Իսկ ու՞մ պահանջով փոխեց Սահմանադրությունը Սերժ Սարգսյանը

Իսկ ու՞մ պահանջով փոխեց Սահմանադրությունը Սերժ Սարգսյանը

Եվ այսպես, Փաշինյանը պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը: Վստահորեն կարելի է ասել, որ, եթե չլինեն խանգարող անկանխատեսելի հանգամանքներ, ասենք ՝ բնական աղետ, պատերազմ,  կամ այլ խանգարող գործոն, ապա դա կանի՝ ուզենք թե չուզենք, քանի որ այդպես է ուզում իր «կիրթ ու կառուցողական» ընկերը: Երկրի պատմությունն ու քարտեզը փոխողի համար Սահմանադրությունն ի՞նչ է, որ չփոխի: Ու սահմանադրական այդ փոփոխությունները կդառնան Հայաստանի Հանրապետության քանդման վերջին արարը…Իսկ առաջին արարը սկսվեց, երբ սահմանադրությունը փոխեց Սերժ Սարգսյանը…

Սերժ Սարգսյանի «սրտի» նախագահը

Միայն իշխանությունը երկարաձգելու նպատակով հիմնավորել Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, թերի կլինի: Այդ ընթացքում նա կատարում էր քայլեր, որոնք այն ժամանակ հասկանալի ու ընկալելի չէին: Սակայն հետագայում, երբ նրա կարած «կոստյումի մեջ» իրեն փառահեղ զգալով Արցախը հանձնեց Նիկոլ Փաշինյանը, սկսեցին ավելի խորքային հարցեր առաջանալ. Փաշինյանի ձեռքը չբռնեց եւ ՀՀ Սահմանադրությանը տեր չկանգնեց Սերժ Սարգսյանի կողմից նշանակված՝ անհայտությունից «հոգեդարձ» եղած Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը իր վարչապետական աթոռի վրայից փախչելուց հետո Հայաստանում չէր ապրում: Նրա՝ քաղաքացիության «բարաթը» այդպես էլ ոչ ոք չտեսավ: Հայաստանում մոռացել էին  Արմեն Սարգսյանի գոյության մասին: Ինքն էլ, ըստ ամենայնի, մոռացել էր Հայաստանի մասին: Բայց այս ընթացքում նա հասցրել էր մեծ կապեր ստեղծել անգլոսաքսոնական աշխարհում: Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ուներ նախագահացուների լավ թեկնածուներ, գնաց, պեղեց ու ՀՀ նախագահ կարգեց Արմեն Սարգսյանին, ում թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ Փաշինյանը ՀՀ սահմանադրությունը խախտեց առանց սահմանափակումների, դրանց մասին թվարկելը երկար կտեւի, անդրադարձել ենք բազմիցս:

Սերժ Սարգսյանի երկրորդ կասկածելի նշանակումը

Սահմանադրական փոփոխությունների «օպերացիան» 2015-ին «բարեհաջող» իրականացնելուց հետո Սարգսյանն սկսեց աշխատել իր երկրորդ կասկածելի նշանակման ուղղությամբ. 2016-ին ԱԱԾ տնօրեն նշանակվեց նորից անգլիական հարուստ կապերով օժտված երկրորդ անձին՝ Գեորգի Կուտոյանին: Կուտոյանի նշանակումը դրական չընդունվեց ԱԱԾ-ական հնաբնակների ու պրոֆեսիոնալների կողմից. ԱԱԾ կադրային բազայում կային համապատասխան փորձառությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ, ինչու՞ էր Սարգսյանը շտապում՝ երիտասարդ Կուտոյանի հարցում:

Եվրոպաներում կրթություն ստացած երտասարդ Կուտոյանին Սերժ Սարգսյանն սկսեց շատ արագ անցկացնել անհրաժեշտ պաշտոնական բոլոր կաբինետներով, անգամ մի պաշտոնում նա մնաց մի քանի օր, միայն թե պահպանվի անհրաժեշտ «պրոտոկոլը», որ Կուտոյանին «օրենքին համապատասխան» կարողանա նշանակել ԱԱԾ տնօրեն:  

Հիշեցնենք, որ Կուտոյանի օրոք տեղի ունեցավ 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածը, որի կենտրանական դեմքերը, ինչպես պարզվեց հետագայում, թուրքական աղբյուրներից ու արեւմտյան տարբեր երկրների տարբեր կառույցներից սնված երիտասարդներ են: Կուտոյանը այդ ամենի մասին չգիտե՞ր, թե՞ գիտեր ու լռում էր: Իսկ Փաշինյանը հետագայում նրանից շնորհակալություն հայտնեց՝ հեղափոխությանը չխանգարելու համար: Կուտոյանի դերակատարումը կամ դրա բացակայությունը 2018-ի հայաստանակործան իրադարձության մեջ այդպես էլ գաղտնի կմնա,  քանի որ հետագայում նրան գտան իր տանը՝ հրազենից սպանված կամ ինքնասպանված…Կուտոյանն իր հետ շատ գաղտնիքներ տարավ…

Ու՞մ «գցեց» Սերժ  Սարգսյանը…

Սահմանադրական փոփոխություններից առաջ՝ 2014-ի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Սակայն 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Սերժ Սարգսյանը տարբեր հարցազրույցներում չէր բացառում վարչապետի պաշտոնում իր առաջադրումը։  Հիշեցնենք, որ այս ընթացքում եւ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն Մոսկվայից կանչեց Կարեն Կարապետյանին,  նա նաեւ Կրեմլի նախընտրած թեկնածուն էր: ՀՀԿ-ն նրա դեմքով անցկացնելով նախընտրական քարոզարշավը, բարձրացրեց իր քաղաքական վարկանիշը. Կարեն Կարապետյանի կերպարը ընդունվում էր շատերի կողմից, նա չէր ասոցացվում ՀՀԿ-ական «թալանչիների» հետ: Կարապետյանն էլ սիրով կպավ վարչապետական գործին: Սակայն,  երբ լրացավ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ՀՀԿ-ն հայտարարեց, որ որոշել են  վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին, երբ ամբողջ Հայաստանում ընթանում էին ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Հանրապետական էլիտան առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ ապրիլի 17-ին Սարգսյանը Ազգային ժողովում ընտրվեց վարչապետ՝ փաստացի հետ կանգնելով չորս տարի առաջ տված խոստումից։

Փաստորեն Սերժ Սարգսյանը իր շախմատային քայլով, մեղմ ասած՝ մոլորեցրեց թե ՛Կարեն Կարապետյանին, թե՛ հայաստանյան ընտրազանգվածին, թե՛ իր կուսակիցներից շատերին, թե՛ արտաքին աշխարհին:

Ինչպե՞ս այսօրվա իշխանավորները 2017-ին հայտնվեցին ԱԺ-ում

2017թ-ի ԱԺ ընտրություններում, երբ ՀՀԿ-ի թուրը աջ ու ձախ կտրում էր, «որքան ուզում էին, այնքան էլ խփում էին», ղուշն իր թեւով,  օձն իր պորտով չէր կարող մտնել ԱԺ, քանի որ , ինչպես խոստովանում էր Էդուարդ Շարմազանովը՝ բոլոր Ճանապարհներն անցնում են Մելիք Ադամյանով, անգամ ընդդիմադիրներն էին նշանակվում իշխանության կողմից, հանկարծ, ԱԺ-ում հայտնվեց «Ելք» դաշինքը, որի առանցքային դեմք Նիկոլ Փաշինյանը վաղաժամկետ ազատվել էր պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելուց: Նրա հետ «Ելքի» կազմում էին նաեւ վանաձորցի Էդմոն Մարուքյանը, ով դրան նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հովանավորությամբ հաղթեց Վանաձորի ամենավարկանիշային պատգամավորներից մեկին՝ Վիկտոր Դալլաքյանին: «Ելքի» շարքերում էին նաեւ այսօրվա իշխանության կարկառուն դեմքերը…

Եթե այս ամենին էլ հավելելնք, որ այսօրվա արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է, ու նրա անմիջական ներգրավվածությամբ է փոփոխվելու Սահմանադրությունը, ապա պատկերը դառնում է ամբողջական…

Հ/Գ Ինչպես տեսնում ենք՝ ամեն ինչ շատ խառն է ու շաղկապված իրար: Այսօր պարզ է, որ Փաշինյանը Սահմանադրությունը փոխում է Ալիեւի պահանջով: Իսկ ու՞մ պահանջով այն 2015-ին փոխեց Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ ո՛չ Ռուսաստանի…2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքը եղավ 2018-ի իշխանափոխությունն ու Արցախի կորուստը: Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենան Սահմանադրության փաշինյանական փոփոխությունները…կարելի է հետեւություններ անել…