Ինչու է Ռուսաստանն ուզում Հայաստանին զրկել ինքնիշխանությունից 

Ինչու է Ռուսաստանն ուզում Հայաստանին զրկել ինքնիշխանությունից 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության 2023 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանը չի ուզում, որ Սյունիքում տեղակայվեն ռուս սահմանապահներ`ադրբեջանա-հայկական սահմանին իրականացվի չեզոք սահմանային և մաքսային հսկողություն,Հայաստանը ցանկանում է, որ այդ հսկողությունը իրականացվի իր կողմից: Ըստ Լավրովի՝ Արևմուտքը թույլ չի տալիս, որ Հայաստանը համաձայնվի Ռուսաստանի այս պահանջին, որի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Լավրովը նկատի ունի 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: 

Մի կողմ թողնենք այն փաստը, որ հայտարարության մյուս բոլոր 8 կետերը վաղուց խախտվել են, կորցրել են իրենց ակտուալությունը`Լաչինի միջանցք գոյություն չունի, Արցախը հայաթափված է, իսկ ռուս խաղաղապահները այդպես էլ ոչինչ չարեցին արցախահայության անվտանգությունը ապահովելու համար, դրանք անցյալում են: Ավելի անհանգստացնողն այն է, որ այդքանից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը  խոսում է հայտարարության 9-րդ կետի մասին, և պահանջում, որ Հայաստանը կատարի այդ կետը, այն էլ ռուսական կողմի մեկնաբանությամբ: Ռուսաստանը դեռ փորձում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից, Հայաստանի շահերի ոտնահարման միջոցով ապահովել ռուսական շահը:

Հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանի երկու հատվածների միջև «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները», միայն ճանապարհի վերահսկողությունը, ոչ թե մաքսային կամ սահմանային հսկողություն: Բայց փորձեմք հասկանալ, թե Ռուսաստանի ինչին է պետք, որ հենց ինքը իրականացնի սահմանային և մաքսային հսկողություն, փորձելով այս գործառույթը խլել Հայաստանից,: Հնարավոր է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի երկուստեք շահավետ և ոչ հրապարակային պայմանավորվածություն: Ինչպիսին կարող է լինել այդ պայմանավորվածությունը կամ ինչու է Ռուսաստանը արդեն երեք տարուց ավելի ճնշում բանեցնում Հայաստանի վրա, պարտադրելով, որ Հայաստանը համաձայնվի ճանապարհի հսկողությունը հանձնել Ռուսաստանին, և ինչու է Ադրբեջանը համաձայն այդ տարբերակին, Ադրբեջանի համար ինչ տարբերություն՝ մաքսային և սահմանային հսկողությունը Հայաստանն է իրականացնում, թե Ռուսաստանը:

Ռուսաստանը Հայաստանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի գործարկմամբ կարողանում է կապվել Իրանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանն էլ է կարողանում կապվել Թուրքիայի հետ: Ադրբեջանը Իրանի հետ ցամաքային մեծ սահման ունի, բայց երկաթուղային հասանելիություն չունի, Հայաստանի միջոցով ստանում է նաև երկաթուղային հասանելիություն Իրանի հետ. Թուրքիայի հետ կապն էլ իրականացվում է Վրաստանի միջոցով: Բայց որ այդ տրանսպորտային միջանցքը գործի, պետք է նաև երրորդ կողմի`Հայաստանի համաձայնությունը, քանի որ տարածքը, որը Ռուսաստանը և Ադրբեջանը կապում է Իրանի և Թուրքիայի հետ անցնում է Հայաստանով: Հնարավոր է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը նախապես պայմանավորվել են, որ Ռուսաստանը Հայաստանին դուրս է թողնում խաղից, նրանից խլելով իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, և այդ տրանսպորտային միջանցքը շահագործում են երկկողմանի պայմանավորվածությամբ:

Հիմա ենթադրենք, որ  Ռուսաստանին հաջողվել է Հայաստանից խլել այդ ճանապարհի նկատմամբ ունեցած վերահսկողությունը, և ինքն է իրականացնում սահմանային և մաքսային հսկողությունը, որով Ադրբեջանը կարող է երկաթուղային կապ հաստատել Իրանի և Թուրքիայի հետ, Ադրբեջանն էլ ունի տարածք, որով Ռուսաստանը կարող է կապվել Իրանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանին պետք է, որ իր ապրանքները և քաղաքացիները առանց սահմանային և մաքսային հսկողության անցնեն դեպի Նախիջևան, Թուրքիա և Իրան, դրա դիմաց նա կարող է իր համաձայնությունը տալ, որ Ռուսաստանի ապրանքներն էլ առանց սահմանային և մաքսային հսկողության հասնեն Իրան կամ Թուրքիա: Միանգամայն շահավետ գործարք երկու երկրների միջև: Ռուսաստանը Իրանից մեծ քանակությամբ զենք և զինամթերք է գնում, վերջին տեղեկություններով՝ նաև բալիստիկ հռթիռներ, Իրանին վաճառելով հացահատիկ, արդյունաբերական նշանակության արտադրանք: Իրանի տարածքով Ռուսաստանը ցանկություն ունի հասանելիություն ստանալ Պարսից ծոցի երկրներ, որոնց Ռուսաստանը համարում է իր ռազմավարական դաշնակիցն ու այլընտրանքային շուկաները փակված եվրոպական շուկայի դիմաց: Եթե Հայաստանը ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների  համար մաքսային և սահմանային հսկողություն իրականացնի, ապա Ադրբեջանի համար որևէ իմաստ չի ունենա Ռուսաստանի ապրանքների համար առանց հսկողության մուտք ապահովել դեպի Իրան և Թուրքիա, և գործարքը կկորցնի իր իմաստը, դրա համար Ռուսաստանին պետք է, որ հենց ինքը ունենա հսկողություն ճանապարհի նկատմամբ:

Բնական է, որ Ռուսաստանի դեմ պատերազմող Արևմուտքը չի կարող ողջունել ռուսական այս ծրագիրը, որը հնարավորություն է տալու Ռուսաստանին դուրս գալ շրջափակումից, և իր ապրանքների համար արտոնյալ մուտք ապահովել Իրան և Թուրքիա: Բացի այդ Արևմուտքը վերահսկողություն ունի Հայաստանի իշխանության նկատմամբ, և կարող է Հայաստանի միջոցով թույլ չտալ, որ Ռուսաստանը կարողանա անարգել զենքի ու զինամթերքի մատակարարումներ իրականացնի Իրանից: Նաև այդ պատճառով է, որ Ռուսաստանը կուզենար, որ Հայաստանով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհը գտնվեր իր հսկողության տակ:

Հնարավոր է, որ Ռուսաստանը տեսնելով, որ այն ինչ չի կարողանում Հայաստանից ստանալ շանտաժի և սպառնալիքների միջոցով, հրահրի Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որ Ադրբեջանը գրավի միջանցքը և գործարքը իրականացվի առանց Հայաստանի մասնակցության: Սա, իհարկե, հնարավոր սցենար է, բայց եթե Ադրբեջանը գրավի Սյունիքը կամ դրա մի մասը, ապա կարող է ընդհանրապես կորցնել հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ: Որովհետև ռուս-ադրբեջանական գործարքը իմաստ ունի, եթե Ռուսաստանը այդ ճանապարհի գոնե մի հատվածի նկատմամբ վերահսկողություն ունի, իսկ Ադրբեջանը գրավելով Սյունիքի մի մասը, այն չի հանձնի Ռուսաստանի վերահսկողությանը: Բայց հնարավոր է այլ տարբերակ ևս. Ադրբեջանը գրավում է Սյունիքը, իսկ ռուսական ազատարար բանակը գալիս և այն հետ է գրավում Ադրբեջանից, վերահսկողություն հաստատելով Սյունքի նկատմամբ, և ծրագիրը իրականացվում է ըստ պայմանավորվածության: Բայց այս դեպքում էլ Ադրբեջանն ընկնելու է արևմտյան պատժամիջոցների ու ճնշման տակ, որը հղի է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներով: Բացի Արևմուտքից, այդ ծրագրին կտրականապես դեմ է նաև Իրանը, որը թեև կարող է օգտվել Ռուսաստանի հետ երկաթուղային կապի հաստատումից, բայց մտահոգություն ունի, որ Ռուսաստանը մի գեղեցիկ օր այդ միջանցքի վերահսկողությունը կարող է հանձնել Թուրքիային և Ադրբեջանին՝ իրեն թողնելով այդ երկրների շրջափակման մեջ:

Ավետիս Բաբաջանյան