Ինչ վիճակում է բանակը և որքանով է համալրվել

Ինչ վիճակում է բանակը և որքանով է համալրվել

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 32-ամյակը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայկական  բանակը մի քանի անգամ ռազմական բախումների մեջ է մտել ադրբեջանական բանակի հետ, երբ վերջիններս հարձակում են գործել Հայաստանի սահմանի ուղղությամբ՝ Սև Լիճ, Ջերմուկի հատված, Վարդենիսի ուղղությունը և այլն։ Այս ընթացքում իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են բանակի համար նոր սպառազինություն ձեռք բերելու մասին, վերջերս ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հայտարարեց, որ Ռուսաստանից ևս զենք է եկել Հայաստան։ Այնուամենյանիվ ինչպսի՞ վիճակում է բանակը այժմ, կարո՞ղ է Ադրբեջանի հարձակումը հետ մեղել։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ․

«Սկսենք նրանից, որ, այո, 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո մեր բանակը տեխնիկական մակարդակում աննախադեպ կորուստներ կրեց, և այս առումով, այո, որոշ քայլեր արվել են, որպեսզի մեր կորուստները լրահամալրվեն։ Բնականաբար, հարցը վերաբերում է ռազմական գաղտնիքին, ինքս ռազմական գաղտնիքի կրող չեմ, եթե լինեի կրող, չէի ասի, բայց, դատելով մամուլում հրապարակված որոշ լուրերից, որոշ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններից և այլն, որոշակի ձեռբերումներ, ամեն դեպքում կան։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հրետանային համակարգերին, որոնք ձեռքբերվեցին Հնդկաստանից, և մամուլում հայտարարվող թիվը բերում է այն հետևությանը, որ դրանք բավարար չէին մեր կորուստները համալրելու համար՝ համեմատած մինչպատերազմական վիճակի հետ, սակայն, այդուհանդերձ, ավելի լավ է դա, քան թե ոչինչ։ Նաև այլ ձեռքբերումներ կային, մասնավորապես ֆրանսիական ՀՕՊ համակարգեր, և ընդհանուր առամամբ, կրկին բաց աղբյուրների վրա հիմնվելով, կարող եմ ասել, որ ինչ-որ բան արվել է, և դա լավ է, բայց դեռևս չենք հասել մինչպատերազմական համակարգին գոնե քանակի առումով։ Որակի առումով էլ չենք հասել, թեև արևմտյան զենք- զինամթերքը իր միջին մակարդակում ավելի որակյալ է, քան ռուսականը, իսկ հնդկականը ես դնում եմ արևմտյան կոնցեպտի տակ։ Սա տեխնիկական մասով, որը, կարելի է ասել, այս պատմության մեջ ամենադրական մասն է, սակայն բանակը միայն տեխնիկա չէ, բանակը նաև, գուցե ավելի շատ լավ կառավարում է։ Այս հարցով ես չեմ կարող առանձնակի լավատեսություն ընդգծել»,- ասաց փորձագետը։ 

Մհեր Հակոբյանը անդրադարձավ նաև ատեստավորման պրոցեսին, որը իշխանությունները բանակում բարեփոխում են համարում․

«Վերջին տարիներին ամենամեծ բարեփոխումը որ արվեց, երևի, ատեստավորում կոչվածն էր, բայց, դատելով էլի բաց աղբյուրների հրապարակումներից, անհատական հարցումներից ու որոշ աղբյուրներից ստացված տեղեկություններից, ատեստավորումը չի հասնում այն խնդիրների իրագործմանը, որը հայտարարվել էր։ Մասնավորապես, օրինակ, ատեստավորման ընթացքում զգալի դեր է հատկացվում շարային ծառայությանը, ինչը, ես բազմիցս եմ իմ հանրային խոսքում ասել, անընդունելի է, և ընդհանրապես համարձակորեն պետք է այդ շարային կոչվածը հեռացնել բանակային զինվորական պատրաստությունից։ Նաև կառուցվածքային խնդրներ կան, օրինակ՝ սահմանային ծառայություն իրականացնող զինվորականը ավելի դժվար է ատեստավորումը հաղթահարում, որովհետև պատրաստվելու համար ժամանակ քիչ ունի, ավելի մեծ ծանրաբեռնվածության տակ է և այլն, դա այն դեպքում, երբ թիկունքային զինծառայողը ավելի շատ ժամանակ ունի։ Ասածիս տիպիկ օրինակը այն էր, որ ատեստավորման ամենալավ գնահատականը ստացավ պատպոպահակային վաշտի հրամանատարը։ Մենք հասնաո՞ւմ ենք, չէ՞, որ բանակի հիմնական ֆունկցիան ժամանակակից պայմաններում մարտական գործողություններն են, և պատվոպահակախումը, երաժշտական վաշտը կամ սպորտային վաշտը ընդգծված լրացուցիչ ֆունկցիա ունեն։ Եթե այդ ատեստավորում կոչվածը նորմալ լիներ, ապա, օրինակ, պետք է հատուկ նշանակության վաշտի զինծառայողներից մեկը հաղթեր՝ ֆիզիկապես ամենալավ պատրաստվածը, ամենալավը զենք կիրառողը, և մենք գիտենք, որ պատերազմը կհաղթի «սպեցնազի» զինվորը, այլ ոչ թե պատվո պահակախումբը։ Հիմա եթե ամենալավ գնահատականը ստանա պատվոպահակախմբի ներկայացուցիչը, դա անուղղակի ազդանշան է, որ ատեստավորումը այն չէ, ինչ պիտի լինի»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով նաև կառավարչական խնդիրներին․

«Այդ խնդիրները լայն իմաստով վերաբերում են երկրի կառավարման որակին, այդ թվում նաև այն հարցին, որ քաղաքական նախասիրություններով են նշանակվում բարձր ղեկավար պաշտոնյաները, այլ ոչ թե իրենց անձնական հատկանիշների ու անցած ուղու հիման վրա։ Արևմտյան կառույցների հետ մեր սպայակազմի ուսուցման պրոցեսն են զարգացրել այս տարիներին, և սա էլ երևի թե ամեն դեպքում դրական է, թեև այն, թե մեր սպաները ինչքան մասսայական են գնում, և հետ գալով ինչպես են իրենց կիրառությունը գտնում ռազմական համակարգում, քննարկելի է։ Ամփոփելով այս ամենը՝ կարող եմ ասել, որ անկասկած է, որ այժմ հայկական բանակը չի գտնվում այն վատ վիճակում, որում գտնվում էր 2021 թվականի սկզբին, բայց նաև անկասկած է, որ դեռևս հսկայական գործ կա անելու, իսկ արվողի տեմպերն էլ իմ համեստ կարծիքով այնքան էլ բավարար չեն։ Հնարավոր պատերազմի պարագայում ինչպե՞ս կդիմադրենք Ադրբեջանին՝ բարդ է, և այդ հարցը բարդանում է նաև այն լրացուցիչ հանգամանքով, որ պատերազմը միայն ռազմական գործողություններ չեն և նույնիսկ միայն ռազմավարչական կառավարում չէ, պատերազմը նաև քաղաքական խնդիր է, և այդ քաղաքական կառավարման մեջ շատ կարևոր տեղ ունի պետությանը արտաքին դիվանագիտական աջակցության հարցը։ Պայմանականորեն ասած՝ եթե մեզ վրա հարձակման պարագայում Արևմուտքը մեզ լիարժեք ռազմաքաղաքական աջակցություն ցույց տվեց, իսկ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ իրեն պահեց խելամիտ, ապա այդ դեպքում մի արդյունք կունենանք, իսկ հակառակ պարագայում՝ այլ արդյունք։ Պատերազմը միայն բանակի գործողություն չէ, հիմա եթե ընդունենք, որ ռազմաքաղաքական ղեկավարության վարքագծի և միջազգային աջակցության առումով գոնե բավարար կլինի ամեն ինչ, ապա վստահ եմ, որ Ադրբեջանին պատշաճ դիմադրություն ցույց կտանք, բայց․․․, իսկ այդ «բայցը» արդեն մյուս մակարդակներում է»,- ասաց ռազմական փորձագետը։