Հայաստանն Էկվադոր չէ, որ «երկիրը ղեկավարելու մտավոր ունակության բացակայության» համար վարչապետ պաշտոնազրկեն

Հայաստանն Էկվադոր չէ, որ «երկիրը ղեկավարելու մտավոր ունակության բացակայության» համար վարչապետ պաշտոնազրկեն

1997 թվականին Էկվադորի խորհրդարանը պաշտոնազրկեց երկրի նախագահ Աբդալա Բուկարամ Օրտիսին՝ «երկիրը ղեկավարելու մտավոր ունակության բացակայության» հիմնավորմամբ: Աբդալա Բուկարամին թվում էր, թե ամեն ինչ գիտի, բոլորին կարող է ամեն ինչ սովորեցնել, ինքը վազքի չեմպիոն է` 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերում Էկվադորի թիմի դրոշակակիրը, բայց իրականում նա սովորական պոպուլիստ էր, ում երկրի խորհրդարանը հեռացրեց պաշտոնից, թեեւ ընտրվել էր համաժողովրդական քվեարկության արդյունքում: Հայաստանի խորհրդարանը նման բան չի անի, թեեւ Փաշինյանը ոչնչով չի տարբերվում Աբդալա Բուկարամից, նա կառավարության նիստում բոլորին կոչ է անում սովորել. սովորել ճանապարհ կառուցել, սովորել դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցել, նույնիսկ պետություն կառուցել, ընդունելով, որ ինքը եւ իր կառավարության անդամները պետություն կառուցելու համար բավարար գիտելիք եւ փորձառություն չունեն, բայց, դրանով հանդերձ, շարունակում է մնալ պետության ղեկին՝ կառուցելու փոխարեն քանդելով ու ավիրելով պետությունը: Հնարավոր է, որ նա համարում է, որ թեեւ ինքը չունի պետություն կառուցելու գիտելիք եւ փորձառություն, բայց Հայաստանում որեւէ մեկը չունի այդ գիտելիքը, ինքը գոնե այդքանն ընդունում եւ գիտակցում է եւ փորձում է սովորել: Չնայած արդյունքները ցույց են տալիս, որ նա 6 տարում առաջընթաց չունեցավ ուսումնառության մեջ, ինչի ապացույցը Հայաստանի օրեցօր վատթարացող վիճակն է: 

Փաշինյանի ցանկացած հայտարարություն կարելի է դիտարկել որպես նրա ապաշնորհության խոստովանություն: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բողոքում է, որ դպրոցաշինության այդքան գովազդվող ծրագիրն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ կան բնակավայրեր, որտեղ դպրոցներ են կառուցվում, բայց այդ դպրոցներում սովորող աշակերտների քանակը բավարար չէ: Փաշինյանը միանգամից ընդունում է նախարարի այս դիտողությունը եւ ասում. «Մենք հիմա կառուցվող դպրոց ունենք մի բնակավայրում, որտեղ այս պահին կա 25-30 աշակերտ, բայց դպրոցը, որը կառուցվում է, նախատեսված է 100-140 աշակերտի համար, մյուս տարի մենք դպրոցը կկառուցենք կավարտենք, բայց աշակերտ չկա այնտեղ, որտեղի՞ց են գալու այդ աշակերտները: Մենք արձանագրել ենք պրոբլեմը, բայց կարեւոր է, որ մենք առաջ ենք գնում եւ գալիս ենք լուծումների, որոնք հետաքրքիր կլինեն: Մենք ասում ենք` շատ լավ, այստեղ դպրոցն ունենք, արեք մտածենք գյուղի բնակչությունն ավելացնելու մասին: Մենք հիմա բնակարանի կառուցման կամ բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագիր ունենք, շահառուներ ունենք, որոնց կարող ենք ասել` եթե բնակարանը կառուցում եք, այ, այս գյուղում, որտեղ մենք մոդուլային դպրոց ենք կառուցում, ուրեմն գործակիցը 20, 30 կամ 40 տոկոսով ավել գումար ենք տալիս: Տանենք այդ դպրոցի կողքը ամբուլատորիա ունենանք, ճանապարհաշինարարության ծրագրերն այդտեղ ուղղորդենք»:

Փաշինյանն ընդունում է, որ 25 աշակերտ ունեցող գյուղում 100 տեղանոց դպրոցի կառուցումը պետական միջոցների վատնում է, որի համար ինքն ու իր կառավարության անդամները պետք է պատասխանատվություն կրեն, բայց իր սխալն ընդունելու փոխարեն նա ուզում է ասել, թե սխալը կարելի է ուղղել ավելի մեծ պետական միջոցներ վատնելու միջոցով: Հայաստանում գյուղերը դատարկվում են, երկիրը դատարկվում է, եւ դրա պատճառն այն չէ, որ գյուղում ամբուլատորիա կամ մանկապարտեզ չկա: Եթե նույնիսկ գյուղում երկու ամբուլատորիա կառուցես, մարդիկ հետ չեն վերադառնա այդ գյուղ, որտեղ չկա անվտանգություն, որտեղ չկան աշխատելու եւ եկամուտ ստանալու համար բավարար պայմաններ: 
Կառավարության նիստին ներկա են տասնյակ մարդիկ` նախարարներ, կոմիտեների նախագահներ, տարբեր պետական կառույցների ղեկավարներ, այդ թվում՝ մարզպետներ, եւ նրանից մեկը ձայն չի խնդրում եւ չի ասում, որ՝ պարոն Փաշինյան, որ նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ կան ասֆալտապատ ճանապարհներ, կան նորակառույց դպրոց ու ամբուլատորիա, միեւնույն է` մարդիկ իրենց բնակարանները վաճառում եւ գնում են գյուղից, երկրից, որովհետեւ հնարավոր չէ դպրոց ու ամբուլատորիա կառուցելով Ներքին Հանդի, Սոթքի, Շուռնուխի, Նորաբակի եւ տասնյակ այլ անպաշտպան մնացած գյուղերի բնակիչներին հետ վերադարձնել իրենց տներ, ուր մնաց, որ նոր մարդիկ գան եւ ապրեն այդ գյուղերում:

Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեռնում է, գյուղատնտեսական արտադրության ծավալներն անընդհատ նվազում են, որովհետեւ անգամ Արարատյան դաշտի գյուղերի բնակիչներն են ավելի շահավետ համարում գնալ Երեւան` տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, քան սեփական հողը մշակել: Վերջերս Գերմանիայի կառավարությունը որոշել էր մի քիչ պակասեցնել ֆերմերներին տրվող սուբսիդիաները, մի քանի շաբաթ Գերմանիան կաթվածահար էր եղել ֆերմերների բողոքի ակցիաներից: Չէր որոշել դադարեցնել սուբսիդավորումը, այլ` մի չնչին չափով պակասեցնել: Փաշինյանն իշխանության գալով` առաջին քայլը, որ արեց, գյուղատնտեսության նախարարությունը ոչնչացնելն ու նախորդ իշխանությունների կողմից գյուղացիներին պարարտանյութի կամ դիզվառելիքի գնման համար տրվող սուբսիդավորման ծրագրի դադարեցումն էր: Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է գյուղը դատարկելու համար, բայց դեմագոգիա է անում, թե տեսեք-տեսեք` դպրոց ենք կառուցում չեղած աշակերտների կամ ամբուլատորիա՝ չեղած հիվանդների համար: 
Հայաստանում հող մշակելը դարձել է ոչ եկամտաբեր, գյուղացիների մեծ մասը չի կարողանում հող մշակելով ապրել, բայց ահա գյուղում դպրոց կամ ճանապարհ կառուցելը միշտ էլ եկամտաբեր կլինի, եթե նույնիսկ գյուղում ընդհանրապես ոչ թե աշակերտ, անգամ մի կենդանի շունչ չլինի: Իսկ որքան մեծ լինի դպրոցը, այնքան եկամուտը մեծ կլինի: 20 աշակերտ ունեցող գյուղում կարելի է ոչ թե 140, այլ 1400 տեղանոց դպրոց կառուցել, եւ Փաշինյանը կհիմնավորի, որ շուտով այդ գյուղերը վերածվելու են քաղաքների եւ մեգապոլիսների: Կարեւորն այս պահին երկրի բյուջեից այդ փողը տանելն է, մանավանդ որ ինքը մտավախություն չունի, որ կմեղադրվի «երկիրը ղեկավարելու մտավոր ունակության բացակայության» մեջ եւ կպաշտոնազրկվի:

Ավետիս Բաբաջանյան