Ժամանակին մերոնք «Կուզկայի մորն» էին ցույց տալիս ՀԱՊԿ-ին, հիմա համատեղ ՀԱՊԿ վարկանիշն են բարձրացնում

Ժամանակին մերոնք «Կուզկայի մորն» էին ցույց տալիս ՀԱՊԿ-ին, հիմա համատեղ ՀԱՊԿ վարկանիշն են բարձրացնում

Արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստան ինչ-որ առումով նշանակալից էր․ տեւական ժամանակ առանց արտգործնախարար մնալուց հետո «պաշտոնական Երեւանը» գոնե փորձում է ռեսթարթի քայլեր անել կամ այդպիսի տպավորություն թողնել։ Մանավանդ որ բանակցությունների առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքն է՝ ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ 

Ընդլայնված կազմով բանակցություններից ու ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսին Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։ Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները եւ, մասնավորապես, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Սերգեյ Լավրովն էլ հայտարարեց, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում եւ Իլհամ Ալիեւի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ ազատ արձակել բոլորին, առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար, որի կարիքն այս պահին կա: Դա կարեւոր հումանիտար քայլ կլիներ»,- ասաց Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից, որպես պատասխան քայլ, ականապատման քարտեզների տրամադրումը: Եվ ի՞նչ։ 

Հարցն ուղղում ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին, որն ասում է․ «Դե, Ռուսաստանի քաղաքականությունն ակնհայտ ադրբեջանամետ է, ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Լավ է, որ գոնե քննարկում եղավ, Արարատ Միրզոյանը կարողացավ հարցադրումներ անել, հարցը բարձրացնել, այդ թվում՝ գերիների։ Բայց, կներեք, դա է, չե՞ք հասկանում, որ ՌԴ քաղաքականությունն ընդգծված պրոադրբեջանական է․․․ Դա հզոր երկիր է, որն առաջ է տանում Ադրբեջանի օրակարգերը։ Ու պատահական չէ, չէ՞, որ Լավրովն ասաց՝ դե, այդ քարտեզների հարցը մի կապեք ուրիշ հարցերի հետ։ Ու այսքան կոշտ պրոադրբեջանական քաղաքականության պարագայում դժվար է առաջ տանել հայկական հարցերը, օրակարգերը։ Բայց Միրզոյանը կարողացավ գոնե բարձրացնել»։ 

Իսկ մյուս առումներով Միրզոյանի հանդիպումը ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ արտաքուստ ջերմ էր․ Սերգեյ Լավրովը գովեց էլ, որ «Արարատ Սամվելովիչը մեզ լավ հայտնի է, մինչ այդ աշխատել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, իր ակտիվ ներդրումն է ունեցել մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերություններում»։ Նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց, որ Արարատ Միրզոյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա:

ՌԴ արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը նաեւ արձանագրեց, որ մեր հարաբերությունները ռիթմիկ են (ՌԴ ԱԳՆ տարածած տեղեկանքում նշված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի 66 անգամ խոսել են հեռախոսով, իսկ այս տարի 3 անգամ հանդիպել են եւ 14 հեռախոսազրույց ունեցել), փոխվարչապետերի մակարդակով էլ տնտեսական համագործակցությանը միտված աշխատանքային խմբերն են ակտիվ աշխատում, ռուսական կողմն ակտիվ կոնտակտներ ունի ՀՀ բոլոր գերատեսչությունների ու նախարարությունների հետ, եւ այդ ձեւաչափում քննարկվում են Եվրասիական տնտեսական միության ու անվտանգային հարցերին վերաբերող խնդիրներ՝ անգամ նորարարություններին ու տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող օրակարգեր։

Հաջորդ տարի պատրաստվում են մեծ շուքով նշել Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 եւ  Բարեկամության ու փոխօգնության երկկողմ համաձայնագրի 25-ամյակները։ Ասվեց, որ միջազգային խնդրահարույց հարցերի շուրջ փոխանակվել են «նման» կամ «համընկնող մտքեր», պայմանավորվել են, որ էլ ավելի կկոորդինացնեն քայլերն ու մոտեցումները միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ այլն։ 

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ ղեկավարությունը։ Սերգեյ Լավրովը հավելեց, որ միասին կաշխատեն ՀԱՊԿ-ի վարկը բարձրացնելու վրա։ ՀԱՊԿ-Հայաստան դրամատիկ փոխհարաբերությունների ֆոնին մի փոքր ֆանտաստիկ եւ նույնիսկ ցինիկ է հնչում սա՝ հաշվի առնելով այն զրո արձագանքը, որ ՀԱՊԿ-ն տալիս էր բոլորիս հայտնի հանգամանքին, որ մայիսի 12-ից Հայաստանում Սեւ լճի տարածքում է ադրբեջանական զինուժը։

Ավելին՝ այն, որ, ինչպես պնդում են ռուսաստանցի փորձագետները, Հայաստանն այս կազմակերպությունում ունի զրո կոնսենսուս։ Բայց Ստանիսլավ Զասի՝ Երեւան կատարած վերջին այցից ու պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի կոշտ ողջույնից հետո Երեւանն ու Մոսկվան ինչ-որ «դրական ազդակներ» են փոխանակում, եւ կոնտակտները՝ հատկապես պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, ինտենսիվացել են։

Բայց սա ՀԱՊԿ-Հայաստան դրամատիկ հարաբերությունների մեդալի մի երեսն է միայն։ Չմոռանանք ուղիղ երեք տարի առաջ այս օրերի իրադարձությունները, երբ հայակենտրոնությունն ու ինքնիշխանությունը, հա, մեկ էլ՝ ժողովրդավարությունն այցեքարտ դարձրած Նիկոլ Փաշինյանը, առանց հետ կանչելու այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, քրեական գործ հարուցեց նրա նկատմամբ։ Եվ ռուսաստանյան փորձագետներն ուղղակի պատռվում էին մեջտեղից՝ ասելով, թե դուք այդ ի՜նչ եք անում ՀԱՊԿ-ի վարկի հետ։

Օրինակներ էին բերում, ասում էին՝ պատկերացրեք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Սակայն Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան խոսակցության գաղտնալսումը բացեց խոհանոցը, եւ պարզ դարձավ, որ ինչ-որ մեկն այն ժամանակ տարված է ռուսներին «Կուզկայի մորը» ցույց տալու գաղափարով։ Բա որ «ՀԱՊԿ-ի պրեստիժն» այդքան կարեւոր էր, ուրեմն ինչո՞ւ էր Երեւանը 2018 թվականին այդքան ցավոտ խփում ու կատաղեցնում ռուսական կողմին, որը չհապաղեց հազարապատիկ ավելի ուժեղ հարվածներ հասցնել մեզ։ Հարցն ուղղեցինք Ստեփան Գրիգորյանին։ Նա, ի պատասխան, առաջարկեց այդ հարցն ուղղել Արարատ Միրզոյանին։ Բայց Արարատ Միրզոյանը հազիվ թե պատասխանի այդ հարցին, մյուս կողմից՝ Արարատ Միրզոյանն ինքնուրույն քաղաքականությո՞ւն է վարում։ Ուրեմն ուղղեք Նիկոլ Փաշինյանին։