստորացումից, իսկ պետականությունը՝ կործանման սպառնալիքից: Ինչի հետևանքով իրենք ևս վստահորեն կունենան կորուստներ՝ թե՛ ունեցվածքային և թե՛ անգամ հարազատների առումով: Քանի որ X պահին թշնամին չի տարբերակելու՝ թե ով է շարքային հայրենասերը, իսկ ով հայրենիքը թշնամուն հանձնելու պատրաստ իշխանավորը: 

Հայաստանի ԱԳՆ-ում, օրինակ, գիտակցում են, որ թշնամի երկրի ղեկավարի ախորժակը փակել հնարավոր չէ: Դրա մասին է վկայում վերը բերված մեջբերումը: Բայց ո՛չ այդ կառույցը և, բնականաբար, ո՛չ էլ նրա ղեկավար Միրզոյան Արարատը ոչինչ անել չեն կարող իրադրության փոփոխության նպատակով: ԱԳՆ-ն վարչապետի աթոռից կառչած անձին  ենթակա կառույց է, իսկ Միրզոյան Արոն՝ Նիկոլի կամքը կատարելու նպատակով այնտեղ ուղարկված մեկը: Եվ, ըստ այդմ, ԱԳՆ-ին ընդամենը կարող ենք շնորհակալություն հայտնել, որ այդ կառույցը ժամանակ առ ժամանակ անտարբեր հայաստանցիներին հիշեցնում է, որ Նիկոլի վարչապետությամբ մենք ձեռք ենք բերելու ոչ թե խաղաղություն, այլ հերթական պատերազմը: Իսկ դրա ծագման դեպքում կորուստներ են ունենալու թե՛ հայրենասերները և թե՛ իշխանավորներն ու անտարբերները: